14 Մարտ 2019
ՊԵԿ պատվիրակության աշխատանքային այցը Վրաստան
Քննարկվել են տրանսպորտային միջոցների ԵՎ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՎՀ եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրության ստորագրման և տվյալների փոխանակման տեխնիկական իրագործմանն առնչվող հարցեր: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել արձանագրության բովանդակության շուրջ: Փաստաթուղթը կստորագրվի երկու երկրներում ներպետական ընթացակարգեր անցնելուց հետո: Այցը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ: Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԶԾ-ի ներկայացուցիչը: 

Ի դեպ, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրություն արդեն իսկ ստորագրված է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության հետ, ընթանում են համապատասխան համակարգի մշակման աշխատանքները:

Հարևան պետությունների մաքսային մարմինների հետ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման շնորհիվ հնարավոր կլինի ստացված նախնական տվյալների հիման վրա կիրառել թիրախային հսկողություն, ինչպես նաև կրճատել մաքսային ընթացակարգերով տրանսպորտային միջոցների և ապրանքների ձևակերպումների ժամանակը՝ մի շարք գործողությունների կրկնողության բացառման շնորհիվ: