14 Մարտ 2009
Հրատապ հարցերը` Հասարակական խորհրդի հերթական նիստում
Բիզնեսի հետ համագործակցելով լավագույն լուծումները գտնելու սկզբունքով առաջնորդվող Պետեկամուտների կոմիտեում կայացել է Հասարակական խորհրդի հերթական նիստը:
Բիզնեսի հետ համագործակցելով լավագույն լուծումները գտնելու սկզբունքով առաջնորդվող Պետեկամուտների կոմիտեում կայացել է  Հասարակական խորհրդի հերթական նիստը:

Բավականին հագեցած օրակարգ ունեցող քննարկմանն առանձնացվել էին այս փուլում հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:

Նիստի սկզբում Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է հարկային բարեփոխումների ծրագրով նախանշված և իրականացված միջոցառումների մասին: Մասնավորապես մատնանշվել է հարկային մարմնի գլխավոր գրասենյակի նոր կառուցվածքի վերափոխումը, կարևորվել է 14 հարկային տեսչությունների լուծարումը, 3 ոլորտային հարկային տեսչությունների միավորումը խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության հետ, խոշոր կազմակերպությունների մոտ պարտադիր աուդիտի անցկացման վերաբերյալ օրենքի ընդունումը: Էական քայլերից մեկն էլ Microsoft-ի հետ անցկացվող փորձնական ծրագիրն է, որի նպատակը հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մեխանիզմի լիարժեք ներդրումն է: Մշակվել է համապատասխան օրենսդրական բազա` հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համար: Ուժեղացվում են նաև հարկային ծառայության վերլուծական-հետազոտական կարողությունները:

Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հիշեցրել է, որ կանոնակարգվել է տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատանքը. անցում է կատարվում էլեկտրոնային կառավարման համակարգին:

Տասնյակ միջոցառումներ էլ իրականացման փուլում են:

Հասարակական խորհրդի նիստում ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև օրենսդրական փոփոխությունների շուրջ: Բոլոր նախագծերը Խորհրդի անդամների ձեռքի տակ էին. փոփոխությունների փաթեթում ընդգրկված է 11 նախագիծ, համաձայն որոնց նախատեսվում է լրացումներ կամ փոփոխություններ կատարել «Հարկերի մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքում, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում և այլն: Այդ առումով Կոմիտեի ղեկավարությունը ցանկանում է նախ լսել շահագրգիռ բոլոր կողմերի դիտարկումներն ու առաջարկները: Արդյունքում, Գագիկ Խաչատրյանի խոսքերով,  պետք է ունենանք բոլորի համար ընդունելի օրենքներ:

Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել  նաև 3 հայեցակարգեր: Այնպես որ, հաջորդ հանդիպմանը նրանք իրենց տեսակետները կհայտնեն նաև այդ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք ենթադրում են հարկային միջնորդների ինստիտուտի ներդրում, ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ձևավորում և Հարկային ու մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանումների տրամադրման նոր մեխանիզմների սահմանում: «Մենք կարևորում ենք Հասարակական խորհրդի անդամների ներգրավվումը տարբեր նախագծերի քննարկմանը` ակնկալելով նրանց ակտիվ մասնակցությունը համակարգի բարեփոխումների գործընթացում: Հետևաբար մեզ համար չափազանց կարևոր են բոլոր դիտարկումներն ու առաջարկները նաև ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթի շուրջ»,- նշել է Գագիկ Խաչատրյանը հերթական նիստի ավարտին:

Այսօր ևս Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ համակարգի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Հարյուրավոր աշխատակիցներ արդեն հեռացվել են համակարգից, մյուսներն էլ ապրիլի 2-ից պետք է լուրջ ատեստացիա անցնեն: Փոխարենը համակարգը համալրվում է գրագետ, արհեստավարժ և համապատասխան վերապատրաստում անցած մասնագետներով: Այս տարի այդպիսի 50 մասնագետ արդեն ընդունվել է համակարգ: