02 Հոկտեմբեր 2019
ՊԵԿ-ում մեկնարկել է «Աջակցություն հարկային վարչարարությանը» ծրագիրը
Ծրագրի նպատակն է՝ օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում

Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 2-ին պաշտոնապես մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը» ծրագիրը: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը. «ՊԵԿ-ը մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորորարարական մոտեցումների անհրաժեշտություն, և գուցե դա է պատճառը, որ այսօրվա համակարգը, որպես այդպիսին, ֆունկցիոնալության և աշխատանքների կազմակերպման տեսանկյունից քիչ է զիջում զարգացած երկրների համանման կառույցներին»:

«Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը» ծրագրի նպատակն է՝ օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում, նպատակ ունենալով նվազեցնել ոչ ֆորմալ տնտեսությունը, ներքին ռեսուրսների կարողությունների հզորացմամբ՝ ավելացնել հարկային եկամուտները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 18 ամսվա ընթացքում:

Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ Ֆրանս (Expertise France) գործակալության կողմից իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարությանը» ծրագիրը հանդիսանում է ՀՀ կառավարությանը տրամադրված աջակցության մաս: 

Ծրագրի բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Ֆրանսիական զարգացման գործակալության և Էքսպերտիզ Ֆրանս կազմակերպության ներկայացուցիչները, փորձագետներ, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ: