19 Հունիս 2019
Ներկայացվել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական զարգացման ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական քաղաքականության մշակման պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական քաղաքականության մշակման պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մշակված 2020-2024 թվականների ռազմավարական զարգացման  ծրագրի նախագիծը։

Մասնավորապես, մշակված ռազմավարությունը միտված է նախանշել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա հինգ տարիների զարգացման և իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, դրանց իրագործումն ապահովող նախագծերը և անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև ներկայացնել մակրոտնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցությունը և կանխատեսումները։ Այսպես՝ ռազմավարության շրջանակներում առանձնացված են հետևյալ հինգ ռազմավարական նպատակները․

1. Կառավարման համակարգերի կատարելագործում
2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում
3. Ենթակառուցվածքների արդիականացում, կառուցում
4. Հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավում
5. Մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում (բարելավում):

Նպատակների իրականացման համար առանձնացվել են համապատասխան ենթանպատակներ և անհրաժեշտ միջոցառումներ՝ նշելով յուրաքանչյուրի իրագործումից ակնկալվող արդյունքները, չափելի ցուցանիշները և պահանջվող ֆինանսական միջոցները։ Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը նպաստելու է հարկային և մաքսային ոլորտում վերլուծական գործիքներով վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ ընթացակարգերի օպտիմալացմանը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նախագիծը պարբերաբար թարմացվելու է` յուրաքանչյուր տարի ապահովելով առաջիկա  հինգ տարիների գործնական քայլերն ու զարգացման տեսլականը:

Տեղի է ունեցել մտքերի ակտիվ փոխանակում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ, որից հետո ներկայացված ռազմավարական զարգացման նախագիծը հավանության է արժանացել ներկաների կողմից։

Վարչապետ Փաշինյանը, շնորհակալություն ու գոհունակություն է հայտնել ՊԵԿ ղեկավարությանը նախաձեռնության համար և հանձնարարել Ռազմավարությունը սահմանվել տիպային այլ պետական կառավարման մարմինների համար՝ շեշտելով, որ նման նախաձեռնությամբ հանդես գալը պետք է լինի ՀՀ յուրաքանչյուր գերատեսչության օրակարգում։