31 Հուլիս 2008
ՀՀ ԿԱ ՄՊԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հարցազրույցը «Մաքսատուն» ամսագրին
Մեր ոլորտում կարԵՎոր նպատակներից մեկը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ԵՎ Մաքսային ծառայության միջԵՎ փոխվստահության մթնոլորտի կայացումն է:
- Պարոն Խաչատրյան, նախքան բուն հարցազրույցին անցնելը պիտի խնդրեմ անդրադառնաք իր ուղին նոր-նոր սկսող ևս մեկ յուրատեսակ մաքսատան գործունեությանը` «Մաքսատուն» ամսագրին, և Ձեր մոտեցումներն ու ակնկալիքները ներկայացնեք:

-Մեր ոլորտում կարևոր նպատակներից մեկը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և Մաքսային ծառայության միջև փոխվստահության մթնոլորտի կայացումն է, և կարծում եմ, որ «Մաքսատուն»  ամսագիրը կարող է որոշակիորեն նպաստել այդ նպատակի իրագործմանը: Հուսով եմ, որ «Մաքսատուն»  ամսագրի հրապարակմամբ մենք ևս մեկ քայլով մաքսայինը կմոտեցնենք տնտեսվարող սուբյեկտին, սահմանը հատող քաղաքացուն և ընդհանրապես` ոլորտով հետաքրքրվող բոլոր  անձանց:

Ակնկալում եմ, որ ամսագրի օգնությամբ քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտներն ավելի իրազեկ կլինեն ոլորտին, կստանան թարմ, գործնական, օգտակար և հետաքրքիր տեղեկատվություն, ինչպես նաև իրենց հուզող շատ հարցերի պատասխանները: Ցանկանում եմ, որ «Մաքսատունը» իրոք հետաքրքիր ամսագիր լինի և ժամանակի ընթացքում ապահովի մշտական ընթերցողների կայուն լսարան, դառնալով փոխադարձ վստահության և օգնության յուրատեսակ կամուրջ` մաքսավորի և քաղաքացու միջև:

-Պարոն Խաչատրյան, ինչպես հայտնի է, Ձեր ղեկավարած կառույցին ներկայացված է մեծածավալ բարեփոխումների իրականացման կոնկրետ  պահանջ: Ի՞նչ առանցքային սկզբունքներով է առաջնորդվելու մաքսային համակարգը բարեփոխման այդ հավակնոտ ծրագրի իրականացման ընթացքում:

-Իսկապես, ՀՀ նախագահը մեր գերատեսչությանն առաջադրել է խիստ հանձնարարականներ և նախանշել է դրանց իրականացման կոնկրետ ժամկետներ:              Ցանկացած կառավարության գործունեության ծրագրի իրականացումը մեծապես կախված է բյուջետային մուտքերի ապահովումից, առավել ևս` ՀՀ կառավարության նոր ծրագրի արդյունավետ իրագործման  համար առանձնակի կարևորություն է ձեռք բերում եկամտային մասի, այսինքն` մեր կողմից բյուջետային մուտքերի ապահովումը: Մաքսային մարմինները, գնահատելով իրենց հնարավորությունները և գիտակցելով եղած խնդիրները,  մշակել են 2008-2012թթ. մաքսային վարչարարության ռազմավարության, մաքսային համակարգի գործունեության կոնկրետ ծրագիր, որը բաղկացած է առանցքային յոթ հիմնադրույթներից: Դրանց արդյունավետ իրականացման համար Մաքսային ծառայությանն անհրաժեշտ են հետևյալ գրավականները` հաստատակամ և դինամիկ ղեկավարում, հստակ օրենսդրություն, որը պետք է հիմք ծառայի նշված բարեփոխումների իրականացման համար, իսկ եթե խոչընդոտում է առաջադրված նպատակներին` պետք է փոփոխվի, և իհարկե, երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական հաստատակամությունն ու աջակցությունը, որից և սկսվել է այս գործընթացը: Բնականաբար, մաքսային համակարգին անհրաժեշտ են համարժեք ֆինանսական ռեսուրսներ: Կարևոր գրավական է պետական համակարգի, հասարակության և արտաքին շահագրգիռ կողմերի մասնակցությունը մաքսայինի որդեգրած բարեփոխման քաղաքականության իրագործմանը, բարեփոխումները մշակող և իրականացնող օղակների համագործակցությունը:

-Մանրամասնեք, խնդրեմ, որո՞նք են բարեփոխման` Ձեր նշած առաջնային յոթ սկզբունքները:

-Ոլորտի որդեգրած առաջնահերթ սկզբունքներից մեկը մաքսային (հարկային) բեռի առավել հավասարաչափ բաշխումն է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների միջև, այնուհետև` ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնումը, անցումը էլեկտրոնային հայտարարագրմանը, կադրերի արդյունավետ կառավարումը,  ինչի հետ սերտ կապված է մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացը, որը ևս մաքսային ռազմավարության առանցքային սկզբունքներից է, մեր գործունեության ընթացքում առաջնային ենք համարելու նաև այլ մարմինների հետ համագործակցությունը` մասնավորապես տեղեկատվության փոխանակման առումով, ինչպես նաև  համակարգում տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացումը և կառուցվածքային փոփոխությունների իրականացումը: Ի դեպ, ասեմ, որ այս սկզբունքները չպետք է տարանջատել միմյանցից, քանի որ դրանք փոխկապակցված են:Թերևս նկատեցիք, որ թվարկված սկզբունքների մեջ ներառված չէ մաքսանենգության դեմ պայքարը, քանի որ  դա արդեն իսկ հանդիսանում է մաքսային մարմիններին օրենսդրորեն վերապահված կարևոր գործառույթներից մեկը, ինչպիսիք են տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը և մի շարք այլ գործառույթներ: Մեր ռազմավարական յոթ սկզբունքները նոր որակ կհաղորդեն համակարգի գործունեությանը` նպաստելով նրա կարևոր գործառույթների արդյունավետ իրականացմանն ու կստեղծեն այնպիսի իրականություն, որտեղ մաքսանենգությամբ զբաղվելն ուղղակի անիմաստ կլինի: Հավելեմ նաև, որ առանց մեր հետագա քայլերը և ակնկալվող արդյունքը  գնահատելու, մենք չենք կարող կոնկրետ գործողություններ ձեռնարկել. մեր ամբողջ ծրագիրը, ռազմավարությունը հիմնավորված է: Մենք գիտենք կոնկրետ քայլերի շարունակականությունը, պահանջվող ժամկետները և գնահատում ենք արդյունքները, այսինքն` թե որքան ժամանակահատվածում ինչ արդյունքներ ենք արձանագրել: Ընդ որում` խիստ զգուշավոր ենք մեր քայլերի հաջորդականության մեջ. կարճ ժամանակահատվածում իհարկե հնարավոր է բազմաթիվ քայլեր պլանավորել, բայց հետո կարող ենք կանգնել լուրջ փաստի առջև: Հարցն այն է, որ մենք  կառավարության ամենօրյա հսկողության տակ ենք, և առաջնային խնդիր է բյուջետային մուտքերի ապահովումը, այսինքն` սխալվելու իրավունք չունենք, և մեր կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը պետք է լինի իմաստավորված, նպատակային, կոնկրետ արդյունքի ակնկալիքով:

-Պրն Խաչատրյան, ինչպես նշեցիք, ամենառաջնային համարվող սկզբունքներից մեկը բոլոր տնտեսվարող սուբյեկտների միջև հավասարության դաշտի ապահովումն է, որն այսօր հատկապես գործարար աշխարհում, ամենից շրջանառվող և խնդրահարույց հարցն է: Ուստի խնդրում եմ առավել հանգամանալի ներկայացնել  մաքսային բեռի հավասարաչափ բաշխման խնդիրը:

  -Հայաստանը փոքր երկիր է, և բոլորը շատ արագ պատկերացում են կազմում դաշտի հավասարության մասին, եթե տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը ընդգրկում է ինչ-որ կոնկրետ ոլորտ, ապա կարող եք համոզված լինել, որ նա շատ լավ տեղեկացված է  նույն այդ ոլորտում ընդգրկված մյուս տնտեսվարողների  գործունեությունից. եթե  նրանցից մեկն արտոնյալ դիրք ունի, ապա մյուսն անպայման կփորձի ինչ-որ կերպ թաքցնել հարկերը կամ, խուսափելով դրանց վճարումից, նույնպես հայտնվել արտոնյալ պայմաններում: Մինչդեռ այսօր մեր գերակա խնդիրներից մեկն էլ գործարարներին ապացուցելն է, որ դաշտը հավասար է բոլորի համար: Գիտակցելով դա` բոլորը պատրաստակամությամբ և հաճույքով կվճարեն իրենց հարկերը: Նշեմ նաև, որ արդարությունը հաճախ գնահատվում է այն սկզբունքով, թե արդյոք տնտեսապես միևնույն մակարդակի վրա գտնվող և նմանատիպ գործունեություն վարող տնտեսվարող սուբյեկտները մոտավորապես նույն հարկն են վճարում, թե ոչ: Հավասարության սկզբունքի կիրառումը մեծապես պայմանավորված է հետևյալ քաղաքականությամբ` պետք է բացառել պետական ծառայողների հովանավորչությունը ձեռնարկատիրական գործունեության ոլորտում, ունենալ հստակ և պարզ օրենսդրություն, մաքսային թափանցիկ ընթացակարգեր: Բացի այդ, այն տնտեսվարող սուբյեկտները, ում վարքագիծն օրենսդրական դաշտում օրինակելի է, պետք է պաշտպանված լինեն պետական կառույցների կողմից: Շատ կարևոր է նաև մաքսային արժեքի որոշման հստակ չափորոշիչների ձևավորումը: Այսինքն` եթե մաքսային արժեքները ճիշտ որոշվեն, դա էլ հենց կլինի գործարարների միջև հավասար դաշտի ապահովման կարևոր երաշխիքներից մեկը: Ինչ չափանիշների  մասին է խոսքը. նախ մաքսային արժեքի որոշման կանոնները պետք է բոլորի համար կիրառվեն նույնությամբ, երկրորդ ՀՀ ներքին շուկայում ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա որոշվող մաքսային արժեքների մեծություններն այժմ հրապարակային են և տեղադրված են մեր ինտերնետային կայքում: Այնտեղ մենք տեղադրել ենք մոտ 30 000 ապրանքների մաքսային արժեքների չափանիշներ: Սակայն տվյալների այդ բազան չի կարող երբևէ սպառիչ լինել, քանի որ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների տեսականին անընդհատ փոխվում է. ի հայտ են գալիս նոր ապրանքներ` ըստ տեսակների, մոդելների և այլն: Կան ապրանքներ որոնց գների փոփոխման դինամիկան թույլ չի տալիս սահմանել մաքսային արժեքի որոշման չափանիշներ շատ թե քիչ երկարաժամկետ կտրվածքով, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաները, հաշվիչ մեքենաները, հեռախոսները, որոնք ևս անպայման կներառվեն հրապարակված ցուցակում, սակայն որոշ ժամանակ անց, քանի որ պետք է լուրջ վերլուծություններ կատարվեն դրանց մաքսային արժեքների չափանիշների որոշման շուրջ: Բանն այն է, որ դրանց, օրինակ` հեռախոսների, մաքսային արժեքները շատ արագ փոփոխվում են, և մենք այժմ վերլուծական աշխատանքներ ենք իրականացնում`  հարցն ինչ-որ կերպ կանոնակարգելու ուղղությամբ: Կայքում ներկայացված են նաև այն կոնկրետ գործարքները, որոնց դեպքում  մաքսային արժեքը որոշվել է գործարքի գնի մեթոդով, այսինքն` Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով: Ի դեպ, մենք այժմ փորձում ենք զարկ տալ և հնարավորինս նպաստել մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով որոշելու գործընթացին: Կարող եմ արձանագրել, որ որոշակի առաջընթաց այդ հարցում արդեն  նկատվում է, այսինքն` գործարարները հաճույքով ընտրում են միայն օրինական հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելու ճանապարհը, քանի որ գիտակցում են, որ օրինապահ և բարեխիղճ տնտեսվարողի ՙմաքսային կենսագրությունը՚ միայն ու միայն նպաստելու է իրենց գործունեությանը: Մենք եկել ենք այն համոզման, որ տնտեսվարող սուբյեկտին անընդհատ զննելով կամ հսկողության տակ պահելով` հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի, ավելի ճիշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր կազմակերպություն, յուրաքանչյուր գործարար հնարավորություն ունենա ժամանակի ընթացքում ստեղծել-ձևավորել իր դրական իմիջը, դրական «մաքսային կենսագրությունը»: Այդ դեպքում մաքսային ծառայությունը նրա նկատմամբ աննկատ կլինի, նա կանցնի առավել պարզեցված ընթացակարգերով, և հակառակը` մաքսային ծառայությունը նկատելի կլինի ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների կամ մաքսանենգության փորձ կատարողների համար:

-Պրն Խաչատրյան, հայտնի է, որ Դուք ձեր գործունեությունը ՀՀ ՄՊԿ նախագահի պաշտոնում սկսել եք` կարևորելով մաքսային բարեփոխումների իրականացման ծրագրում գործարարների հետ համագործակցությունն ու շփումները:

-Այո, քանի որ կարծում եմ, որ   շատ ավելի ճիշտ և արդյունավետ աշխատաոճ է, երբ  ակտիվ և անմիջական  համագործակցության մթնոլորտ է ձևավորվում մեր համակարգի և գործարար միջավայրի միջև, ասեմ ավելին. արտաքին տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում ներգրավված գործարարների ու մաքսային ոլորտին առնչվող կազմակերպությունների   ներկայացուցիչների հետ հանդիպումները կոմիտեում, սկսած ապրիլի 19-ից, կազմակերպվում են պարբերաբար, որպեսզի բարեփոխման այն քայլերը, որոնք սկսել ենք իրականացնել, անակնկալ չլինեն նրանց համար, այլ նախապես քննարկվեն` ոլորտ առ ոլորտ, և  վերջիններս իրազեկ լինեն այդ ամենից, նաև   ժամանակ ունենան ինչպես հարկն է` նախապատրաստվել փոփոխություններին և նրանց առաջադրվող նոր պահանջներին: Այդպես  մենք հնարավորություն ենք ստանում անմիջապես իրենցից` գործարարներից տեղեկանալ առկա հիմնախնդիրների ու մեր կողմից ձեռնարկված բարեփոխումների վերաբերյալ նրանց վերաբերմունքի ու արձագանքների մասին: Արդյունքում աճում է վստահությունը միմյանց նկատմամբ, իսկ աշխատանքը երկուստեք ավելի արդյունավետ է դառնում:

-Նման պարբերականությամբ հանդիպելով գործարարների հետ` դուք բնականաբար տեղյակ եք, որ նրանց առավել մտահոգում է հենց մաքսային արժեքի որոշման  խնդիրը: Հետաքրքիր է` կոնկրետ ի՞նչ չափանիշներ են գործում մաքսային արժեքի որոշման հարցում:

-Նախ նշեմ, որ մաքսային մարմիններին առնչվող հիմնական բոլոր գործառույթները, տեղեկատվական հիմնական բազան` ընդհուպ իրականացված կոնկրետ գործարքները, ներկայացված են Կոմիտեի պաշտոնական կայքում, հրապարակել ենք մաքսային ձևակերպումները` 2008թ. առաջին կիսամյակի կտրվածքով, հրապարակային ներկայացրել կողմնորոշիչ չափանիշները, ներառել ենք ամբողջ օրենսդրական դաշտը, ռազմավարական մեր ամբողջ փաթեթն ու ծրագիրը: Եվ նպատակը  հիմնականում այն է, որ թե° հասարակությունը, թե° գործարար միջավայրի ներկայացուցիչները հնարավորություն ունենան մասնակցել մեր ընտրած բարեփոխման քաղաքականության իրականացմանը` այդպիսով նաև շատ հարցերում օգնելով և հսկողություն սահմանելով մեր նկատմամբ: Օրինակ` Կոմիտեի ինտերնետային կայք-էջում ներկայացնում ենք նաև ներքին տարանցիկ բեռնափոխադրումների շարժը, այսինքն` երբ տրանսպորտային որևէ միջոց հատում է ՀՀ մաքսային սահմանը, կայքում դա անմիջապես երևում է. ցանկացած  իրավաբանական անձ  կամ ՍՊԸ կարող է տեսնել, թե իր  բեռնատար ավտոմեքենան որ ժամին որ մաքսակետով մուտք գործեց հանրապետություն և որ մաքսային պահեստ պետք է ուղևորվի: Սա  միաժամանակ լուրջ պայքար է մաքսանենգության դեմ, ինչպես նաև հրապարակային մոտեցման, հարկային և պետական համապատասխան այլ կառույցների հետ արդյունավետ կապի ապահովում:

Այժմ կոնկրետ մաքսային արժեքի մասով. այո, շատ է խոսվում, որ մաքսայինը պետք է բացարձակ հավասարություն ապահովի մաքսային արժեքների որոշման մեթոդների առումով, բայց դա կլինի անհավասարության հավասարություն, ինչն աբսուրդ է: Խոսքը պետք է գնա ոչ թե հավասար մաքսային արժեքներ կիրառելու, այլ մաքսային արժեքի որոշման կոնոնները բոլորի հանդեպ նույնությամբ կիրառելու մասին, հավասար մաքսային արժեքների կիրառումն ուղղակիորեն սահմանափակում է մրցակցությունը, քանի որ շուկայում գները մրցակցային են և տարբեր գործարքների շրջանակներում դրանք սահմանվում են` ելնելով մրցակցային տարատեսակ պայմաններից. քանակ, որակ, համագործակցության տևողություն, որոնց անտեսումն արդարացի չի լինի և բացասաբար կազդի բիզնես միջավայրի վրա: Գոյություն ունի մաքսային արժեքի որոշման 6 մեթոդ, բացի այդ` կարևոր է իմանալ ապրանքի ներմուծման, մատակարարման պայմանները: Նույն ապրանքը կարող է ներկրվել թե՛ Չինաստանից, թե՛ Գերմանիայից և թե՛ Միացյալ Նահանգներից: Եվ բնականաբար` այդ դեպքում տարբեր կլինեն դրանց մատակարարման, այն է` տրանսպորտային, բեռնափոխադրման, բեռնման-բեռնաթափման պայմանները, ինչի արդյունքում դրանք պարզապես չեն կարող  ձևակերպվել մաքսային նույն արժեքներով: Կամ ասենք` եթե որևէ մեկը նույն ապրանքից բերում է 1000 տոննա, իսկ մեկ ուրիշը` 10 տոննա, նման դեպքերում ևս դրանց մաքսային արժեքները չեն կարող հավասար լինել, քանի որ ունեն մատակարարման տարբեր պայմաններ: Իսկ մաքսային արժեքի որոծման կանոնների չտարբերակված կիրառումն ապահովելու ուղղությամբ ընդհանրապես`  մենք, իհարկե, լուրջ աշխատանքներ տանում ենք:

-Պրն Խաչատրյան, մաքսային արժեքի որոշման համատեքստում խնդրում եմ անդրադառնաք ևս մեկ հարցի, որը մտահոգում է շատ գործարարների. մաքսային մարմինը ներկայացված փաստաթղթերը, մասնավորապես` հաշիվ-ապրանքագիրը, ե՞րբ է հավաստի կամ ոչ հավաստի համարում:

-Դա, կարելի է ասել, մեր ամենացավոտ խնդիրներից է: Կարևորագույն սկզբունքը, որով առաջնորդվում է մաքսայինը`հաշիվ-ապրանքագիրը հիմք ընդունել-չընդունելու առումով, հետևյալն է. եթե տնտեսվարող սուբյեկտը ներկայացնում է այնպիսի հաշիվ-ապրանքագիր, որը հավաստված է արտահանող երկրի մաքսային ծառայության կողմից, բնականաբար` այդ հաշիվ-ապրանքագիրը հիմք ենք ընդունում` ապրանքի մաքսային արժեքը որոշելիս: Սակայն կան ռիսկային համարվող երկրներ, որոնցից ներմուծվող ապրանքների հաշիվ-ապրանքագրերը չեն կարող միանշանակ ընդունվել մաքսային մարմինների կողմից: Բերեմ կոնկրետ օրինակ` Արաբական Միացյալ Էմիրություններից ներկրվող հաշիվ-ապրանքագրերի մասով: Այդ երկրում գործում են 16 ազատ տնտեսական գոտիներ, որոնցում կատարվող առք ու վաճառքի գործարքների տվյալները իրենց երկրի մաքսային ծառայությունների համար հետաքրքրություն չեն ներկայացնում, ու եթե հաշիվ-ապրանքագիրը այդ սահմանը չի հատում, բնականաբար` մեզ մոտ էլ պետք է համարժեք կասկածի տեղիք տա: Սակայն այսպիսի դեպքերի համար գործում է ապրանքի մաքսային արժեքի որոշման շուկայական մեթոդը, որով էլ առաջնորդվում է մաքսայինը, այսինքն` օգտվում ենք միջազգային հատուկ մասնագիտական ինտերնետային կայքերից, որոնցում ամրաԳրված են շատ ապրանքների միջազգային շուկայական արժեքներ: Լինում են նաև բազմաթիվ առարկելի հարցեր, որոնց դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում Մաքսային կոմիտեին, և համակարգի տարբեր վարչությունների մասնագետներից կազմավորված համապատասխան խմբերը վերլուծում են առարկությունները: Նման դեպքում սուբյեկտիվ վերաբերմունքը և հովանավորչությունը բացառվում են: Ներկայացված դիմումները մանրակրկիտ քննարկվում են բոլոր այդ խմբերում, և հնարավոր կարճ ժամկետում կայացվում են համապատասխան որոշումներ: Եվ ի վերջո, կրկին նշեմ, ամենակարևորը` մեր ինտերնետային կայքում տեղադրված են մոտ 30 000 ապրանքների կողմնորոշիչ չափանիշներ` ըստ ծագման երկրի, իսկ որոշ ապրանքախմբեր` նույնիսկ մոդելներով:

-Նշեցիք, որ մաքսային բարեփոխման հիմնարար կետերից մեկն է լինելու մաքսային ընթացակարգերի պարզեցումը: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

-Տարբեր գործառույթների հետ կապված` այդ ընթացակարգերը տարբեր են: Զուտ փաստաթղթային ընթացակարգերի պարզեցում իհարկե լինելու  է, և այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են, սակայն ընդգծեմ, որ դրանք չեն կարող այնքան պարզեցվել ու կրճատվել, որ արդյունքում ընդհանրապես որևէ փաստաթուղթ չլինի: Մենք արդեն իսկ կրճատել ենք երեք փաստաթուղթ, ինչի արդյունավետությունը առաջին հերթին զգալու են հանրապետությունից մեկնող և այստեղ ժամանող քաղաքացիները: Ըստ այդմ` կրճատել ենք մաքսավճարի գանձման հանձնարարագիրը, այն այժմ կատարվում է բանկերում` գանձապետական մուծումների տեսքով: Իսկ առաջիկայում կառավարություն կներկայացնենք  կառավարության որոշման փոփոխության նախագիծ, որով ևս երկու պարտադիր փաստաթղթեր կկրճատվեն` այդպիսով ապահովելով մաքսային ձևակերպումների վրա ծախսվող լրացուցիչ ժամանակի խնայողություն, ինչը մեր գլխավոր խնդիրներից մեկն է: Հաջորդ քայլը կլինի բոլոր մաքսակետերում երկուղային համակարգի, այսինքն` «կարմիր»   և «կանաչ» ուղիների ներդրումը, ինչի շնորհիվ բոլոր այն քաղաքացիները, ովքեր հայտարարագրելու ոչինչ չունեն, կարող են առանց ավելորդ ընթացակարգերով անցնելու և ժամանակ վատնելու սահմանը հատել «կանաչ»  ուղիով: Ընթացակարգերի պարզեցման հաջորդ քայլը վերաբերում է միջազգային բեռնափոխադրումների գործընթացին: Հավանաբար գիտեք, որ Հայաստան ներմուծվող ապրանքների համար մաքսային կետերում լրացվում են փոխադրման ամփոփագրեր, այդ թվում Միջազգային ճանապարհային փոխադրումների կոնվենցիայով նախատեսված` TIR գրքույկների հիման վրա ներմուծվող և տարանցիկ փոխադրվող ապրանքների համար: Շուտով, Համաշխարհային բանկի առաջարկությամբ, բանակցությունների արդյունքում, TIR գրքույկների հիման վրա իրականացվող փոխադրումների դեպքում փոխադրման ամփոփագիր և «տարանցիկ փոխադրում» ռեժիմով մաքսային հայտարարագիր չի լրացվի: Այդպիսով մենք  կթեթևացնենք մաքսակետերի անրաբեռնվածությունը, կբացառենք հերթերն ու կուտակումները: Հաջորդ կարևոր քայլն արդեն կատարել ենք. խոսքը վերաբերում է կենտրոնական գանձապետարանի ծրագրին մաքսային և հարկային մուտքերի ստացման գործառույթի միացմանը, որի շնորհիվ մաքսային մարմինները վճարված հանձնարարագրերն անմիջապես տեսնելու հնարավորություն են  ստացել, ինչի արդյունքում  էլ արվում են համապատասխան ձևակերպումները: Սա ժամանակի խնայողության ևս մեկ արդյունավետ տարբերակ է: Մեզ համար այսօր շատ կարևոր է նաև մաքսային զննման ընթացակարգերի պարզեցումը: Երբ մենք կառուցվածքային կոնկրետ փոփոխություններ  իրականացնենք և մաքսային ձևակերպումները գնահատենք  ռիսկերի ամբողջական հենքով,  այդ ժամանակ հանրությունը շատ ավելի արագ կզգա կատարվող փոփոխությունների արդյունավետությունը: Ի դեպ, ընթացակարգերի պարզեցման առումով մենք մեկնարկային որոշ քայլեր արդեն կատարել ենք. «Ձյունիկ» մաքսային պահեստում ստեղծել ենք մաքսային ձևակերպումների մասնագետների` մաքսային բրոքերների գրասենյակ` հագեցած ժամանակակից տեխնիկայի, այդ թվում` համակարգչային և էլեկտրոնային կապի համակարգերով, որոնց շնորհիվ պահեստում իրականացվում է ոչ միայն բեռների մաքսային զննումը, այլև դրանց մաքսային ձևակերպումները, ինչը նախկինում կատարվում  էր մաքսատանը: Այս նորամուծությունը շուտով կներդրվի մաքսային բոլոր պահեստներում անխտիր: Մեր նպատակն է մաքսային հսկողության բոլոր գործառույթները կենտրոնացնել մեկ վայրում` թե՛ փաստաթղթերի ստուգումը, թե՛ բեռների զննությունն ու դրանց մաքսային ձևակերպումները, թե՛ դրանց բացթողումը` էականորեն փոխելով մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության ամբողջ ընթացակարգը: Մենք ենթադրում ենք, որ Հայաստանի մաքսային պատմության մեջ առաջին անգամ կիրառվող աշխատանքի նման մոտեցման շնորհիվ  նախ զգալի կկրճատենք ապրանքների` մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամկետները, և երկրորդ` կբարձրացնենք տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը: Նրանք այլևս ավելորդ ժամանակ և միջոցներ չեն վատնի` մաքսային ձևակերպումների նպատակով մաքսատուն հասնելու համար: Շուտով կկանոնակարգենք նաև ՀՀ-ում ներքին տարանցիկ բեռնափոխադրումների գործընթացը: Սա շատ կարևոր է, քանի որ, օրինակ, սահմանը հատած տրանսպորտային միջոցը, որի վրա դրված է բեռնարկղ, օրենսդրական բացի պատճառով`  առանց դրա ՀՀ տարածքում տեղաշարժվելու իրավունք չունի, ինչն իր հերթին կոպտորեն խախտում է տրանսպորտային լիցենզիա տրամադրելու ՀՀ կարգը: Նախատեսված փոփոխությունը կատարելով` այդպիսի տրանսպորտային միջոցներին առանձին մուտքի ու ելքի թույլտվություն կտանք` նույն սկզբունքը տարածելով նաև բեռնարկղերի վրա: Այսինքն` ՀՀ մուտք գործած տրանսպորտային միջոցն առանձին պետք է կարողանա մուտք ու ելք իրականացնել, բեռնարկղը` առանձին: Այդ նպատակով Մեղրիի մաքսակետում արդեն շահագործման ենք հանձնել  բեռնարկղային հրապարակը: Ի դեպ, խնդիր է դրված այդպիսի բեռնարկղային հրապարակներ կառուցել մյուս բոլոր մաքսային կետերում և մաքսային պահեստներում: Այս քայլի հիմքում նաև բիզնեսի ավելորդ թանկացումը կանխելու նպատակն է, որը մնացած բոլոր քայլերի համալիր ներդրման արդյունքում առավել  տեսանելի ու շոշափելի կդառնա հասարակության համար:

Ընթացակարգերի պարզեցման առումով կարևոր է նաև ռիսկայնության հանգամանքի ճիշտ գնահատումը. այսինքն` ընթացակարգերի պարզեցումը կիրականացվի` հիմնվելով մեր կարևորագույն սկզբունքի վրա. եթե կազմակերպությունը տարիների ընթացքում աչքի է ընկել օրինակելի գործելաոճով, եղել է բարեխիղճ և օրինապահ, դա ևս էական դեր կխաղա նրա նկատմամբ պարզեցված ընթացակարգեր կիրառելու գործում, և հակառակը` նման արտոնությունից չեն օգտվի անբարեխիղճ կամ մաքսանենգության փորձ կատարած տնտեսվարող սուբյեկտները:

Անդրադառնամ ևս մեկ կարևոր նորամուծության, որը ցանկանում ենք ներդնել բարեփոխումների շրջանակներում. դա առնչվում է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման ոլորտին; Այս բնագավառում նախատեսում ենք ներդնել խնդրահարույց դեպքերի կարգավորման եվրոպական փորձը, մասնավորապես` եթե ապրանքի ծածկագրի որոշման հարցում հայտարարատուն և մաքսային մարմինը անհամաձայնություն կունենան, ապա ապրանքների բացթողումը կկատարվի հայտարարատուի նշած ծածկագրով, իսկ մաքսային մարմինը բացթողումից հետո, 30-օրյա ժամկետում, հնարավորություն կունենա անցկացնել մանրամասն ուսումնասիրություն` ապրանքի ծածկագիրը որոշելու համար: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ հայտարարագրված ծածկագիրը ճիշտ չէ, ապա կկատարվի համապատասխան ուղղում, և հայտարարատուին կառաջադրվեն դրանից բխող լրացուցիչ մաքսային պարտավորություններ, որոնք նախօրոք ապահովված կլինեն բանկային երաշխիքով: Նման ուսումնասիրությունների արդյունքում հայտարարատուին կտրվի նաև ապրանքի մաքսային դասակարգման տեղեկանք, որով հետագայում հայտարարատուն կկարողանա  մաքսային մարմիններում հիմնավորել տվյալ ապրանքի ծածկագիրը: Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա կրճատել մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը, կապահովի ապրանքների դասակարգման գործընթացի թափանցիկությունը և մյուս կողմից մաքսային մարմիններին հնարավորություն կտա ավելի մանրակրիտ ուսումնասիրել դասակարգման խնդրահարույց դեպքերը:

-Թերևս կարելի է ենթադրել, որ ընթացակարգերի պարզեցումը սերտորեն առնչվում է նաև մաքսային համակարգում ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնմանը, ինչպես նաև բրոքերների ինստիտուտի ձևավորմանն ու կայացմանը: Սակայն մաքսային գործընթացներում բրոքերների ակտիվ ներգրավումը կարծես միանշանակ չի ընդունվում հասարակության մեջ, և առայժմ ոչ բոլորն են համակարծիք, որ դա նույնպես բարեփոխման գործընթացի նշանակալի քայլ է:

- Տարիներ շարունակ  մաքսային մարմիններն իրենք են իրականացրել   հայտարարագրումը, ինչը Մաքսային օրենսգրքի համաձայն` մեր գործառույթը չէ. օրենսգրքում հստակ նշված է, որ որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը, այսինքն` մաքսային միջնորդը կամ բրոքերը: Մենք այժմ հնարավորություն ենք ընձեռել, որ տնտեսվարող սուբյեկտն ինքը կարողանա անմիջապես գրասենյակից էլեկտրոնային կապուղիների միջոցով հայտարարագիր ներկայացնել մաքսատուն կամ  էլ հայտարարագրումն ինքնուրույն իրականացնել մաքսային մարմիններում այդ նպատակով առանձնացված հատուկ գրասենյակներից, կամ էլ նույն գործառույթները նրա փոխարեն կարող է իրականացնել մաքսային միջնորդը/բրոքերը:

Ապրիլից մեկնարկած բարեփոխման ծրագրի իրականացման գործընթացում Մաքսային ծառայությանն առաջադրված գերակա խնդիրներից է ինքնահայտարարագրման համակարգի հնարավորինս ընդլայնումը և միաժամանակ մաքսային բրոքերների ինստիտուտի ձևավորումն ու կայացումը: Այդ գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջնահերթ պահանջ է ինքնահայտարարագրման և մաքսային բրոքերների գրասենյակների ստեղծումը բոլոր մաքսային մարմիններում և մաքսային պահեստներում: Արարատյան մաքսատանն արդեն առանձնացվել ու գործում է ինքնահայտարարագրման  այդպիսի գրասենյակ, որտեղ տնտեսավարող սուբյեկտներն իրենք կարող են լրացնել մաքսային հայտարարագիր կամ այդ գործառույթը վստահել մաքսային բրոքերին: Ի դեպ, սա ողջ աշխարհում ընդունված կարգ է, և մենք ևս փորձում ենք աստիճանաբար անցում կատարել դրան` հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձը: Սա շատ կարևոր գործընթաց է մեզ համար, և մեր աշխատակիցներն էլ հնարավոր ամեն ինչ անում են` տնտեսվարողներին և մաքսային բրոքերներին անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելու համար, որպեսզի ինքնահայտարարագրման գործընթացը արդյունավետ կազմակերպվի, և հայտարարագրերը լրացվեն բացառապես սահմանված պահանջներին համապատասխան: Կարծում եմ` այս գործընթացի վերաբերյալ հանրության շրջանում թյուրըմբռնումներն ու կասկածները ժամանակի ընթացում կվերանան` ինքնահայտարարագրման համակարգի կայացմանը և բրոքերների ինստիտուտի ձևավորմանը զուգընթաց:  Ամենակարևորը` մենք ակնկալում ենք այդ ամենի արդյունքում նվազեցնել մաքսային ծառայողի և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի շփումներն ու կոռուպցիոն ռիսկերը:

-Պրն Խաչատրյան, բարեփոխումների` Ձեր նշած բոլոր քայլերն արդյունավետ իրականացնելու կարևոր ու անհրաժեշտ նախապայման են, անշուշտ, համակարգի տեխնիկական վերազինումը և աշխատանքի ճիշտ պլանավորումը: Ի՞նչ եք ծրագրել այդ առումով:

-Միանգամայն իրավացի եք. տեխնիկական վերազինումը անչափ կարևորվում է մեր համակարգում, քանի որ մաքսային լավ ծառայություն ունենալու գլխավոր նախապայմաններից մեկը ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ մաքսատների ու մաքսային կետերի ստեղծումն է, ինչպես նաև դրանց աշխատանքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը: Բայցև այդ ամենը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում, այսինքն` որքան մեծ լինեն ֆինանսական ներդրումները, այնքան արդյունքն ավելի ցանկալի ու տեսանելի կլինի: Իսկ միջոցների առկայության դեպքում արդեն կարևորվում  է աշխատանքի պլանավորումը, որի հետ կապված որոշ խնդիրներ կան, ուստի` մենք ՀՀ նախագահին և վարչապետին խնդրել ենք մեզ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել այդ հարցում: Թվարկածս բոլոր խնդիրները գտնվում են ՀՀ նախագահի հսկողության ներքո,  ինչպես գիտեք, հանրապետության վարչապետին կից օրերս ստեղծվել է Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդը` բարեփոխումների սահուն ընթացք և բիզնեսի արագ զարգացման հնարավորություն ապահովելու նպատակով: Այդ խորհրդի միջոցով հատուկ կապ է ապահովվելու հանրության հետ, ինչի շնորհիվ առավել հստակ պատկերացում կկազմենք, թե ինչպես է իրականացվում բարեփոխման մեր համալիր ծրագիրը, դրական կամ բացասական ինչ հետևանքներ են դիտարկվում այդ ամենի արդյունքում և այլն:
 
Մենք փորձում ենք ներգրավվել նաև միջազգային ծարգրերում, ինչի շրջանակներում համագործակցում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ: Այժմ ավելի հստակ նշեմ, թե կոնկրետ ինչ ծրագրեր ունենք տեխնիկական վերազինման առումով. մենք առաջին հերթին ցանկանում ենք ձևավորել կառավարման կենտրոնական համակարգ, որը ավտոտրանսպորտային միջոցների և ապրանքների բեռնափոխադրումների հսկողությունը կիրականացնի մեկ կետից: Այսինքն` հնարավոր կլինի հանրապետություն ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների շարժը մոնիտորների միջոցով ամբողջությամբ  վերահսկել անմիջապես Կոմիտեից: Ի դեպ, սա նաև հարկային մարմինների հետ համագործակցության եզրերից  մեկն է: Աշխատանքը սկսել ենք, և կարծում ենք, որ կոնկրետ արդյունքների կհասնենք: Բեռնարկղային հրապարակների ստեղծումը նույնպես տեխնիկական վերազինման առաջնային քայլերից է: Ինչպես նշեցի, այդպիսի հրապարակների շինարարությունը սկսել ենք Մեղրիից, և պետք է այդպիսիք ունենանք բոլոր մաքսակետերում ու մաքսային պահեստներում: Ընդ որում` այդ հրապարակներում տեղադրելու ենք տեխնիկական հզոր սարքավորումներ` տրանսպորտային միջոցները զննող սկաներներ, ռենտգեն, ռադիոակտիվ կամ օզոնային շերտը քայքայող նյութեր հայտնաբերող  սարքավորումներ, էլեկտրոնային կշեռքներ: Հատկապես այսպես կոչված զբոսաշրջային բեռների զննության համար շատ կարևոր է սկաներների առկայությունը:

Գիտեք հավանաբար, որ Մեղրիի և Բագրատաշենի մաքսակետերում մենք արդեն տեղադրել ենք մինչև 40 տոննա բեռների ճառագայթային զննում իրականացնող թանկարժեք սարքավորումներ, որոնք, ի դեպ,  միակն են տարածաշրջանում: Նման 2 սարքավորում ԱՊՀ երկրներից միայն Ղազախստանն ունի: Սարքի գործարկմամբ գրեթե 100 տոկոսով բացառվում է մաքսային իրավախախտումները թաքցնելու հավանականությունը: Սակայն, չնայած մաքսակետում նման հզոր սարքավորման առկայությանը, այն գործարկող մաքսավորները դեռևս բավարար հմտություններ չունեն և լիարժեք չեն տիրապետում սարքն աշխատեցնելու նրբություններին: Ուստի` մենք այժմ բանակցություններ ենք վարում այն երկրների հետ, որտեղ տեղադրված են այդպիսի  սարքավորումներ, որպեսզի մեր աշխատակիցներին գործուղենք այնտեղ` համապատասխան վերապատրաստում և ուսուցում անցնելու:

Եվ վերջապես ամենակարևորը` նպատակադրվել ենք անցում կատարել էլեկտրոնային հայտարարագրմանը, որն այլևս միջազգային սկզբունք է: Այս առումով խնդիր ունենք էլեկտրոնային ստորագրությունը շրջանառության մեջ դնելու հետ կապված, ուստի` մի քիչ զգուշավոր ենք որոշակի ժամկետ նախանշելու հարցում: Ինչ կտա սա: Ենթադրենք` Ռուսաստանում ձևակերպվում է Հայաստան արտահանվող բեռ, և դրա մասին ամբողջ տեղեկատվությունը ինտերնետային կապի միջոցով  արտացոլվում է ՀՀ մաքսային պետական կոմիտեում: Այդպիսով դարձյալ կրճատվում է փաստաթղթաշրջանառությունը, ինչը կհանգեցնի թե° ժամանակի արդյունավետ տնօրինման, թե° միջոցների խնայողության և այդ ամենի արդյունքում` բիզնեսի էլ ավելի արդյունավետ կառավարման: Նախնական փուլում այս գործընթացը կսկսենք  ԱՊՀ մեկ կամ երկու երկրների հետ համագործակցությամբ, այնուհետև կընդլայնենք աշխարհագրությունը:

-Այդ ամբողջն իրականություն դարձնելու համար համակարգին իհարկե անհրաժեշտ կլինեն որակյալ և անբասիր կադրեր: Այսինքն` Ձեր նշածների համատեքստում անշուշտ խիստ կարևորվում է կադրերի արդյունավետ կառավարման ապահովումը: Ի՞նչ քայլեր եք մտադիր ձեռնարկել, որպեսզի համակարգը համալրեք ունակ և որակյալ կադրերով:

-Նախ` կարևորում ենք  այդ նպատակով դասընթացների անցկացումը ինչպես Մաքսային պետական կոմիտեի ուսումնական կենտրոնում, այնպես էլ միջազգային լավագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում` Ռուսաստանի մաքսային ակադեմիայում, որի հետ համաձայնագիր ունենք:Բայց դա չի նշանակում, թե միայն առկա կադրերի վերապատրաստմամբ ենք զբաղվելու, նախատեսում ենք նաև կադրային լուրջ համալրումներ կատարել համակարգում:Ընդ որում, դա կփորձենք իրականացնել նաև այնպես, որպեսզի մաքսային համակարգում թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին ներկայանան արդեն իսկ համակարգից որոշակի պատկերացում ունեցող և պատրաստված կադրեր, որոնց նախապատրաստելու համար` մենք նախատեսել ենք նաև «Հայաստանի Հանրապետության մաքսային գործ» ուսումնական ծրագիրը, որին մասնակցելու հնարավորություն կունենան պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները: Դասախոսական կազմում ընդգրկվելու են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և մաքսային պետական կոմիտեի փորձառու մասնագետները: Իհարկե, մեր կողմից իրականացվող բոլոր այս քայլերը կադրերի կառավարման առումով  չեն կարող ցանկալի արդյունք ապահովել, եթե մենք, նրանց առջև որոշակի և հստակ պահանջներ դնելով հանդերձ, ֆինանսապես չխրախուսենք: Այդ նպատակով համակարգում արդեն գործում են աշխատանքի գնահատման չափանիշներ` ինչպես ամսվա, այնպես էլ կիսամյակի կտրվածքով: Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարում անհրաժեշտ արդյունք ապահովելու համար, ինչպես նաև տեսուչներին ՙայլ ճանապարհներով՚ եկամուտներ հայթայթելու գայթակղությունից զերծ պահելու նպատակով, մենք միանշանակ խրախուսում ենք մաքսանենգության դեպք հայտնաբերած տեսուչին` միանվագ պարգևատրումով, այս գործելաոճը միաժամանակ հստակեցնում է և ի ցույց է դնում յուրաքանչյուր տեսուչի կատարած կոնկրետ աշխատանքը, մինչդեռ նախկինում, եթե անգամ իրավախախտման դեպքը կանխվում էր մեկ տեսուչի կողմից, միևնույնն է` նշվում էր հայտնաբերողների մի քանի անուն:

Այս ամենին զուգահեռ, շատ կարևոր է նաև վերահսկողության մեխանիզմների ձևավորումը, մասնավորապես` նախատեսում ենք այդ նպատակի իրագործման համար տեսանկարահանող սարքեր տեղադրել տարածքային մաքսային բոլոր մարմիններում, որպեսզի դարձյալ հնարավոր լինի կենտրոնից վերահսկել տարածքների գործունեությունը, մաքսակետերում կատարվող անցուդարձը` արդյոք հերթեր, կուտակումներ կան, որքան է մեկ ձևակերպման տևողությունը, ինչպես են ընդհանրապես իրականացվում տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունները և այլն: Եվ ամենակարևորը` մենք ունենք ներքին աուդիտի վերահսկողության վարչություն, որի աշխատանքները, սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, նախատեսում ենք դարձնել առավել հեշտ կառավարելի և վերահսկելի: Ու քանի որ բարեփոխման մեր բոլոր քայլերը հստակ ժամանակացույց ունեն և կանխատեսվող կոնկրետ արդյունքներ, ուստի` կառուցվածքային այս փոփոխություններից ակնկալում ենք դարձյալ կոնկրետ արդյունք`  ձևավորել մաքսային ծառայության այնպիսի  կառուցվածք, որը կհամակարգի և հսկողություն կսահմանի մաքսային ձևակերպումների ամբողջ ընթացակարգերի նկատմամբ:

Կրկին հիշեցնելով, որ մեր կայքում զետեղված է մաքսային ոլորտին առնչվող տեղեկատվական հիմնական և ամբողջական բազան, նշեմ նաև, որ դրա շնորհիվ  մեր  իրականացրած գործընթացներն էլ վերահսկելի կլինեն հանրության կողմից, ինչը թերևս ամենակարևոր գրավականն է` արդյունավետ իրականացնելու բարեփոխման շրջանակներում նախանշված մեր բոլոր քայլերը:

-Պրն Խաչատրյան, վստահ եմ, որ համակարգում սկսված բարեփոխման մեծածավալ գործընթացն այսքանով  չի սահմանափակվում: Արդեն մեկնարկած միջոցառումներից զատ, կա՞ն արդյոք նախատեսված այլ նպատակներ ու ծրագրեր, և այդ ամենը հաջողությամբ կյանքի կոչելուց հետո, ըստ Ձեզ, մաքսային ինչպիսի՞ համակարգ մենք կունենանք:  

-Իհարկե, բարեփոխման այս բոլոր քայլերն  ամբողջությամբ իրագործելով, միևնույն է, չենք ազդարարի մաքսային համակարգի բարեփոխման վերջնակետը: Այն անընդհատ, շարունակական  գործընթաց  է, և բազմաթիվ անելիքներ դեռ առջևում են:

Ի վերջո, երբ ՀՀ քաղաքացին հատում է եվրոպական որևէ երկրի սահմանը, նա բացարձակապես չի զգում այսպես ասած` «մաքսայինի շունչը»,  չնայած որ նրա նկատմամբ այդ նույն մաքսայինի հսկողությունը աննկատ լինելով հանդերձ իրականացվում է ամենայն խստությամբ: Պարզապես այդպիսի մաքսային հսկողություն ապահովելու համար` անհրաժեշտ է գերհզոր տեխնիկայի առկայություն: Իսկ Հայաստանի մաքսային համակարգը նման տեխնիկայով վերազինելու համար կոմիտեն ակտիվորեն համագործակցում է ինչպես ԱՄՆ կառավարության «Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության» ՄԱԿ-ի` «Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման» (UNDP) ծրագրերի, այնպես էլ Մաքսային հարցերով Եվրամիության առաքելության (TAXUD) հետ: Մասնավորապես, վերջերս աշխատանքային այցով Հայաստանում էին Մաքսային հարցերով Եվրամիության առաքելության փորձագետները, որոնք եղել են բոլոր սահմանային մաքսակետերում` համակարգի տեխնիկական վերազինումը գնահատելու և նոր տեխնիկական առաջադրանքներ ներկայացնելու նպատակով: Ակնկալում ենք, որ դրան կհետևեն կոնկրետ քայլեր` համակարգը միջազգային ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համահունչ` տեխնիկապես վերազինելու ուղղությամբ:

Այնպես որ, համոզված եմ, շատ մոտ ապագայում, Հայաստանի «մաքսայինի շունչը» ևս նույնքան աննկատ կլինի մեր և օտարերկրյա քաղաքացիների համար, իսկ մաքսային հսկողությունը միաժամանակ` խիստ ու անթերի:  Ես տրամադրված եմ լավատեսորեն և մեծ հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մենք հասնելու ենք նրան, որ մարդկանց գիտակցության մեջ մաքսայինն այլևս բացասական երանգներով չի ընկալվելու, այլ ձևավորվելու է մաքսավոր-տնտեսվարող սուբյեկտ փոխվստահության և համագործակցության քաղաքակիրթ մթնոլորտ, որի կայացման հարցում բնականաբար ակնկալում ենք նաև հասարակության ու բիզնեսի պատրաստակամ և գործուն մասնակցությունը: