28 Հունիս 2019
ՊԵԿ-ում հարկ վճարողների հետ քննարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն առնչվող հարցեր
Մշակվել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ ուղեցույց

Պետական եկամուտների կոմիտեում հարկ վճարողների հետ հերթական հանդիպմանը ներկայացվել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Հարկ վճարողներին տեղեկացվել է, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն կառավարության մի շարք որոշումներ, որոնք կարգավորում են պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կարգը, տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառումը, փոխհամաձայնեցման ընթացակարգը: Իսկ ՊԵԿ պաշտոնական կայքէջում կտեղադրվի տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ ուղեցույցը, որը մշակվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund)՝ «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում։ Ուղեցույցում կներկայացվի տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ Հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված հոդվածները՝ համապատասխան օրինակներով, ինչի շնորհիվ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումը կդառնա ավելի դյուրին և ըմբռնելի։

Կարևորելով ուղեցույցի անհրաժեշտությունը, հարկ վճարողներն առաջարկել են առանձին ոլորտների համար ևս նմանատիպ ուղեցույց մշակել: Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռքբերվել հանդիպում կազմակերպել նաև ուղեցույցի հրապարակումից հետո՝ քննարկելու այն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք դեռևս լրացուցիչ կարգավորման կարիք կունենան։