16 Սեպտեմբեր 2009
Հայաստանը մաքսային բարեփոխումների ոլորտում լուրջ արդյունքների է հասել
Doing Business զեկույցի արդյունքներով` սահմանային առԵՎտրի բարելավման ուղղությամբ արձանագրած ցուցանիշներով Հայաստանը երկրորդ տեղում է Վրաստանից հետո:
Doing Business  զեկույցի արդյունքներով` սահմանային առևտրի բարելավման ուղղությամբ արձանագրած ցուցանիշներով Հայաստանը երկրորդ տեղում է Վրաստանից հետո:
 
«Որևէ այլ երկրում բարեփոխման այսպիսի կտրուկ առաջընթաց չի արձանագրվել: Կարելի է ասել` էական թռիչք ենք կատարել. 183  երկրների ցուցակում առաջ ենք անցել միանգամից 34 կետով` 136-ից հայտնվելով 102-րդ տեղում»,- փաստում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը` անդրադառնալով Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի /IFC/ կողմից օրերս հրապարակված Doing Business  զեկույցի /www.doingbusiness.org/ արդյունքներին:

 Արդեն մոտ 5 տարի է` Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան   տնտեսության և բիզնես միջավայրի հետազոտություն է իրականացնում   աշխարհի 183 երկրում. ուսումնասիրվում են տնտեսության մի քանի կարևորագույն ոլորտներ, այնուհետև գնահատականներ են տրվում ըստ որոշակի չափանիշների, որոնցով հիմնականում պայմանավորվում է տվյալ երկրում բիզնեսի գործունեության դյուրինությունն ու արդյունավետությունը: Ուսումնասիրվող կարևորագույն ոլորտներից է մաքսային համակարգը, որի աշխատանքի արդյունավետությունն էլ գնահատվում է` ելնելով երեք հիմնական չափանիշներից` փաստաթղթաշրջանառության կրճատում, մաքսային ընթացակարգերի պարզեցում և մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատում. «Այսօր ամբողջ աշխարհը լուրջ ուշադրություն է դարձնում այս միջազգային կառույցի` տնտեսության վերաբերյալ տված գնահատականներին, հատկապես եթե անհրաժեշտ է օբյեկտիվ գնահատական ստանալ երկրում բիզնես միջավայրի գործունեության վերաբերյալ: Ի դեպ, այլ միջազգային կազմակերպությունների համեմատ` Doing Business-ի ուսումնասիրություններն ամենից առաջ առանձնանում են հենց գնահատականների օբյեկտիվությամբ: Իրենց առաքելության ընթացքում կառույցի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունենում ոչ միայն պաշտոնյաների, այլ առավելապես բիզնեսի տարբեր ոլորտների, ինչպես նաև գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ընդ որում, մենք ընդհանրապես տեղյակ չենք լինում, թե որ գործարարների կամ կազմակերպությունների հետ են հանդիպում: Մենք անգամ ծանոթ չենք նրանց մեթոդաբանությանը, որն ի դեպ բավականին բարդ է»,- հայտնում է Ա. Շաբոյանը: Ըստ նրա` այս զեկույցին մեծ ուշադրություն է դարձվում ինչպես հանրապետության ղեկավարության, այնպես էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից, ում գլխավորությամբ կազմվել էին հատուկ աշխատանքային խմբեր`  առաքելության ներկայացուցիչներին կազմակերպչական հարցերով օժանդակելու նպատակով: Վերջիններս այցելել են Արարատյան մաքսատուն, ծանոթացել մաքսային բրոքերների աշխատանքին, մի քանի անգամ  եղել են Բագրատաշենի մաքսակետում` տեղում ծանոթանալու արտահանման և ներմուծման ընթացակարգերին, հատկապես դրանց ուղղությամբ իրականացված  աշխատանքներին: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի` հաշվետու տարվա ընթացքում`2008թ. հունիսից մինչև 2009թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, մաքսային համակարգի բարեփոխման նպատակով իրականացվել է ավելի քան 30 միջոցառում` այդ թվում 12-ը` մաքսային ընթացակարգերի ու փաստաթղթաշրջանառության կրճատման ուղղությամբ. «Առաքելությունն իրականացնողներն իրենք էլ տեղում համոզվել են, որ  բարեփոխումներն իրոք իրականացվել  և իրականացվում են` առավել դյուրին դարձնելով գործարարությամբ զբաղվելը:  Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրել էինք, որպեսզի վերջնական զեկույցում հայտնվեինք  առաջատար դիրքերում, սակայն միանգամից 34 քայլով առաջընթացը սպասվածից ավելին էր: Կարծում եմ չեմ սխալվի, եթե նշեմ, որ սա ամենաօբյեկտիվ գնահատականն է մեր կատարած աշխատանքի վերաբերյալ: Իհարկե այս գնահատականը նաև խիստ պարտավորեցնող է, և մենք  նույն ոգով շարունակելու ենք մաքսային համակարգի բարեփոխումները` հաջորդ տարում ևս լուրջ արդյունքներ արձանագրելու համար»,-վստահեցնում է ՊԵԿ նախագահի տեղակալը: