14 Մարտ 2009
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է քաղաքացիներին ԵՎս մասնակցել ՀԴՄ կտրոններով շահումների ավելացմանն ուղղված տարբերակների քննարկմանը
Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ԵՎ դրանց լիարժեք կիրառման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները բովանդակային ԵՎ ծավալային իմաստով շարունակաբար կատարելագործվում են:
Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման  և դրանց լիարժեք կիրառման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները  բովանդակային և ծավալային իմաստով շարունակաբար կատարելագործվում են: Դրանց թվում է նաև առևտրի իրականացման վայրերում ՀԴՄ-ների ներդրման շուրջ 10 տարի ձգձգվող գործընթացը: Սակայն 2008թ.-ի աշնանը կառավարությունը վճռականություն հանդես բերեց` տարիներ շարունակ տարբեր քաղաքական և սոցիալական պատճառաբանություններով ձախողվող այս գործընթացն ավարտին հասցնելու և բոլոր տնտեսվարողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու հարցում: Կատարվեցին  օրենսդրական փոփոխութուններ և բացահայտվեցին բազմաթիվ խնդիրներ: Ստվերային տնտեսության դեմ պայքարի և առևտրաշրջանառության իրական ծավալները ֆիքսելու նպատակով` Թայվանի փորձով հունվարից մեր երկրում մեկնարկած ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով վիճակահանության շնորհիվ առաջին անգամ հասարակությունը ևս ներգրավվեց ՀԴՄ-ների ներդրման և կիրառման վերահսկողության  աշխատանքներում: Իսկ ՊԵԿ-ում գործող «Թեժ գծի» միջոցով նրանց կողմից բարձրացվեցին տարաբնույթ օգտակար առաջարկներ` գործընթացը կատարելագործելու ուղղությամբ: Առաջին երկու վիճակահանության ամփոփումը փաստեց, որ ՀԴՄ-ների տեղադրման և վիճակահանության անցկացման գործընթացը հաջողվել է. արձանագրվել են դրական արդյունքներ` ֆիսկալային շրջանառության ծավալների և հարկային վարչարարության մեկ այլ կարևոր խնդրի` փաստաթղթաշրջանառության ապահովման առումով: Հունվարի վիճակահանության արդյունքներով շահել է 1609 քաղաքացի, իսկ մարտի 13-ի դրությամբ շահումների թիվը կազմել է 849:

Հունվարին տրված կտրոններով փետրվարի առաջին խաղարկությանը 5 քաղաքացի շահեց 500 հազարական դրամ,  8-ը` 50 հազարական, 115-ը` 20 հազարական և 1420 մարդ 5000-ական դրամ: Սակայն կոմիտեի մասնագետների հաշվարկով շահած  տոմսերի մոտ 40 տոկոսը չներկայացվեցին շահումներ ստանալու համար:

Դա պայմանավորված էր նախ այն հանգամանքով, որ  քաղաքացիների մի զգալի մաս հետևողական չի եղել  կտրոնը պահանջելու հարցում, մի մասը խնամքով չի պահպանել դրանք, մյուս մասն էլ դրանք օգտագործել է իբրև ծախս հիմնավորող փաստաթուղթ: Երկրորդ վիճակահանության  արդյունքում մարտի 13-ի դրությամբ արդեն շահումներ ստացել են 849 քաղաքացի: Ինչպես ցանկացած գործընթաց, այնպես էլ վիճակահանությունը, շարունակական կատարելագործման, շտկումների կարիք ունի, ինչը ՊԵԿ-ի ղեկավարությունը համարում է կարևորագույն խնդիր:
 
Վիճակահանության անցկացմանը  զուգահեռ գործընթացը կատարելագործելու, շահումների թիվն ավելացնելու  ուղղությամբ ՊԵԿ-ի աշխատանքները շարունակվում են: ՀԴՄ կտրոններ պարտաճանաչ պահանջող այն քաղաքացիների համար, որոնց կտրոնները տվյալ վիճակահանության ժամանակ սահմանված կարգով չեն շահել, քննարկվում են խրախուսման, բոնուսների տրամադրման տարբերակներ: Կոմիտեն շահագրգռված է ավելացնել շահումների թիվը, քանի որ դրանից ուղղակիորեն շահում է նաև պետությունը: Այժմ քննարկվում են վիճակահանության կատարելագործման հետևյալ տարբերակները.

  • Ներկայում սահմանած բոնուսների փոխարեն կիրառել խրախուսող մեկ այլ մեխանիզմ, որը հիմնականում պետք է ուղղված լինի վիճակահության արդյունքում չշահած կտրոններ  տիրապետողներին: Դա ենթադրում է` եռամսյակային կտրվածքով սահմանային որոշակի քանակությամբ և որոշակի ընդհանուր արժեք ունեցող կտրոնների համար վճարել բոնուս: Բոնուսների հաշվարկման մեխանիզմները ևս քննարկվում են. դա կարող է լինել կամ ընդհանուր արժեքից հաշվարկված որոշակի  տոկոս կամ ֆիքսված գումար:

  • Քննարկվող մեկ այլ տարբերակով առաջարկվում է շահող համարել ոչ միայն ձախից աջ համընկած 4,5,6,7,8 թվերը, այլև` աջից ձախ համընկնումները, ինչի շնորհիվ  երկու անգամ կավելանա շահողների թիվը: Այս դեպքում փոփոխության կենթարկվի նաև բոնուսի հաշվարկման  կարգը: Մինչև 1000  դրամի դեպքում բոնուս չի հաշվարկվի, իսկ 1000-2000, 2000-4000, 4000-20000, 20000-50000 և 50 հազարից ավելի արժեք ընդգրկող կտրոնների համար բոնուսը կհաշվարկվի 20 տոկոսից մինչև  100 տոկոս:

  • Առաջարկվել է նաև վիճակահանության ընթացքում հանել երկրորդ 8-րդ թիվը, ինչի արդյունքում 5 մլն դրամ կշահի երկու կտրոն:

Այդ քայլերը նպատակ ունեն ամեն կերպ խրախուսել քաղաքացիներին, որպեսզի ոչ միայն պահանջեն ՀԴՄ կտրոնն,  այլև հետևողական լինեն ֆիքսելու գնումների իրական գումարը: Լավագույն տարբերակի ընտրության համար կոմիտեի նախագահը պատրաստակամություն է հայտնել լսել նաև ՊԵԿ-ի հասարակական խորհրդի անդամների, իսկ կոմիտեի կայքէջի  ինտերակտիվ կապի միջոցով նաև` քաղաքացիների կոնկրետ դիտողություններն ու առաջարկները: