04 Մայիս 2017
Հայ-իրանական սահմանն այցելուներին կներկայանա ժամանակակից չափանիշներով
Սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին
Սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին
 
 Պետական եկամուտների կոմիտեում սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին: Ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած սահմանային անցակետի շնորհիվ նախատեսվում է բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի և ապրանքաշրջանառության համար: «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը Հայաստանի հյուսիսային սահմանակետերի` Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի արդիականացման ծրագրերի շարունակությունն է»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը` հավելելով, որ վերափոխված շենքային պայմանները ժամանակակից չափանիշներին համապատասխան ընթացակարգեր կիրառելու հնարավորություն կստեղծեն` խթանելով բեռնափոխադրումների արագ սպասարկումը. «Մեղրիի անցակետի արդիականացմամբ կգործի «մեկ պատուհան» համակարգը, ինչի արդյունքում բեռնափոխադրողները և սահմանային անցակետը հատողները կշփվեն մեկ մարմնի հետ»: 

«Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագիրն իրականացնում է Միավորած ազգերի կազմակերպությունը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ: Անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը ծրագրի տնտեսական և տեխնիկական հիմնավորումների վերաբերյալ էր. «Ծրագրի նպատակն է ունենալ միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ, որը կնպաստի առևտրի և բիզնես միջավայրի բարելավմանն` այդ թվում ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին»,- ընդգծել է ծրագրի ղեկավար Արսեն Ավետիսյանը:

Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը: Երկու երկրների սահմանակետերի համատեղ օգտագործման շրջանակում նախատեսվում է իրականացնել տեղեկատվության առցանց փոխանակում: