28 Հունիս 2018
ՊԵԿ պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 22-րդ ընդհանուր վեհաժողովին
Ներկայացվելեն հարկային վարչարարության գործընթացների թվայնացման ուղղությամբ ՀՀ հարկային մարմնի աշխատանքները

Հունիսի 25-ից 27-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացել է IOTA-ի 22-րդ ընդհանուր վեհաժողովը, որն այդ կազմակերպության առավել ներկայացուցչական միջոցառումն է: Վեհաժողովին մասնակցել են IOTA-ին անդամակցող հարկային մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև միջազգային կառույցների, բիզնեսի և գիտական օղակների ներկայացուցիչներ: Այս տարվա վեհաժողովի թեման էր՝ «Թվայնացման ազդեցությունը հարկային վարչարարման վերափոխման վրա»: 

Վեհաժողովի շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է հարկային վարչարարության գործընթացների թվայնացման ուղղությամբ ՀՀ հարկային մարմնի կողմից կատարվող աշխատանքները, համառոտ նկարագրել է ՊԵԿ-ում կիրառվող նորարարական ծրագրերը, այդ թվում՝ էլեկտրոնային հաշվետվությունների, էլեկտրոնային հաշիվների, հարկերի էլեկտրոնային վճարման, առցանց ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների և երրորդ կողմերից տեղեկությունների էլեկտրոնային հավաքագրման ու մշակման համակարգերը:

Վեհաժողովի պաշտոնական մասի ընթացքում Բելգիայի հարկային մարմնի ներկայացուցիչ Հանս դը Հոնդտն ընտրվել է կազմակերպության նախագահ:  Վեհաժողովը հաստատել է կազմակերպության գործունեության նոր ծրագիրը և 2019 թվականի բյուջեն: Վեհաժողովի ընթացքում կայացել են երկկողմանի հանդիպումներ օտարերկրյա հարկային մարմինների պատվիրակությունների ղեկավարների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու համագործակցությունը Ուկրաինայի հարկային մարմնի հետ: 

IOTA-ի հաջորդ ընդհանուր վեհաժողովը կանցկացվի գալիք տարի Բելգիայում: