08 Օգոստոս 2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիիում
Կոմիտեի ղեկավարը շրջել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածքում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այցելել է Գյումրի` տեղում ծանոթանալու ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածքին, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի, կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ու ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի ուղեկցությամբ Դավիթ Անանյանը շրջել է տարածքում, հետևել իրականացվող աշխատանքներին: 

Շրջայցի ընթացքում կոմիտեի ղեկավարը շինարարների հետ քննարկել է նախագծային բոլոր մանրամասները, ըստ գործառույթների՝ հստակեցրել ապագա կենտրոնի արդյունավետ գործարկման հնարավորությունը: Դավիթ Անանյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահը նոր հանձնարարականներ է տվել՝ վստահեցնելով, որ խիստ և հետևողական է լինելու խնդիրների լուծման ուղղությամբ: Ավտոմաքսատան համար նախատեսված կառույցը շահագործման կհանձնվի հոկտեմբերին:
Նախագծի իրագործան արդյունքում աշխատանքի հնարավորություն կստանան տարածաշրջանի բնակիչները: Այդ նպատակով ՊԵԿ-ը նախատեսում է երկամսյա դասընթացներ կազմակերպել մասնագետներ պատրաստելու համար: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և հաստատվել է դրա անհատական կազմը: Որոշման համաձայն աշխատանքային խմբի ղեկավարը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը յուրաքանչյուր շաբաթ կառավարության ղեկավարին պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Կառավարության նիստում հավանություն է տրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ներկայացրած նախագծին, որով Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 181 մլն դրամ և 21,5 հա հող: