27 Հունիս 2019
ՊԵԿ. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք
Նյութերն ուղարկվել են կոմիտեի համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների  հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել: Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալ ինքը տեղյակ չի եղել: Այն որպես ուղեկցվող բեռ իրեն փոխանցել է նույն ավտոբուսի ուղևոր Վ.-ն՝ տվյալ ուղևորափոխադրումն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով:

Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար: