27 Հուլիս 2018
Հարկային օրենսդրության կատարելագործումը՝ ՊԵԿ դիտակետում
Դավիթ Անանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ

Հուլիսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը  ՊԵԿ նախագահը կարևորելով խորհրդի աշխատանքներն ուղղված բիզնես միջավայրի բարելավմանն ու հարկային օրենսդրության կատարելագործմանն՝ առաջարկել է այս ուղղությամբ շարունակել փոփոխությունները:

Դավիթ Անանյանն ընդգծել է, որ պետք է էլ ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը պետական և մասնավոր հատվածների միջև: Սեպտեմբերին կառավարությունում պետք է քննարկվի հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Աշխատանքները ժամանակացույցով ավարտին հասցնելու նպատակով՝ հանդիպման ընթացքում որոշվել է, որ այս կազմով խորհրդի նիստերը տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ ակտիվ ռեժիմի ձևաչափով: ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ անմիջական շփումների արդյունքում, ըստ էության, գույքագրում է ոլորտի խնդիրները, որոնք տարանջատում ենք երկու մասի՝ հարկային վարչարարության, որոնք ՊԵԿ-ի կարգավորման տիրույթում են, և քաղաքականությանն առնչվող, որոնք ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ ենթադրում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ,- նշել է ՊԵԿ նախագահը: 

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ համագործակցության այս ձևաչափով հնարավոր կլինի կառուցողական քայլերով էական փոփոխություններ արձանագրել օրենսդրության և վարչարարության բարելավման գործընթացներում:

Նիստի ընթացքում հարկային խորհրդի նախագահի գործառույթները ՊԵԿ նախագահը առաջարկել է փոխանցել Հարկ վճարողների պաշտպանություն ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանին՝ ինչը մեծ ոգևորությամբ ընդունվել է խորհրդի անդամների կողմից: