25 Ապրիլ 2019
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում հարկային մարմինների համագործակցության մեխանիզմի վեհաժողովին
Ապրիլի 18-ից 20-ը Չինաստանի Վուժեն քաղաքում կայացել է...

Ապրիլի 18-ից 20-ը Չինաստանի Վուժեն քաղաքում կայացել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության մեխանիզմի (ԲՐԻՏԱՔՈՄ-BRITACOM) գծով առաջին վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը:

Վեհաժողովին մասնակցել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության 34 անդամ և 22 դիտորդ պետությունների հարկային մարմինների ղեկավարներ, Չինաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի  միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունների և միջազգային այլ կառույցների, կրթական համալիրների և բազմազգ ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Վեհաժողովի ընթացքում պատվիրակությունները ստորագրել են հարկային վարչարարության համագործակցության մեխանիզմի հիմնադրման փոխըմբռնման հուշագիր, իսկ ԲՐԻՏԱՔՈՄ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Չինաստանի հարկային մարմնի ղեկավար Վանգ Ջունը: 

Նշենք, որ ԲՐԻՏԱՔՈՄ-ը միջազգային նորաստեղծ կառույց է: Նպատակը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road) նախաձեռնության շրջանակում համագործակցող կողմերի հարկային մարմինների միջև փոխգործակցությունը դյուրացնելն է` հարկ վճարողների սպասարկման, հարկային վեճերի լուծման և հարկային մարմինների կարողությունների զարգացման ասպարեզներում: