23 Հուլիս 2019
Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի...

Պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 22-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետ։ Վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը, դրանց փոխգործելիության սկզբունքները և տեխնիկական բնութագրերը, «մեկ պատուհան» համակարգի հետագա զարգացման հեռանկարները և նախագծերը, ինչպես նաև մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգը: Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները: 

Քննարկվել են նաև նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ, այդ թվում՝ իրականացման փուլում գտնվող երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրման նախագիծը։