14 Օգոստոս 2009
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծական 2009թ. հունիս ամսվա
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել “Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2009թ.-ի հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները” համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2009թ.-ի ընթացքում սպասարկվող 325 հարկ վճարողների ցանկի
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել “Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2009թ.-ի հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները” համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2009թ.-ի ընթացքում սպասարկվող 325 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է հետևյալը.

1. Մի շարք ցուցանիշների առումով (իրացումից հասույթ, ներմուծման և արտահանման ծավալներ, պետական բյուջե վճարված մաքսային վճարներ, հարկեր և այլ պարտադիր վճարներ) 2009թ.-ի հունիս ամսին նախորդ տարվա հունիս ամսվա նկատմամբ պատկերը անփոփոխ է և ինչպես հաշվետու տարվա նախորդ ամիսներին ունի նվազման տենդենց: Մասնավորապես.

- Իրացումից հասույթի ցուցանիշը 2009թ.-ի հունիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 19.0 %-ով և կազմել 137.1 մլրդ. դրամ: Այս ցուցանիշը ավելի ցայտուն է արտահայտված “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”, “Մաքուր երկաթի գործարան”, “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ”, “Արմենիան մոլիբդեն փրոդաքշն”, “Գրանդ-Տոբակո Հայ-Կանադական ՀՁ” և “Արարատցեմենտ” ընկերությունների մոտ, որոնց իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիս ամսվա նկատմամբ նվազել է մոտ 10.9 մլրդ. դրամով:

- Ներմուծման ծավալների անկում է արձանագրվել նաև այս տարվա հունիս ամսին, սակայն պետք է արձանագրել, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն նվազել է ընդամենը 5.1 %-ով` կազմելով 51.9 մլրդ դրամ:   Այս փաստի վկայությունն այն է, որ աստիճանաբար վերականգնվում է նախորդ տարվա ներմուծման տեմպը և որոշ կազմակերպությունների մոտ նույնիսկ առկա է աճ: Այսպես, միայն երեք կազմակերպությունների (“Հայ-Ռուսական ՀայՌուսգազարդ”, “Ֆլեշ”, “Ռուսալ-Արմենալ”) կողմից 2009թ.-ի հունիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ 8.1 մլրդ դրամով ներմուծման ծավալները գերազանցել են և կազմել մոտ 16.5 մլրդ դրամ:

- Նույնը կարելի է արձանագրել նաև արտահանման ցուցանիշի դեպքում, որը 2009թ.-ի հունիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է ընդամենը 0.8 %-ով և կազմել 18.3 մլրդ. դրամ: Այսպես, 2009թ.-ի հունիսին չորս խոշոր կազմակերպությունների (“Արմենիան քափըր փրոգրամ”, “Ռուսալ-Արմենալ”, “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”, “Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ”) արտահանման ծավալները 5.5 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա հունիս ամսվա ծավալները` կազմելով մոտ 8.0 մլրդ դրամ:
  
- Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2009թ.-ի հունիսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 14.6 մլրդ. դրամ կամ պակաս նախորդ տարվա հունիսից 6.4 մլրդ դրամով: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 325 կազմակերպությունների կողմից 2009թ.-ի հունիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 67.2 %-ը: Համեմատության համար նշենք, որ “Ղ-Տելեկոմ”, “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” և “Հայկական երկաթուղի” ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2009թ.-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ բյուջե պակաս հարկային վճարումներ է կատարվել 6.1 մլրդ. դրամով:

2. Հարկային մարմնի կողմից 2009թ.-ի հունիսին կատարվել են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 75 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 455.2 մլն. դրամի չափով: Այս ցուցանիշը ավել է նախորդ տարվա հունիս ամսվա ցուցանիշից 48%-ով:

3. Աշխատողների միջին ցուցակային թիվը 2009թ.-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պակասել է 3.9 %-ով և կազմել 102878 մարդ, իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այն աճել է 3.4 %-ով:

4. 01.07.2009թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողները ունեցել են 60.3 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 38.4 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 13.0 մլրդ դրամ: Միաժամանակ, պետք է նշել, որ 2009թ.-ի հունիսին պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 879.0 մլն. դրամի չափով: