Մաքսային և այլ վճարների վերաբերյալ

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (Օրենգիրք) 46-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային վճարներն են՝
1) ներմուծման մաքսատուրքը.
2) արտահանման մաքսատուրքը.
3) ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.
4) Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս գանձվող ակցիզները (ակցիզային հարկը կամ ակցիզային վճարը).
5) մաքսավճարները:
Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար վճարվում են միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր, հարկեր կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր՝ Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան:

Ներմուծման մաքսատուրք
«Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014թ. պայմանագրի (Պայմանագիր) 25-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ներմուծման մաքսատուրքը պարտադիր վճար է, որը գանձվում է Միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում:
Պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում Միության անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ Պայմանագրով նախատեսված դեպքերի։
Պայմանագրի 42-րդ հոդվածի համաձայն՝ Միության տարածքում կիրառվում են Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու Միության միասնական մաքսային սակագինը, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և համարվում են Միության առևտրային քաղաքականության գործիքները:
Միության միասնական մաքսային սակագնի շրջանակներում կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի հետևյալ տեսակները՝
1) ադվալորային՝ հաշվարկվում է հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով,
2) յուրահատուկ՝ հաշվարկվում է ըստ ֆիզիկական հատկանիշների՝ հարկման ենթակա ապրանքների բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ),
3) խառը՝ երբ զուգակցվում են 1-ին և 2-րդ ենթակետերում նշված երկու տեսակները:
Միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման՝ պայմանավորված Միության մաքսային սահմանով ապրանք տեղափոխող անձանցից, գործարքների տեսակներից և այլ հանգամանքներից՝ բացառությամբ Պայմանագրի 35-րդ, 36-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված դեպքերի։
Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օպերատիվ կարգավորման նպատակով, անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանվել սեզոնային մաքսատուրքեր, որոնց գործողության ժամկետը չի կարող գերազանցել տարվա ընթացքում 6 ամիսը, և որոնք կիրառվում են Միության միասնական մաքսային սակագնով նախատեսված ներմուծման մաքսատուրքերի փոխարեն։
Պայմանագրի 26-րդ հոդվածի համաձայն՝ վճարված (գանձված) ներմուծման մաքսատուրքերը ենթակա են հաշվեգրման և բաշխման անդամ պետությունների բյուջեների միջև։
Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու Միությն միասնական մաքսային սակագինը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշմամբ:
ՀՀ-ի համար Միության միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ ապրանքների անվանացանկին և դրույքաչափերին համապատասխան, սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ:

 

Արտահանման մաքսատուրք
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս: Օրենքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի այլ դրույքաչափեր:

Ավելացված արժեքի հարկ
ՀՀ հարկային օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ, ի թիվս այլոց, համարվում են նաև 
1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը.
2) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը:
ՀՀ հարկային օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում  ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ նաև Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:
ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:
Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը:
ՀՀ հարկային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

Ակցիզային հարկ
ՀՀ հարկային օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ ակցիզային հարկը ՀՀ հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
ՀՀ հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ, ի թիվս այլոց, համարվում են նաև՝ 
1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
2) ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ հարկային օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների դեպքում ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով:
ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են՝
1) էթիլային սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի).
2) սպիրտային խմիչքները.
3) գարեջուրը.
4) գինին.
5) ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները).
6) քսայուղը.
7) բենզինը.
8) դիզելային վառելիքը.
9) հում նավթը.
10) նավթամթերքները.
11) նավթային գազերը.
12) գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի).
13) սեղմված բնական գազը:
ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափերը: 
 
Պետական տուրք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 90-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար բազային տուրքի 3.5-ապատիկի չափով
2) ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների համար՝
ա. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար

բազային տուրքի չափով
բ. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար
բազային տուրքի 0.3-ապատիկի չափով
3) խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի մաքսային հսկողության համար
բազային տուրքի 500-ապատիկի չափով
4) Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման՝ յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար
բազային տուրքի 10-ապատիկի չափով
5) մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար՝
ա. օրական՝ մինչև մեկ տոննայի համար

բազային տուրքի չափով
բ. մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար
բազային տուրքի 0.3-ապատիկի չափով
6) տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար՝
ա. մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաներ

բազային տուրքի 2-ապատիկի չափով
բ. այլ տրանսպորտային միջոցներ
բազային տուրքի 5-ապատիկի չափով
7) մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների և ապրանքների ծագման երկրի վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման համար
բազային տուրքի 30-ապատիկի չափով
8) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման համար
բազային տուրքի 30-ապատիկի չափով


Մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար պետական տուրքը գանձվում է վերը նշված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

Բնապահպանական հարկ.
ՀՀ հարկային օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական հարկը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է:
ՀՀ հարկային օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝
1) մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը.
2) ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքը.
3) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝
ա. հատուկ հատկացված տեղերում տեղադրելը,
բ. հատուկ հատկացված տեղերում պահելը.
4) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը,
բ.ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը:
ՀՀ հարկային օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում բնապահպանական հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնապահպանական հարկի գումարը:
ՀՀ հարկային օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն՝ արտանետման աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկով հարկման բազա,  ի թիվս այլոց, համարվում է արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցների տեսակը և բեռնատարողությունը:
ՀՀ հարկային օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման բազա,  ի թիվս այլոց, համարվում է՝
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝
ա. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ այդ ապրանքների մաքսային արժեքը,
բ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող՝ ԱԱՀ-ով հարկման բազան (առանց այդ ապրանքների համար ՀՀ հարկային օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի):
Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 168-րդ հոդվածով, իսկ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը հաշվարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածով:

Ճանապարհային հարկ
ՀՀ հարկային օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային հարկը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է:
ՀՀ հարկային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ, ի թիվս այլոց համարվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը:
ՀՀ հարկային օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է ճանապարհային հարկի գումարը: Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտքի և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու տևողությունը՝ արտահայտված օրերով, ըստ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածի` արտահայտված տոննաներով:
ՀՀ հարկային օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետություն մուտքի յուրաքանչյուր 15 օրվա համար՝ ըստ ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածի նույն մասով սահմանված դրույքաչափերով:
 
Ներքին շուկայի պաշտպանության նպատակով կիրառվող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման և այլ տուրքեր
Պայմանագրի 48-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող և երրորդ երկրների ծագման ապրանքների նկատմամբ Միությունում կարող են ներմուծել ներքին շուկայի պաշտպանության միջոցներ՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների, ինչպես նաև այլ միջոցների տեսքով՝ Պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու կամ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը փոփոխելու կամ չեղարկելու կամ միջոցը չկիրառելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից:
Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումն իրականացվում է Պայմանագրի 8-րդ հավելվածով սահմանված պայմաններով և կարգով:
Ապրանքը ներմուծելիս հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմանը նախորդում է ուսումնասիրություն, որն իրականացվում է Պայմանագրի 8-րդ հավելվածին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից որպես ուսումնասիրությունների իրականացման համար պատասխանատու մարմին նշանակված մարմնի կողմից:
Հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրումը և բաշխումն իրականացվում են Պայմանագրի 8-րդ հավելվածին համապատասխան:
Օրենգրքի 71-րդ հոդվածի համաձայն՝ Միությունում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի տեսքով ներքին շուկայի պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում այդ տուրքերը ենթակա են վճարման Օրենսգրքով սահմանված կարգով:
Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարող են հանդիսանում հայտարարատուն կամ այլ անձինք, որոնց համար առաջացել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորություն այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ կիրառվում է ներքին շուկայի պաշտպանության միջոց՝ հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման տուրք, հատուկ քվոտաներ ներմուծելու միջոցով:
Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկումն ու վճարումն իրականացվում են Օրենսգրքով ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման և վճարման համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 12-րդ գլխով և Պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները:
Օրենսգրքի 12-րդ գլխի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: