28 Մարտ 2009
Պետեկամուտների կոմիտեն անցում է կատարում տեղեկատվական նոր համակարգի «Հարկատու-3»
Տվյալների կենտրոնացված շտեմարան, միասնական ծրագրային համակարգ. այսպիսին է լինելու հարկային մարմնի տեղեկատվական նոր համակարգը: Այն համալրված է ընդգրկուն տեղեկատվությամբ ԵՎ իրենից ներկայացնում է խորը վերլուծությամբ օժտված ճկուն ծրագիր:
Տվյալների կենտրոնացված շտեմարան, միասնական ծրագրային համակարգ. այսպիսին  է լինելու հարկային մարմնի տեղեկատվական նոր համակարգը:

Այն համալրված է ընդգրկուն տեղեկատվությամբ և իրենից ներկայացնում է խորը վերլուծությամբ օժտված ճկուն ծրագիր:
 
«Հարկատու-3»-ը լրացնելու է գալիս «Հարկատու-2»-ին: Կատարելագործված համակարգի հիմնական առավելություններն արդեն իսկ ներկայացվել են կառավարության, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին` Պետեկամուտների կոմիտեում օրերս կայացած շնորհանդեսի ժամանակ:
 
Նոր համակարգի հիմնական առավելությունները լրագրողներին է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը: Նրա խոսքերով, նորացված ծրագիրը հնարավորություն է տալիս ՊԵԿ ղեկավարությանը իրենց իսկ համակարգիչների միջոցով հետևել ՏՀՏ-ների (տարածքային հարկային տեսչությունների) աշխատանքի արդյունավետությանն ու օպերատիվությանը: Դա, ի դեպ, բխում է միջազգային պրակտիկայում ընդունված  կենտրոնացված վարչարարության սկզբունքներից:

Ըստ Կոմիտեի  Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի, ներկայում գործող կենտրոնական տեղեկատվական բազայում («Հարկատու-2») չկա առանձին հարկ վճարողին վերաբերող տեղեկությունների միասնական շտեմարան, որն առավել արդյունավետ կդարձներ հավաքագրված տեղեկատվության օգտագործումը: Դա, Միքայել Փաշայանի տվյալներով, հաշվի է առնվել նոր ծրագիրը նախագծելիս, արդյունքում «Հարկատու-3»-ը ներառում է յուրաքանչյուր հարկատուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: ՊԵԿ-ում գրանցման իսկ պահից տվյալների շտեմարանում կարտացոլվեն տվյալ հարկատուի բոլոր գործարքները, ակնհայտ կդառնա , թե նա որ տնտեսվարող սուբյեկտի հետ ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է մտնում: Բացի այդ,  Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը նկատել է, որ գործող ծրագրում և տեղեկատվական բազայում լիարժեք արտացոլված չեն հարկ վճարողների ոլորտները, իսկ դա, բնականաբար, սահմանափակում է ամբողջական վերլուծություն կատարելու, ռիսկային ոլորտները որոշելու, ապա` կառավարելու հնարավորությունները: Այնինչ, նորացված ծրագիրը ներառելու է ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատ համակարգ:Այդպիսով հնարավորություն կստեղծվի էապես կրճատել Պետեկամուտների կոմիտեի կողմից կատարվող ստուգումների քանակը` միաժամանակ բարձրացնելով դրանց արդյունավետությունը: Այսինքն` ոչ միայն կրճատվում են  և՛ մարդկային, և՛  ֆինանսական ռեսուրսներն, այլ նաև ստուգումները դառնում են թիրախային: Դա թույլ կտա  ապահովել հարկային հսկողության թափանցիկությունը և օրինակելի դարձնել հարկատուների` հարկերը կամավոր վճարելու վարքագիծը:

Նոր համակարգի մյուս գլխավոր առավելությունը, որ ընդգծել է Մ.Փաշայանը, այն է, որ ծրագիրն օժտված է ոչ միայն անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրմամբ. հենց այդ համակարգի միջոցով ավտոմատ կերպով ծանուցումներ կտպագրվեն և կուղարկվեն այն հարկ վճարողներին, ովքեր կունենան չվճարված պարտավորություններ:

«Հարկատու-3»-ի գործարկմամբ լուծում կստանա հրատապ խնդիրներից ևս մեկը` էլեկտրոնային հայտարարագրումը: Համակարգն ունակ կլինի էլեկտրոնային եղանակով ընդունել բոլոր տեսակի հաշվետվություններն, իսկ տեղեկատվական բազայում հարկային հատուկ հաշիվների ներառումը, դրանց հաշվառման և խաչաձև համադրման հնարավորությունը զերծ կպահի հնարավոր կեղծիքներից:

Առևտրի կազմակերպման վայրերում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների վերաբերյալ տեղեկությունները նույնպես հարկային մարմինները կստանան էլեկտրոնային համակարգի միջոցով: Դա նշանակում է, որ այդ ոլորտում ևս նվազեցվում է հարկ վճարողի շփումը հարկային ծառայողի հետ:

Այս փուլում Հարկային ծառայության բոլոր ստորաբաժանումները` Կոմիտեի նախագահի հանձնարարականով, ակտիվորեն ներգրավված են նոր համակարգի յուրացման գործում, որպեսզի արդեն գործարկելիս այն արհեստավարժ կիրառվի:

Ավտոմատ կառավարման տեղեկատվական նոր համակարգի նախագծման ընթացքում մանրամասն ուսումնասիրվել է ավելի քան 10 զարգացած երկրների փորձը: Արդյունքում մասնագետները հայտարարում են, որ ՀՀ ՊԵԿ-ում ներդրվող համակարգը ոչ միայն չի զիջելու առաջատար երկրների նմանատիպ ծրագրերին, այլ նաև օժտված է լինելու եզակի վերլուծական գործիքներով, որոնք բնորոշ են միայն Հայաստանի տնտեսությանը, այդ թվում` հարկային հարաբերություններին: