09 Հուլիս 2008
Եվրահանձնաժողովի` մաքսային ծառայության հարցերով պատվիրակությունը` Հայաստանում
«Մեր այցի ընթացքում շատ անկեղծ ԵՎ բաց զրույցներ ունեցանք հայ մաքսավորների հետ, ինչն օգնեց առավել հստակ պատկերացում կազմել Հայաստանի մաքսային համակարգի գործունեության, աշխատաոճի մասին:
«Մեր այցի ընթացքում շատ անկեղծ և բաց զրույցներ ունեցանք հայ մաքսավորների հետ, ինչն օգնեց առավել հստակ պատկերացում կազմել  Հայաստանի մաքսային համակարգի գործունեության, աշխատաոճի մասին: Ամենակարևորը` համոզվեցինք, որ ձեր մաքսային համակարգում առկա է աշխատելու մեծ ցանկություն»,- այս խոսքերով սկսեցին Հայաստան կատարած ճանաչողական այցի արդյունքների ամփոփումը մաքսային ծառայության հարցերով Եվրամիության հանձնաժողովի պատվիրակության փորձագետները` ընդգծելով, որ Հայաստանի մաքսային համակարգում   սկիզբ առած բարեփոխումները մեծ մարտահրավեր են, ուստիև`  ենթադրում են ահռելի աշխատանք.   «Մենք մեր հնարավորության սահմաններում կփորձենք աջակցել ձեզ  այդ գործընթացներում, որպեսզի ի վերջո հնարավոր լինի գտնել լավագույն հավասարակշռությունը  ազառ առևտրի և քաղաքացիների անվտանգության ապահովման միջև»,-նշեց պատվիրակության փորձագետ Լ. Պրատոլոնգոն:

Եվրահանձնաժողովի`  մաքսային ծառայության հարցերով պատվիրակության այցի շրջանակներում փորձագետներն այցելել էին հայ-վրացական սահմանի վրա գործող Բագրատաշենի մաքսակետ, եղել Միջազգային ճանապարհային փախադրումների տարածաշրջանային մաքսատանը,  նաև այցելել   Արարատյան մաքսատուն: Մինչ այցելության վերաբերյալ կոնկրետ առաջարկություների, ինչպես նաև ծրագրային ու տեխնիկական օժանդակության մասով վերջնական հաշվետվություն ներկայացնելը` փորձագետները ՄՊԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին մի շարք դիտարկումներ և առաջարկություններ  են ներկայացրել Հայաստանի մաքսային մարմիններում իրենց կողմից նկատված որոշ բացերի շտկման և բարեփոխումների առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Պատվիրակության անդամները նախ առանձնացրել են մի շարք առաջնահերթություններ, որոնց մի մասն արդեն իսկ ներառված է բարեփումների գործընթացում: Դրանք մասնավորապես կառուցվածքային և կազմակերպչական հարցեր են, որոնք, ի դեպ, ընդգրկված են մաքսային քաղաքականության բարեփոխման ռազմավարության առանցքային սկզբունքների մեջ: Հաջորդ կարևոր առաջնահերթությունն ըստ փորձագետների` ռիսկերի վերլուծությունն է, այսինքն` անհրաժեշտ է  մաքսային համակարգում կոնկրետ քայլեր ձեռնարկել` ռիսկերի վերլուծություն և գնահատում կատարելու ուղղությամբ, որի նպատակով  կառույցում որոշակի հիմքեր արդեն իսկ ներդրվել են:

Մյուս կարևոր  հարցն, ըստ փորձագետների, առնչվում է ծագման երկրի հետ կապված խնդիրներին, քանի որ այդ ոլորտում աշխատանքների կանոնակարգումը խիստ կարևոր է ապագայում Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի հնարավորության ստեղծման առումով: Այդ դեպքում Հայաստանի մաքսային կառույցի գործառույթների մեջ պետք  է ներառվի նաև ծագման երկրի սերտիֆիկատների տրամադրումը: Այդ հարցում ԵՀ պատվիրակության անդամները հայկական կողմին առաջարկել են աշխատել և համագործակցել, օրինակ, Մոլդովայի մաքսային մարմինների   հետ, որոնք, ճիշտ է, այժմ օժտված են ծագման երկրի սերտիֆիկատ տրամադրելու լիազորությամբ, սակայն  նախապես այդպիսի գործառույթներ չեն իրականացրել, ուստի կարող են  այդ ճանապարհն անցածի իրենց փորձով ու հմտություններով օգտակար լինել հայ գործընկերներին: Ինչ վերաբերում է ռիսկերի գնահատմանն ու վերլուծություններին, ապա այդ հարցում էլ հայ մաքսավորներին իրենց փորձով կարող են անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ուկրաինացի գործընկերները:

Հաջորդ կարևոր առաջնահերթությունը կադրերի և մաքսային բրոքերների ուսուցման ու վերապատրաստման հարցն է, որը նույնպես արդեն իսկ ընդգրկված է մաքսային բարեփոխումների ռազմավարության առանցքային հիմնադրույթներում:

Կարևորվել է նաև մաքսակետերում երկուղի համակարգ ներդնելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը, ինչն արդեն ընթացքի մեջ է, քանի որ կառավարության համապատասխան որոշմամբ ընդունվել է բոլոր մաքսակետերում երկուղային համակարգ կիրառելու կարգը: Արձանագրելով  մաքսային ձևակերպումների ընթացակարգերում   նկատվող առաջընթացը`  ձևակերպումների տևողության և փաստաթղթերի կրճատման առումով, փորձագետները կարևորել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովումը: Նշվել է նաև, որ մեծ քայլեր են ձեռնարկվել մաքսային էթիկայի քաղաքականության ներդրման ուղղությամբ, ինչը ևս պետք է էլ ավելի զարգացնել ու ընդլայնել: Նկատելի է առաջընթացը նաև սահմանների վերահսկողության և երկրի ներսում մաքսային հսկողություն սահմանելու առումով:

«Սովորաբար նման այցելությունների ժամանակ Եվրահանձնաժողովի պատվիրակությունը որևէ կոնկրետ տեսակետ կամ գնահատական չի ներկայացնում տվյալ երկրի մաքսային համակարգի վերաբերյալ` հատկապես խուսափելով  այլ երկրների նմանատաիպ կառույցների հետ համեմատականներ անցկացնելուց` համարելով, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: Սակայն ձեր երկրի մաքսային կառույցի մասին մեր մոտավոր գնահատականն այդուհանդերձ կներկայացնեմ. ես ուրախ եմ ասել, որ դուք շատ ավելի լավ վիճակում եք, քան պատկերացնում եք: Մեծապես տպավորված եմ ձեր համակարգում արձանագրված վերջին առաջընթացներով և ողջունում եմ երկու-երեք ամիս առաջ Հայաստանի մաքսային համակարգում   սկիզբ առած լայնածավալ և լուրջ բարեփոխումների այս գործընթացը, ինչից մենք շատ դրական տպավորություն ստացանք»,-   նկատեց Յան Փ. Զրալեկը` ամփոփելով ԵՄ առաքելության փորձագետների տպավորություններն ու դիտարկումները Հայաստանի մաքսային համակարգի վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ շատ երկրներում մաքսային խնդիրների լուծման ուղղությամբ Եվրամիության հանձնաժողովի առաջարկած հատկապես երկու մեխանիզմներ մեծ արդյունավետությամբ են գործել, ԵՄ առաքելության փորձագետներն առաջարկել են  նույն մեխանիզմները կիրառել նաև մեր երկրում` համոզված լինելով դրանց օգտակարության մեջ:  Փորձագետների առաջարկած տարբերակներից առաջինը «Twinning» երկարաժամկետ ծրագիրն է, որի շրջանակներում ԵՄ-ից հատուկ մասնագետ  կգործուղղվի Հայաստան` տեղում կազմակերպչական բացերը նկատելու  և դրանց լուծման ուղղությամբ ռազմավարություն մշակելու հարցերում օգնություն ցուց տալու, ինչպես նաև ռիսկերի գնահատման հարցերում ԵՄ անդամ երկրների փորձը ներդնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին օժանդակելու նպատակով:  Փորձագետների առաջարկած հաջորդ մեխանիզմը` «Taiex»-ը, շատ ավելի կարճաժամկետ ծրագիր է և ուղղված է կոնկրետ խնդիրների լուծմանը: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում երկու շաբաթով  ԵՄ անդամ երկրի փորձագետներ հրավիրել Հայաստան և նույն ժամանակահատվածով էլ այստեղից մասնագետներ գործուղել ԵՄ անդամ որևէ երկրի մաքսային կառույց` տեղում կազմակերպվելիք սեմինարների և  քննարկումների միջոցով առկա  խնդիրներին հստակ լուծումներ առաջադրելու ակնկալիքով:

Ամփոփելով փորձագետների ուսումնասիրությունները,  դիտարկումներն ու առաջարկությունները` Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը, դեսպան Ռաուլ դե Լուցեմբերգերը, շնորհավորել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին` անմիջապես պաշտոնամուտից հետո  Հայաստանի մաքսային համակարգում լայնածավալ բարեփոխումների իրականացմանը նման մեծ թափով ձեռնամուխ լինելու համար. «Դուք արդեն իսկ շատ լավ արդյունքների եք հասել, իսկ ինչ վերաբերում է որոշ` դեռևս բաց հարցերի և խնդիրների, ապա կարող ենք միասին մտածել և գտնել դրանց արդյունավետ լուծման տարբերակները  ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում»:

Ի պատասխան` Գ. Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը` Հայաստան այցելելու իր խնդրանքին այդպես արագ արձագանքելու համար.  «Իրոք աննախադեպ էր, որ դուք նման շուտափույթ կերպով արձագանքեցիք մեր խնդրանքին` Հայաստանի մաքսային համակարգին տեղում ծանոթանալու, այն գնահատելու և  ըստ այդմ` մեզ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու հարցում: Մենք իսկապես սկսել ենք բարեփոխումների մեծ գործընթաց, և ուրախ ենք, որ այդ քայլը շատ բարձր է գնահատվում ԵՄ պատվիրակության կողմից: Առաջիկայում մենք հատուկ ներկայացուցիչ կունենանք` մաքսային հարցերում ԵՄ-Հայաստան համագործակցությունն էլ ավելի խորացնելու,   ինչպես նաև մեր ոլորտին առնչվող հարցերում ԵՄ-Հայաստան  աշխատանքները կոորդինացնելու նպատակով: Դուք  միանգամայն  ճիշտ եք նկատել այն բացերը, որոնք այսօր առկա են մեր համակարգում, և շատ ենք կարևորում դրանք շտկելու գործում ձեր աջակցությունը, այն է` «Twinning» և «Taiex» մեխանիզմների կիրառումը մեր համակարգում, ինչպես նաև այն տեխնիկական օգնությունը, որը նախատեսում եք տրամադրել մեզ հետագայում: Հավաստիացնում եմ, որ ձեր պատվիրակության գրավոր եզրակացությունը ստանալուն պես` մենք անմիջապես ձեռնամուխ կլինենք ձեր նշած բացթողումների շտկմանն ու սկսված բարեփոխումների` էլ ավելի մեծ եռանդով իրականացմանը»: