ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու համար գրանցման կարգի վերաբերյալ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (Միություն) մաքսային օրենսգրքի  (Օրենսգիրք) 104-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` գրավոր մաքսային հայտարարագրումը թույլատրվում է՝
1) ապրանքները «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.
2) անձնական օգտագործման ապրանքների դեպքում.
3) միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների դեպքում.
4) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում.
5) Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ որպես մաքսային հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ անդամ պետությունների՝ երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր օգտագործելու դեպքում.
6) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում Միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ դեպքերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 546-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման կարգով (Կարգ) կարգավորվում են մաքսային հայտարարագիր ընդունելու իրավասություն ունեցող մաքսային մարմին Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների, տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ժամանակ, դրանց մասին տեղեկությունները, ընտրված մաքսային ընթացակարգերը և մաքսային մարմին օրենսդրությամբ ներկայացվելու ենթակա այլ տեղեկությունները, էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները։
Օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող անձինք (այսուհետ` հայտարարատու) էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին ներկայացվող մաքսային հայտարարագրում լրացնում են օրենսդրությանը համապատասխան հայտարարագրում լրացման ենթակա տեղեկությունները՝ Կարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերով նախատեսված իրավական ակտերին համապատասխան:
Էլեկտրոնային մաքսային հայտարարագրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված համապատասխան համակարգի միջոցով:
Ընտրված մաքսային ընթացակարգին համապատասխան` ապրանքների, տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ այդ փաստաթղթերից մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ՄՄԱՏՀ) միջոցով ներկայացվում են մաքսային մարմին՝ Կարգի պահանջներին համապատասխան։
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրում իրականացնելիս` մաքսային համակարգում ձևավորվող փաստաթղթերն ստորագրվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրում իրականացնելիս՝ մաքսային համակարգում ձևավորվող փաստաթղթերը, էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում, ներկայացվում են առանց ստորագրության` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը մաքսային մարմնի կողմից տրամադրվող ՄՄԱՏՀ-ում անհատական օգտանվամբ և ծածկագրով, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած նույնականացման քարտով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջների համաձայն պետական մարմինների կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերում անհատի խիստ նույնականացման համար ներդրված տեխնիկական միջոցներով: ՄՄԱՏՀ-ում խիստ նույնականացման համար ներդրված տեխնիկական միջոցների կիրառումը ֆիզիկական անձանց կողմից կատարվում է անվճար հիմունքներով:
Մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունները հայտարարատուի կողմից կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացվել մաքսային մարմին՝ որպես էլեկտրոնային փաստաթուղթ` էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ թղթային կրիչով փաստաթղթերի առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված էլեկտրոնային օրինակները ներկայացնելու միջոցով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունները հաստատող` փաստաթղթերը թղթային կրիչով մաքսային մարմնի կողմից կարող են պահանջվել միայն ռիսկերի կառավարման համակարգի կողմից մաքսային հսկողության ընտրված ուղու շրջանակներում` փաստաթղթերի ստուգման անհրաժեշտության վերաբերյալ ցուցման առկայության պարագայում:
Հայտարարատուի կողմից ՄՄԱՏՀ-ի միջոցով ձևավորվում և (կամ) ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) մաքսային հայտարարագիրը.
2) մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, եթե դրանք նախկինում չեն ներկայացվել մաքսային մարմին, և հայտարարատուի կողմից ներկայացված տվյալներում առկա չեն մաքսային մարմնի տեղեկատվական բազայում այդ փաստաթղթերը նույնականացնելու համար անհրաժեշտ հղումները.
3) ընտրված մաքսային ընթացակարգին համապատասխան` Օրենսգրքի 108-րդ հոդվածով, 135-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով, 164-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 177-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 189-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 236-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, 239-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և 2-րդ կետի 2-րդ ենթակետով ու 249-րդ հոդվածով նախատեսված այլ փաստաթղթեր:
Էլեկտրոնային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում ՄՄԱՏՀ-ի միջոցով, որին կից ներկայացվում է նաև, ընտրված մաքսային ընթացակարգին համապատասխան, մաքսային հայտարարագրի հետ ներկայացվող` Կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ցանկը:
Մաքսային մարմինը ՄՄԱՏՀ-ի կիրառմամբ իրականացնում է մաքսային հայտարարագրի` կարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերում նշված իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան լրացված լինելու վերաբերյալ (սահմանված ձևաչափին համապատասխան), ինչպես նաև առկայության պարագայում՝ էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգում:
Կարգի 14-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում, ներկայացված մաքսային հայտարարագրի՝ Կարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերում նշված իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության պարագայում, մաքսային հայտարարագիրը գրանցվում է՝ ՄՄԱՏՀ-ի կողմից ստանալով համապատասխան հերթական համար, որից հետո այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ:
Մաքսային հայտարարագրի գրանցման և համարի մասին տեղեկատվությունը հայտարարատուին հայտնվում է ՄՄԱՏՀ-ի միջոցով՝ ոչ ուշ, քան գրանցումից հետո 15 րոպեի ընթացքում:
Ներկայացված մաքսային հայտարարագրում սխալների բացահայտման պարագայում հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից չի գրանցվում, իսկ ՄՄԱՏՀ-ի միջոցով հայտարարատուին հայտնվում է մաքսային հայտարարագրում տեղ գտած սխալների մասին տեղեկատվություն: ՄՄԱՏՀ-ի միջոցով մաքսային մարմնի կողմից ուղարկված տեղեկատվությունը պետք է պարունակի մաքսային հայտարարագրի գրանցման մերժման պատճառը` Օրենսգրքի 111-րդ հոդվածով և Կարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերում նշված իրավական ակտերով սահմանված մերժման հիմքերի մասին հղումը: Սխալների բացահայտման պատճառով մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցումը մերժվելու դեպքում, մինչև հայտարարատուի կողմից դրանց ուղղումը, մաքսային հայտարարագիրը համարվում է մաքսային մարմին չներկայացված, ինչը չի կարող կասեցնել մաքսային հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված ժամկետը:
Գրանցված մաքսային հայտարարագիրն ստուգվում է մաքսային մարմնի կողմից ՄՄԱՏՀ-ի կիրառման միջոցով` Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:
Մաքսային մարմնի կողմից Կարգի 18-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում կայացվում է որոշում մաքսային հսկողության ձևերի ընտրության, ինչպես նաև մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչի մասին տեղեկատվությունը հայտարարատուին հայտնվում է ՄՄԱՏՀ-ի միջոցով՝ գրանցումից հետո առավելագույնը մեկ ժամվա ընթացքում:
Էլեկտրոնային մաքսային հայտարարագրի` ռիսկերի կառավարման համակարգի միջոցով ստուգման արդյունքում, ընտրված մաքսային հսկողության ուղու շրջանակներում ապրանքների և տրանսպորտային միջոցների զննման անհրաժեշտության վերաբերյալ ցուցման դեպքում, մաքսային մարմինը ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում դրա վերաբերյալ իրազեկում է հայտարարատուին՝ նշելով զննման իրականացման վայրի և ժամի մասին տեղեկություններ: Մաքսային հսկողության արդյունքների հիման վրա, օրենսդրությամբ նախատեսված պահանջներին և պայմաններին համապատասխան, մաքսային մարմնի պաշտոնատար անձը համապատասխան նշումներ է կատարում ՄՄԱՏՀ-ում` բացթողման (պայմանական բացթողման), արտահանումը թույլատրելու, բացթողումը մերժելու, էլեկտրոնային մաքսային հայտարարագրում փոփոխություններ կատարելու և օրենսդրությամբ նախատեսված գործողությունները ձևակերպող այլ նշումներ` մաքսային հսկողության վերաբերյալ գրառումներ իրականացնելու համար նախատեսված սյունակներում, ինչպես նաև լրացնում է օգտագործված նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկություններ: Հայտարարատուին ՄՄԱՏՀ-ի միջոցով հայտնվում են մաքսային մարմնի կողմից նույն կետին համապատասխան կատարված նշումների վերաբերյալ տեղեկությունները:
Օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան, մինչև հայտարարագրումը ապրանքների բացթողման նպատակով՝ տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների՝ էլեկտրոնային եղանակով հայտարարագրման դեպքում, հայտարարատուի կողմից ձևավորվում են և (կամ) ներկայացվում են՝
1) Օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով պահանջվող փաստաթղթերը.
2) արգելքների և սահմանափակումների պահպանված լինելը հաստատող փաստաթղթերը և տեղեկությունները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կարող են պահպանված լինել մաքսային հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ:
Էլեկտրոնային եղանակով հայտարարագրված ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ կատարելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը ապրանքների պահպանման վայրի (ժամանակավոր պահպանության պահեստ, մաքսային պահեստ, կամ օրենսդրությամբ սահմանված այլ վայրեր) համապատասխան ներկայացուցչին ուղարկում է ապրանքների՝ պահպանման վայրից դուրսբերումը թույլատրված լինելու վերաբերյալ տեղեկատվություն: