02 Հուլիս 2018
ՀՀ ՊԵԿ-ը մասնակցել է առցանց ՀԴՄ-ների կիրառմանը նվիրված միջազգային սեմինարին
Քննարկվել են առցանց ՀԴՄ-ների համակարգերի առանձնահատկությունները

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Հարկային վարչարարության ֆորումի հովանու ներքո՝ հունիսի 28-ից 29-ը Բուդապեշտում (Հունգարիա) անց է կացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կազմակերպված սեմինարը, որին մասնակցել է նաև ՀՀ հարկային մարմինը՝ ի դեմս ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի:  

Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են առցանց ՀԴՄ-ների համակարգերի առանձնահատկությունները, փոխանակել նման համակարգերի ձևավորման և ներդրման փորձը, համակարգերի օգտագործման ընթացքում առաջացող բարդությունների և առավելությունների վերաբերյալ կարծիքները: Հատուկ ուշադրություն է հատկացվել առցանց ՀԴՄ-ներից ստացվող «մեծ տվյալների» հոսքի առավել արդյունավետ օգտագործման եղանակների հայթայթմանը: Մասնավորապես ՌԴ պատվիրակության ղեկավար Մ.Միշուստինի կողմից ներկայացվել է Ռուսաստանում գործող ՀԴՄ-ների էլեկտրոնային համակարգը: 

Սեմինարի ընթացքում կայացած երկկողմ հանդիպումների ժամանակ ՌԴ պատվիրակության հետ քննարկվել են էլեկտրոնային ուղղեկցող փաստաթղթերի, ռիսկերի կառավարման համակարգի և հարկային վարչարարական այլ գործիքների կիրառմանը վերաբերվող հարցեր: