Զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանով տեղափոխվող ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգեր

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 49-րդ գլխի համաձայն` Անձնական օգտագործման նպատակով ապրանքների համար մաքսային գործառնություններն իրականացվում են՝ Մաքսային միության մաքսային տարածք ժամանման կամ այդ տարածքից մեկնման վայրերում տեղաշարժման եղանակներից ելնելով կամ Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտական (կամ ժամանակավոր) հիմունքներով բնակվում է այդ ապրանքների համար որպես հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող ֆիզիկական անձը:

Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով կամ գնացքով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում, մաքսային մարմինների կողմից այդ անձանց հնարավորություն է ընձեռվում մաքսային գործառնություններն իրականացնել՝ չհեռանալով այդ տրանսպորտային միջոցներից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթները պահպանելու համար:

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղևորվելու ժամանակ՝ ապրանքները մաքսային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ:

Գրավոր մաքսային հայտարարագրման ենթակա են՝

  1. անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են չուղեկցվող ուղեբեռում կամ փոխադրողի կողմից տեղ են հասցվում ֆիզիկական անձի հասցեով.
  2. անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են ցանկացած եղանակով և որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ՝ բացառությամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների.
  3. անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են ցանկացած եղանակով, այդ թվում՝ ժամանակավոր ներմուծվող ապրանքները, որոնց արժեքը և (կամ) քանակը գերազանցում է այն ապրանքների տեղափոխման նորմերը, որոնք ազատված են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված մաքսային վճարների վճարումից.
  4. անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք տեղաշարժվում են ցանկացած եղանակով՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ժամանակավոր արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից և հետ են ներմուծվում այդ տարածք.
  5. Մաքսային միության անդամ պետությունների արժույթը, արժեթղթերը և (կամ) արժութային արժեքները, ճանապարհային չեկերը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում.
  6. մշակութային արժեքները.
  7. ուղեկցվող ուղեբեռում ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները, եթե դրանք տեղափոխող ֆիզիկական անձն ունի չուղեկցվող ուղեբեռ.
  8. Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մյուս ապրանքները:

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է գրավոր ձևով՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիրը:

Ցանկության դեպքում՝ ֆիզիկական անձն իրավունք ունի հայտարարագրել անձնական օգտագործման ապրանքները, որոնք ենթակա չեն գրավոր մաքսային հայտարարագրման՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիրը: 16 տարին չլրացած ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է նրան ուղեկցող անձի կողմից (տվյալ անձի ծնողներից որևէ մեկի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի կողմից, նրան ուղեկցող այլ անձի կողմից կամ, ուղեկցող անձանց բացակայության դեպքում, փոխադրողի ներկայացուցչի կողմից, իսկ առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների ուղեկցությամբ անչափահաս տարիքի անձանց խմբի կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում՝ այլ անձանց՝ խմբի ղեկավարի կամ փոխադրողի ներկայացուցչի կողմից):

Ուղևորային մաքսային հայտարարագիրը պետք է մաքսային մարմին ներկայացվի դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի հետ միասին: Այդպիսի փաստաթղթեր են համարվում՝

  1. անձը հաստատող փաստաթղթերը (այդ թվում՝ անչափահաս անձի).
  2. անչափահաս անձի որդեգրումը, խնամակալությունը կամ հոգաբարձությունը հաստատող փաստաթղթերը.
  3. հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հաստատող փաստաթղթերը.
  4. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.
  5. մաքսային վճարների վճարման համար սահմանված արտոնությունները հաստատող, այդ թվում՝ ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր ներմուծումը (արտահանումը) հաստատող, ինչպես նաև ֆիզիկական անձին որպես փախստական, հարկադրաբար տեղահանված անձ կամ մշտական բնակության համար տեղափոխվող անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթերը, որոնք սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.
  6. սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը՝ բացառությամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների.
  7. այնպիսի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս նույնականացնել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը.
  8. անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերը.
  9. մյուս փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ներկայացնելու պահանջը նախատեսված է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:

Չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում՝ ի հավելումն սույն հոդվածի առաջին կետով նախատեսված փաստաթղթերի, ներկայացվում է մաքսային մարմնի կողմից ձևակերպված այն ուղևորային մաքսային հայտարարագրի օրինակը, որը տրվել էր ֆիզիկական անձին մաքսային սահմանով ուղևորվելու ժամանակ:

Եթե այդ ուղևորային մաքսային հայտարարագիրը չի ներկայացվել դրա կորստի կամ այլ պատճառներով, ապա չուղեկցվող ուղեբեռում ներմուծված անձնական օգտագործման ապրանքները դիտարկվում են որպես մաքսային վճարների վճարումից ազատված ապրանքների ներմուծման համար սահմանված արժեքային, քանակական և քաշային նորմերի գերազանցմամբ ներմուծված ապրանքներ, եթե ֆիզիկական անձը չապացուցի հակառակը: