ՀՀ մաքսային համակարգն ստեղծվել է 1992թ. հունվարի 4-ին` ՀՀ նախագահի հրամանագրով: Իր գործունեության առաջին տարիներին այն գործել է որպես մաքսային վարչություն: 1999թ. հուլիսից ընդգրկվել է ՀՀ պետական եկամուտների նախարարության կազմում: ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն ստեղծվել է 2001թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասին» թիվ 603 որոշմամբ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը: 2008 թ-ի օգոստոսի 20-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ու ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային ծառայությունը միաձուլվել են` վերակազմակերպելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
2014թ. մայիսի 8-ին «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը միաձուլման ձևով վերակազմակերպվեցին՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: ՀՀ Նախագահի 2016թ. մարտի 1-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է` դրանից առանձնացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԻԶԲԸ
Կիլիկիայի Հայկական Պետությունում օտարերկրյա առեւտրականները մաքս էին վճարում տեղափոխվող կամ վաճառվող ապրանքներից (սովորաբար` 4%, արտոնությունների դեպքում` 1-2% կամ առանց տուրքի) Պատմական Հայաստանում մաքսատուրքեր գանձվել են անցահարկի, մաքսի, նաեւ բաժի ձեւով: Բաժը հարկի տեսակ էր հին եւ միջնադարյան Հայաստանում:
Հին շրջանում գանձվել է բաժին-հարկ, միջին դարերում այդ հարկատեսակին փոխարինել են մաքսը, վաճառահարկը (առեւտրահարկ) ակցիզ: Որպես մաքս-բաժ գանձվել է ներմուծվող ապրանքներից: «Բաժ» տերմինը վկայված է Եղիշեի «Պատմության» մեջ, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցում», Անանիա Շիրակացու «Խնդրագրքում» եւ այլն: Միջին դարերում մաքսատուրքին համապատասխանել է անցահարկը կամ մաքսը, որը սկզբում գանձվում էր վաճառականներից` որոշակի տարածքի սահմանագլխին, կամուրջների գետանցների մոտ եւ այլն, հետագայում` իրացված ապրանքից (վաճառավայրերում):
Կիլիկիայի Հայկական Պետությունում օտարերկրյա առեւտրականները մաքս էին վճարում տեղափոխվող կամ վաճառվող ապրանքներից` որոշակի տոկոսներով (սովորաբար` 4%, արտոնությունների դեպքում` 1-2% կամ առանց տուրքի):
Բացի տոկոսային հաստատուն մաքսատուրքերից, կիրառվում էր մասնակի մաքսատուրք, որը գանձվում էր որոշ ապրանքներից (գինի, յուղ, անասուններ, ոսկի, թանկարժեք քարեր, պղինձ, երկաթ, բամբակ, կտորեղեն եւ այլն): Մաքսատուրքեր էին գանձվում նաեւ կիրճերով, լեռնանցքներով, կամուրջներով, գետանցներով, ֆեոդալների կամ Կիլիկիայի ողջ տարածքով կատարվող փոխադրումների, շուկայում վաճառասեղան ունենալու համար, նավահանգիստներում խարսխվող նավերից, օտարերկրյա վաճառականների անձնական իրերի տեղափոխման համար:
XIV-XVIII դդ. Հայաստանում մաքսատուրքերը եղել են տարատեսակ եւ կամայական: Յուրաքանչյուր նվաճող կիրառում էր որոշակի մաքսային տարիֆ, փոփոխում դրանք` իր շահերից ելնելով: Մաքսակետերը ցրված էին առեւտրային բոլոր ճանապարհների վրա եւ այնքան շատ էին, որ մաքսատուրքեր գանձելու իրավունքը հաճախ կապալով տրվում էր մասնավոր անձանց:
Ռուսաստանին Անդրկովկասի միացումը առեւտրի զարգացման նոր հնարավորություններ ստեղծեց: Դրա խթանիչ ամենակարեւոր ազդակը կյանքի եւ ունեցվածքի ապահովությունն էր: Առեւտրային կյանքի զարգացման կարեւոր գործոններից էր նաեւ Անդրկովկասում ռուսական բանակի առկայությունը, որին մթերք մատակարարելու անհրաժեշտությունը հարստացման նոր աղբյուր էր:
Առեւտրի զարգացումը առավել խթանեց բնամթերային հարկի փոխարինումը դրամական հարկով, որը նպաստեց տնտեսության ապրանքայնացմանը, ինչպես նաեւ վաճառքի համար տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդարձակումն ու մի շարք այլ գործոններ: Ռուսական կառավարությունը եւ նրա պաշտոնատարներն Անդրկովկասում մեծ նշանակություն էին տալիս առեւտրի զարգացմանը:
Դեռ նոր էին Երեւանի ու Նախիջեւանի խանություններն ազատվել պարսկական լծից, երբ գեներալ Պասկեւիչը տեղական իշխանություններին հրահանգեց հոգալ Երեւանում եւ Սարդարապատում գրաված բամբակի շահավետ վաճառքի մասին: Նա տեղական իշխանությունների ուշադրությունն էր հրավիրում նաեւ Կողբում աղի հանույթն ընդլայնելու անհրաժեշտության վրա: Ռուսական իշխանությունները ամեն կերպ խրախուսում էին հայ վաճառականներին: Արդեն 1830-ականներից ցարական պաշտոնական աղբյուրները հաստատում էին այն իրողությունը, որ հայ առեւտրականներն իրենց ձեռքն են առել Թիֆլիսի եւ ողջ Անդրկովկասի առեւտուրը:
1840 թվականից Արեւելյան Հայաստանի առեւտուրը սկսում է որոշակի աշխուժացում ապրել: Արտահանվում են բամբակ, բրինձ, չոր մրգեր եւ այլն:
Արտաքին առեւտրային կապերը աշխույժ էին Պարսկաստանի եւ Թուրքիայի հետ: Վերջինիս հետ առեւտուրը կատարվում էր Օրգովի մաքսային ուղեկալի եւ Ալեքսանդրապոլի մաքսային վարչության միջոցով: 1840-ականների երկրորդ կեսին Թուրքիա է արտահանվել 800 000 ռուբլու (արծաթով) եւ ներմուծվել շուրջ 850 000 ռուբլու ապրանք: Արտահանվել են բամբակ, բրինձ (400 000 ռուբլի), չմշակված կաշիներ, ծխախոտ եւ այլ ապրանքեր: Ներմուծվել են շինարարական փայտ, անասուններ, ապխտած ձուկ, հացահատիկ եւ այլն:
Թուրքիայի հետ առեւտրի հանգուցակետը Ալեքսանդրապոլն էր: 1863թ. այս քաղաքով Թուրքիա է արտահանվել 350 000 ռուբլու արտադրանք:
Երբ տեղական եւ մասնավորապես` հայ վաճառականները փորձում էին ռուսական կապիտալի գործունեության շրջանակները սահմանափակել, բախվում էին իշխանությունների վճռական հակահարվածին:
Այսպես, 1847թ. Մոսկվայի մի շարք գործարանատերեր եւ վաճառականներ Թիֆլիսում հիմնեցին «առեւտրական դեպո», որի միջոցով Մոսկվայի, Վլադիմիրի եւ Նիժնի Նովգորոդի տոնավաճառի ապրանքները վաճառահանվում էին Անդրկովկաս: «Դեպոն» այստեղից Ռուսաստան էր արտահանում տորոն, մետաքս, բամբակ, սոյա եւ այլն: Նույն տարում հայ վաճառականները փոխարքային (Մ.Ս. Վորոնցով) միջնորդություն ներկայացրին` «դեպոյին» արգելել մանրածախ առեւտրով զբաղվել: Խնդրանքը ոչ միայն մերժվեց, այլեւ նրանց հասկացրին նման դիմումի անտեղի լինելը:
Չնայած կառավարության հովանավորությանը, ստեղծված աննպաստ պայմանների պատճառով 1852թ. «դեպոն» փակվեց:
Նույն քաղաքականությունն էր տարվում նաեւ մաքսային բնագավառում, երբ բախվում էին ռուսական եւ տեղական առեւտրային դասի շահերը:
1821թ. ռուսական կառավարությունը ներդրեց մաքսային բարձր տարիֆներ, որոնցով գրեթե արգելվում էր արտասահմանյան արդյունաբերական այնպիսի ապրանքների ներմուծումը Ռուսաստան, որոնց արտադրությունն արդեն սկսված էր տեղում: Ռուսական արդյունաբերական կապիտալի անարգել զարգացումն ապահովող այդ միջոցառումը Անդրկովկասի վրա չտարածվեց, քանի որ ռուսական արդյունաբերությունը դեռեւս անկարող էր սպասարկել նրա պահանջները:
Մերձավոր եւ Միջին Արեւելքի շուկաներում ռուսական կապիտալը չէր կարող մրցել եվրոպական կապիտալի հետ: Այդ պատճառով էլ դեռեւս 1821թ. վերջին Անդրկովկասի համար մշակված էր մաքսային քաղաքականության միանգամայն այլ գիծ, որը շահավետ պայմաններ էր ստեղծում եվրոպական ապրանքները Անդրկովկաս ներմուծելու եւ ապա Պարսկաստան ու Թուրքիա արտահանելու համար:
Անդրկովկաս ներմուծվող ապրանքներից գանձվում էր 5% մաքս, իսկ Պարսկաստան առաքվող ապրանքների համար հաստատվում էր անմաքս տարանցում: Մաքսային նման քաղաքականության շնորհիվ հետագա տասը տարիներին կրկնապատկվեց Անդրկովկասի արտաքին առեւտրաշրջանառությունը, որի ընդհանուր գումարը հասավ 2 462 700 ռուբլու: Անդրկովկասի փոխարքային վերապահված էր, նախարարներից եւ նախարարություններից անկախ, տեղական բազմազան հարցերի լուծումը: Նրան էր ենթարկվում նաեւ մաքսային վարչությունը:
Արտաքին առեւտրի ասպարեզում գլխավոր դերը խաղում էին հայ վաճառականները, ովքեր առեւտրային կապեր հաստատեցին եվրոպական խոշոր շատ քաղաքների հետ, մասնավորապես` Լայպցիգի տոնավաճառի հետ: Բայց 1821թ. այդ արտոնյալ տարիֆը եւ դրա շնորհիվ եվրոպական ապրանքների առատ ներհոսքը Անդրկովկաս, մասամբ նաեւ Ռուսաստան, բացասական նշանակություն ունեցան ռուսական արդյունաբերական բուրժուազիայի համար: Ուստիեւ վերջինս համառորեն ձգտում էր, որ Անդրկովկասի վրա եւս տարածվի մաքսային տարիֆը` կազմված հովանավորչական մաքսային քաղաքականության ոգով, որը նպաստում էր ռուսական բուրժուազիայի շահերին: Ռուս բուրժուազիային 1821թ. մաքսատուրքի վերացումը հաջողվեց միայն շնորհիվ տեւական ու համառ պայքարի եւ ֆինանսների նախարար Կանկրինի աջակցության:
1831թ. կանոնադրությամբ` Անդրկովկասն ընդգրկվեց Նիկոլայ 1-ի կառավարության հովանավորչական մաքսային քաղաքականության շրջագծում եւ դարձավ ռուսական արդյունաբերության արտադրանքի վաճառահանման ներքին շուկա: Վերոհիշյալ կանոնադրությամբ` 5% մաքսային դրույքը ուժի մեջ թողնվեց միայն ասիական ապրանքների համար: Եվրոպական ապրանքների Անդրկովկաս ներմուծումը թույլատրվում էր միայն սեւծովյան նավահանգիստներից: Այդ ապրանքներից մաքս գանձվում էր ընդհանուր հիմունքներով` համաձայն Ռուսաստանում սահմանված մաքսային բարձր տարիֆների: Արգելվում էր արտասահմանից ներմուծել ռուսական արդյունաբերության համար ոչ ձեռնտու ապրանքներ: Արտասահմանյան ապրանքների` Անդրկովկասի տարածքով Ռուսաստան ներմուծումը խստիվ արգելվում էր: Բայցեւ թույլատրվում էր առանց մաքսի Անդրկովկասից արտահանել ռուսական եւ տեղական ապրանքներ:
Ապարդյուն էին Անդրկովկասի վաճառականների եւ առաջին հերթին հայ առեւտրային կապիտալի ներկայացուցիչների բոլոր միջնորդությունները` այս կամ այն ձեւով երկարացնել կամ գեթ մասամբ պահպանել նախորդ մաքսային համակարգը: Սակայն 1831թ. գրեթե արգելիչ մաքսային տարիֆը չտվեց այն արդյունքները, ինչ ակնկալում էին ցարական կառավարությունը եւ ռուսական բուրժուազիան:
Այն ավելի քան բացասական հետեւանքներ ունեցավ, քանի որ Թիֆլիսի փոխարեն Եվրոպայի ու Միջին Արեւելքի միջեւ առեւտրի կենտրոն դարձավ Տրապիզոնը: Անհրաժեշտություն առաջացավ միջոցներ ձեռնարկել` նախկին իրավիճակը վերականգնելու համար: Ռուսական կառավարությունը հանգեց եզրակացության, որ անհրաժեշտ է 1831թ. արգելիչ մաքսային կարգը վերացնել եւ եվրոպական ու ասիական տարանցիկ առեւտրի համար նոր կանոններ հաստատել, ինչը եւ արվեց 1846թ. վերջին: Մաքսանենգության գործերով բոլոր ձերբակալվածներին սահմանապահ զորքերը հանձնում էին մաքսային ուղեկալներին:
Նոր կանոնադրությամբ թույլատրվում էր եվրոպական եւ ասիական ապրանքների տարանցիկ փոխադրումն Անդրկովկասի վրայով, իջեցվում էին եվրոպական ապրանքներից գանձվող մաքսերը: Բայց նախկին նպաստավոր իրավիճակը այլեւս չվերականգնվեց: Արեւմտաեվրոպական տերություններին հաջողվել էր Տրապիզոնի վրայով շահավետ առեւտրային ուղիներ հարթել դեպի Մերձավոր ու Միջին Արեւելքի շուկաներ: Թերեւս վերոհիշյալն էր պատճառներից մեկը, որ ցարական կառավարությունը 1844թ. Անդրկովկասում ստեղծեց փոխարքայություն:
Առաջին փոխարքա Մ.Ս. Վորոնցովը օժտված էր մեծ լիազորություններով: Նրան վերապահված էր, նախարարներից եւ նախարարություններից անկախ, տեղական բազմազան հարցերի լուծումը: Փոխարքային էր ենթարկվում նաեւ մաքսային վարչությունը: Փոխարքան Կովկասի զինվորական գլխավոր հրամանատարն էր: Հայաստանի մաքսային համակարգի կազմավորումը սկսվեց Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու` 1828թ. փետրվարի 28-ի Թուրքմենչայի պայմանագրով:
1828թ. մարտի 21-ին Նիկոլայ I -ի հրամանագրով ստեղծվեց Հայկական մարզը որի մեջ մտան Երեւանի ու Նախիջեւանի գավառները եւ Օրդուբադի շրջանը: Մարզի վարչության պետ նշանակվեց գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն: 1830-1838թթ. Հայկական մարզի պետն էր իշխան Բ. Բեհբութովը: Այդ տարիներին սկսեցին ձեւավորվել պետական կառավարման մարմինները, որոնց շարքում` նաեւ մաքսային համակարգը:
1831թ. արդեն գործում էին Նախիջեւանի մաքսատունը եւ Իգդիրի մաքսային ուղեկալը, 1834-ին` Էրիվանի մաքսատունը, 1836-ին` Գյումրիի մաքսատունը, Կուլպի եւ Մեղրի մաքսային ուղեկալները: Այդ տարիներին մաքսատները ենթարկվում էին Անդրկովկասյան մաքսային տարածքին, որն էլ մտնում էր Ֆինանսների նախարարության արտաքին առեւտրի դեպարտամենտի կազմի մեջ:
1835թ. մաքսային պահազորը վերափոխվեց սահմանապահ պահազորի: Լինելով զինվորական կազմակերպություն` սահմանապահ պահազորի գլխավոր ղեկավարումը քաղաքացիական պետական պաշտոնյանների ձեռքում էր:
Սահմանապահ տարածքը (օկրուգ) ենթարկվում էր Ֆինանսների նախարարության արտաքին առեւտրի դեպարտամենտին: Տեղերում սահմանապահ պահազորը ենթարկվում էր մաքսային տարածքի պետին: Անդրկովկասում սահմանի վրա կազմավորված էր նաեւ պահպանաջոկատ, որը հիմնականում կատարում էր սանիտարա-կարանտինային հսկողություն: Անդրկովկասում միանման վարչակարգ ստեղծելու եւ ընդհանուր օրենքներով կառավարելու խնդիրներից ելնելով` 1840թ. օրենքով տարածաշրջանում վարչական նոր բաժանում կատարվեց. Վրացա-իմերեթական նահանգ` Թիֆլիս եւ Կասպիական մարզ` Շամախի կենտրոններով: Չբավարարվելով դրանով` 1846թ. դեկտեմբերի 14-ին կառավարությունը կրկին Անդրկովկասը վարչական բաժանման ենթարկեց: Այս անգամ ստեղծվեցին չորս նահանգներ` Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու եւ Դերբենդի: Երեւանի, Նախիջեւանի եւ Ալեքսանդրապոլի գավառները մտան Թիֆլիսի նահանգի կազմի մեջ: Քանի որ այս դեպքում եւս անտեսվում էին երկրամասի ազգային առանձնահատկությունները` ցարական կառավարությունը 1849թ. հունիսի 9-ին կազմավորվեց Երեւանի նահանգը: Նահանգի մեջ մտան Երեւանի, Նախիջեւանի, Ալեքսանդրապոլի, Օրդուբադի եւ Նոր Բայազետի գավառները:
Այսպիսով` Արեւելյան Հայաստանի զգալի մասն ամփոփվեց վարչական մեկ միավորի մեջ, որը եւ դարձավ նահանգի տնտեսական եւ մշակութային առաջընթացի խթան:
1861թ. Ալեքսանդրապոլի կարանտինա-մաքսային վարչության կազմում գործում էին Օրգովի եւ Իգդիրի կարանտինա-մաքսային ուղեկալները:
1864թ. հոկտեմբերի 29-ին Ֆինանսների նախարարության արտաքին առեւտրի դեպարտամենտը վերափոխվեց մաքսատուրքերի դեպարտամենտի:
1866թ. գործում էր Էրիվանի կարանտինա-մաքսային տարածքը (օկրուգ):
1867թ. դեկտեմբերի 9-ի օրենքով Անդրկովկասը բաժանվեց հինգ նահանգների` Քութայիսի, Թիֆլիսի, Երեւանի, Ելիզավետպոլի եւ Բաքվի: Իսկ 1874թ. Երեւանի նահանգը բաժանվեց յոթ գավառի` Երեւանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջեւանի, Սուրմալուի, Շարուր-Դարալագյազի:
Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմում Թուրքիայի պարտություն կրելուց հետո, 1878թ. Ռուսաստանին միացվեց Կարսի մարզը` չորս շրջաններով` Կարս, Կաղզվան, Օլթի եւ Արդահան:
Անդրկովկասում եւ Արեւելյան Հայաստանում տնտեսական, հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի առաջընթացն ավելի արագացավ հետբարեփոխումային ժամանակաշրջանում (1861), երբ զարգացող ռուսական կապիտալիզմը իր հորձանուտի մեջ ներքաշեց կայսրության ծայրամասերը:
Հաղորդակցության միջոցների բարեկարգումը եւ նորերի ստեղծումը (հատկապես երկաթուղու) ռուսական կապիտալիստներին հնարավորություն տվեցին մեծացնել իրենց ապրանքների արտահանումն Անդրկովկաս:
Միայն հինգ տարվա ընթացքում (1872-76թթ.) այդ արտահանումը կրկնապատկվեց, իսկ հետագա տարիներին ավելի քան տասնապատկվեց: Անդրկովկաս էին ներմուծվում գերազանցապես արդյունաբերական ապրանքներ` բրդյա եւ բամբակյա գործվածք, մետաղյա արտադրանք, կաշվե ու փայտե իրեր, շաքար, արտահանվում էր գյուղատնտեսական մթերք:
Ռուսական կապիտալիզմը նպաստեց երկրամասի տնտեսության զարգացմանը: Այսպես, 1870-80թթ. Ալավերդիում եւ Զանգեզուրում պղնձի հանքերի մշակումը կատարվում էր պարզունակ եղանակներով, տիրապետում էր ձեռքի աշխատանքը: Այդ վիճակը պայմանավորված էր մի կողմից Ռուսաստանի մետաղամշակման թույլ զարգացմամբ եւ ցարիզմի մաքսային քաղաքականությամբ, մյուս կողմից` տեղական կապալառուների ունեցած փոքր միջոցներով ու ճանապարհների անբարեկարգ վիճակով:
1885թ. կառավարությունը գրեթե երեք անգամ մեծացրեց երկիր ներմուծվող պղնձի մաքսը (հովանավորչական քաղաքականություն), մեկ փթի համար գանձելով 1.5-3 ռուբլի` 1868թ. սահմանված 60 կոպեկի դիմաց: Դրանով էր պայմանավորված նաեւ, որ պղնձի արտադրությունը Արեւելյան Հայաստանում 1870թ. արտադրվող 13.4 հազարից 1900թ. հասավ 71.5 հազար փթի, այսինքն` 30 տարվա ընթացքում ավելի քան հնգապատկվեց:
Այդ տարիներին Արեւելյան Հայաստանում զարգացան նաեւ աղի արտադրությունը, բամբակագործությունը, մետաքսաթելի, կաշվի մշակումը, օղու, գարեջրի, կոնյակի, պանրի, պահածոների, մրգի չորացման, ձեթի արտադրությունը, գորգագործությունը եւ այլն:
1890-ականներին Ռուսաստանի մաքսային համակարգում տեղի ունեցան մի շարք բարեփոխումներ:
Այսպես, 1893թ. սահմանապահ պահազորը դուրս բերվեց մաքսային գերատեսչությունից, որպես առանձին սահմանապահ զորամիավորում (կորպուս) ներառվեց Ֆինանսների նախարարության կազմում, որտեղ նախարարը գլխավոր ղեկավարն էր` «շեֆ» կոչումով:
1896-ից Կովկասյան սահմանապահ պահազորի թվակազմը ավելացավ: Սահմանը պահպանվում էր կոզակային զորամասերով, տեղական միլիցիայի ջոկատներով, մաքսային աստիճանավորներով:
1890 թվականից սկսվեց մաքսային համակարգի վերազինումը. «Բերդան» հրացանները փոխարինվեցին նոր, այսպես կոչված` «Տրյոխլինեյկաներով», «Սմիթ Վինսոն» ատրճանակները` «Նագան» տեսակի ատրճանակներով:
19-րդ դարի վերջին Ռուսաստանի պետական տուրքերի համակարգում մաքսատուրքերը զբաղեցնում էին երկրորդ տեղը` ոգելից խմիչքի վաճառքից ստացված օգուտներից հետո, կազմելով պետական բյուջեի եկամտային մասի 14.5%-ը: Ընդ որում` մաքսային գերատեսչության եւ սահմանապահ պահազորի ընդհանուր ծախսերը կազմում էին Ռուսաստանի պետական բյուջեի եկամուտների ընդամենը 8%-ը:
1904թ. Ռուսաստանում ընդունվեց մաքսային նոր կանոնադրություն, որի համաձայն` մաքսային համակարգը կազմված էր պահակակետերից, անցակետերից, ուղեկալներից, մաքսատներից, տեղամասային եւ տարածքային մաքսային վարչություններից, որոնք էլ ենթարկվում էին Ֆինանսների նախարարության մաքսատուրքերի դեպարտամենտին: Նույն կանոնադրությամբ, սահմանայինից բացի, գոյություն ունեին նաեւ ներքին մաքսատներ` երկրի ներսում տեղափոխվող ապրանքների մաքսային զննումը կատարելու համար:
Այդ տարիներին հիմնական մաքսանենգ ապրանքներն էին սպիրտը, ծխախոտը, մետաքսյա, բամբակյա եւ բրդյա գործվածքը, ոսկյա եւ արծաթյա իրերն ու ռուսական պարտատոմսերը:
Հարկ է նշել, որ մաքսանենգության գործերով բոլոր ձերբակալվածներին սահմանապահ զորքերը հանձնում էին մաքսային ուղեկալներին` դրանով նրանց պարտականությունները սահմանափակվում էին: Կանոնադրության համաձայն` մաքսային աշխատակիցների կաշառվածությունը կանխելու համար մշակվել էր նյութական խրախուսման համակարգ: Բռնագրավված ապրանքները ենթակա էին վաճառքի` հրապարակային աճուրդով, ընդ որում` ստացված գումարի 45%-ը տրվում էր բռնագրավողներին:
30 տարվա ընթացքում (1883-1913թթ.) մաքսային օգուտը, ավելի ստույգ մաքսատուրքը ներմուծվող ապրանքներից, ավելացավ միջինը 198%-ով, իսկ ընդհանուր հարկերը` 185%-ով: