19 Մարտ 2009
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի 2009թ. հունվար ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2009թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները»
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թթ.-ների» ծրագրի առաջին նպատակը, որը վերաբերվում է խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովմանը, և դրան համապատասխան իրականացման ենթակա քաղաքականություններին, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավման թիվ մեկ թիրախ հանդիսացող խոշոր բիզնեսի թափանցիկ, հավասար հարկման պայմանների ապահովման կարևորությունը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2009թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները» (ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատավել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2009թ.-ի ընթացքում սպասարկվող 325 հարկ վճարողների ցանկը), որի արդյունքում պարզվել է հետևյալը.

1. Մի շարք ցուցանիշների առումով  (իրացումից հասույթ, ներմուծման և արտահանման ծավալներ) նախորդ տարվա հունվար ամսվա նկատմամբ գրանցվել է աճի նվազման տեմպեր, որը պայմանավորված է հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ և հայաստանյան մի շարք խոշոր կազմակերպությունների իրացման շրջանառությունների կտրուկ անկմամբ: Մասնավորապես.

- իրացումից հասույթի ցուցանիշի առումով առկա է 4.9% նվազման տեմպ 2009թ.-ի հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ և միայն երեք կազմակերպություններում («Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ») իրացման ընդհանուր շրջանառությունը պակասել է 5.0 մլրդ. դրամով կամ 35.9 %-ով: Նույնը չի կարելի ասել բանկային ոլորտի մասին, որտեղ միայն չորս բանկերում («ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ», «Յունիբանկ», «Արդշինինվենստբանկ») գրանցվել է նշված ցուցանիշի աճ մոտ 6.0 մլրդ դրամով կամ 43.4 %-ով:

- արտահանվող ապրանքների և ծառայությունների մասով նույնպես ակնառու է նվազման միտում, որը տոկոսային արտահայտությամբ կազմել է 23.9%: Այս փաստը հիմնականում պայմանավորված է լեռնարդյունահանման գործունեությամբ զբաղված կազմակերպությունների կողմից արտադրվող հումքի նկատմամբ պահանջարկի նվազմամբ, և միայն վերոնշյալ երեք կազմակերպություններում 2008թ.-ի հուվար ամսվա 5.8 մլրդ. դրամի փոխարեն 2009թ.-ի հունվարին այս ցուցանիշը նվազել է հասնելով 2.6 մլրդ. դրամի, կամ 55.6%-ով պակաս:

- ուսումնասիրվող ժամանակահատվածում ներմուծման ծավալները նվազել են 33.6%-ով, ինչը ավելի ցայտուն կերպով է արտահայտված հատկապես «Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ», «Կարկոմավտո», «Քաղպետրոլսերվիս», «Ֆլեշ» և «Գրանդ Քենդի» Հայ-կանադական կազմակերպություններում, որոնց մոտ ներմուծման ծավալները միասին վերցրած պակասել են 6.3 մլրդ. դրամով  կամ 36.0%-ով:

- պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշը ուղիղ համեմատական է իրացման շրջանառության, ինչպես նաև ներմուծման և արտահանման ծավալների ցուցանիշներին, և որպես հետևանք` բնականաբար այստեղ նույնպես նվազման դինամիկայի կորը իջել է մինչև 60.1%-ը: Պետք է նշել, որ այս ցուցանիշի հետ կապված ընդամենը երեք կազմակերպությունների («Ղ-Տելեկոմ»,»Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ», «Արմենիա Տելեֆոն Կոմպանի») կողմից պակաս է վճարվել հարկեր մոտ 3.4 մլրդ. դրամով կամ պակաս նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 84.2 %-ով:

2.Հատկանշական է նաև այն փաստը, որ 2009թ.-ի հունվար ամսին 2008թ.-ի նույն ամսվա նկատմամբ աշխատողների միջին ցուցակային թվի ընդամենը 2.2% նվազման պայմաններում 6.4%-ով աճել է ԱՎՈՒՄ-ը, որը իրենից ենթադրում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների չափի ավելացում:

3. Գրեթե 32 անգամ աճել է գերավճարների գումարներից հաշվանցումների չափը նախորդ ժամանակահատվածի նկատմամբ և 2009թ.-ի հունվարին կազմել է 187.3 մլն. դրամ, իսկ բյուջեից վերադարձը պակասել է ընդամենը 3.1%-ով կազմելով 2.4 մլրդ դրամ: Վերադարձի ցուցանիշում 82.8%-ը բաժին է ընկնում ԱԱՀ-ին: