26 Հուլիս 2019
ՊԵԿ պատվիրակությունը Բաթումիում մասնակցել է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային համաժողովին
Ուղենշվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Բաթումիում մասնակցել է «Վրաստանն ընդդեմ կեղծարարության և ապօրինի առևտրի» խորագրով  միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ։ Քննարկվել են մտավոր սեփականության պաշտպանության և կեղծարարության դեմ պայքարի ժամանակակից մոտեցումներին վերաբերյալ հարցեր։ 

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության իրավական դաշտը և գործընթացը, այդ թվում՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող ռիսկերի կառավարման համակարգում տեղայնացված ռիսկի ավտոմատ պրոֆիլների հիման վրա իրականացվող հսկողությունը։ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցիչները մասնակցել են նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին և մարտահրավերների վերաբերյալ թեմատիկ քննարկումների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Ադրբեջանի և Թուրքիայի մաքսային մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: