04 Հուլիս 2018
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին
Հայաստանի մաքսային ծառայությունը միաձայն ընտրվել է Աուդիտի կոմիտեի անդամ` 3 տարի ժամկետով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը հունիսի 28-ից 30-ը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին:  Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների և ենթակոմիտեների նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր, մասնավորապես ապրանքների դասակարգումը, մաքսային արժեքի որոշումը, սահմանային համագործակցությունը, «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի զարգացումները և այլն: 

Նիստի ընթացքում տեղի է ունեցել ՀՄԿ գլխավոր քարտուղարի ընտրություն, որի արդյունքում այդ պաշտոնում վերընտրվել է Ճապոնիայի մաքսային ծառայության թեկնածու Կունիո Միկուրիան` 5 տարի ժամկետով: 

Իսկ Քաղաքականության հանձնաժողովի ֆինանսական և աուդիտի կոմիտեների անդամների ընտրությունների արդյունքում Հայաստանի մաքսային ծառայությունը միաձայն ընտրվել է Աուդիտի կոմիտեի անդամ` 3 տարի ժամկետով: ՀՄԿ 182 անդամներից Աուդիտի կոմիտեում ներկայացված է 12-ը: Հայաստանի մաքսային ծառայությունը Նորվեգիայի մաքսային ծառայության հետ միասին Աուդիտի կոմիտեում ներկայացնելու են ՀՄԿ Եվրոպական տարածաշրջանը:

Համաշխարհային մաքսային կազմակերպության հաջորդ տարեկան նստաշրջանը տեղի կունենա 2019թ. հունիսին Բրյուսելում: