01 Օգոստոս 2008
Էլ ավելի է բարձրացվում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման արդյունավետությունը, բարելավվում է քաղաքացիների ընդունելության ընթացակարգը
Մաքսային պետական կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի` օգոստոսի 1-ի հրամանով հաստատվել է Մաքսայինի ղեկավարի ԵՎ նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կարգը: Այն սահմանում է Կոմիտեի ղեկավարության կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման ընթացակարգն ու պայմանները:
Մաքսային պետական կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի` օգոստոսի 1-ի հրամանով հաստատվել է  Մաքսայինի ղեկավարի և նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կարգը:  Այն սահմանում է  Կոմիտեի ղեկավարության կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման ընթացակարգն ու պայմանները:

Կարգի համաձայն` Կոմիտեի նախագահի կողմից քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է պարբերաբար` յուրաքանչյուր ամսվա  3-րդ  շաբաթվա շաբաթ օրը` ժամը 12-00-ից մինչև 13-00-ը: Նախագահն ընդունում է այն քաղաքացիներին, ովքեր իրենց դիմումը /բողոքը/  օրենքով սահմանված կարգով ներկայացրել են Մաքսային պետական կոմիտե, բայց դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել կամ գտնում են, որ տրված պատասխանը հիմնավորված չէ  և իրենք ցանկանում են Գագիկ Խաչատրյանին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները: Եթե պատասխանը տրվել է այնպիսի ստորաբաժանման պետի կողմից, որի գործունեությունը համակարգում է նախագահի որևէ տեղակալ, ապա պատասխանի առնչությամբ ընդունելություն հայցող քաղաքացուն նախ ընդունում է համապատասխան տեղակալը, և միայն վերջինիս պատասխանից բավարարված չլինելու դեպքում`  կազմակերպվում է ընդունելություն նախագահի մոտ:

Առանձին դեպքերում, հաշվի առնելով բարձրացված հարցի հասարակական  հնչեղությունը և  դրա լուծման հրատապությունը, նախագահի որոշմամբ կարող է կազմակերպվել ԱՐՏԱՀԵՐԹ ընդունելություն:

Նախագահի տեղակալների կողմից   քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա  3-րդ  շաբաթվա  ուրբաթ օրը` ժամը 15-00-ից մինչև 16-00-ը:   

Նախագահի տեղակալներն ընդունում են այն քաղաքացիներին, ովքեր վիճարկում են վերջիններիս համակարգման շրջանակներում գործող ստորաբաժանումների պետերի կողմից տրված պատասխանները: Նախագահի տեղակալների կողմից ևս կարող է կազմակերպվել ԱՐՏԱՀԵՐԹ ընդունելություն` հաշվի առնելով բարձրացված հարցի հասարակական  հնչեղությունը և  դրա լուծման հրատապությունը:

Ընդունելության օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը փակցվում է կոմիտեի վարչական շենքում` քաղաքացիների համար տեսանելի վայրերում:

Ընդունելություններին, նախագահի կամ նրա տեղակալների հայեցողությամբ, կարող է ներկա գտնվել քաղաքացու դիմումին /բողոքին/ պատասխանած համապատասխան ծառայողը կամ նրա անմիջական ղեկավարը: