Անդամակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպությանը
Համաշխարհային մաքսային կազմակերպության պատմությունը սկիզբ է առնում 1947թ-ից, երբ Եվրոպական տնտեսական համագործակցության 13-րդ հանձնաժողովում համաձայնություն տրվեց ստեղծել ուսումնասիրության խումբ: Վերջինիս խնդիրն էր ուսումնասիրել սակագների եւ առեւտրի ընդհանուր համաձայնագրի սկզբունքների վրա հիմնված մեկ կամ մի քանի ներեվրոպական մաքսային միությունների ստեղծման հնարավորությունը: 1948-ին ուսումնասիրության խումբը ստեղծեց երկու հանձնաժողով` տնտեսական եւ մաքսային: Տնտեսական հանձնաժողովի իրավահաջորդը դարձավ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը, իսկ մաքսային հանձնաժողովը վերածվեց Մաքսային համագործակցության խորհրդի (Customs Co-operation Council - CCC):
1953թ. հունվարի 26-ին Բրյուսելում Մաքսային համագործակցության խորհրդի անդրանիկ նիստին մասնակցում էր եվրոպական 17 երկրի ներկայացուցիչ: Խորհրդին անդամակցող երկրների ցանկը տարիների ընթացքում ընդլայնվել է, եւ 1994թ. Խորհուրդը վերանվանվեց Համաշխարհային մաքսային կազմակերպություն` ընդգծելու գլոբալ միջկառավարական ինստիտուտի իր կարգավիճակը:
Համաշխարհային մաքսային կազմակերպությունն այժմ 171 երկրի մաքսային կոմիտեների միավորում է, որը գործում է բոլոր մայրցամաքներում` ներկայացնելով տնտեսական զարգացման բոլոր մակարդակները: Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունները պետք է ավելի ակտիվորեն ներգրավվեն որոշումներ կայացնելու գործում: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը Բրյուսելում Է: Այսօր Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամները պատասխանատու են միջազգային առեւտրի գրեթե ամբողջ գործընթացի համար: 2006թ. Համաշխարհային մաքսային կազմակերպությունը ստեղծել է «Կոլումբոսի» ծրագիրը. մաքսային պատմության մեջ ամենամեծ կառույցը, որը նպատակ ունի աջակցել սահմանված չափանիշների կիրառմանը` ի նպաստ անվտանգ ու պարզեցված գլոբալ առեւտրի: 2006թ. ուժի մեջ է մտել նաեւ Կիոտոյի փոփոխված համաձայնագիրը` մաքսային գործընթացների պարզեցման ու ներդաշնակության վերաբերյալ: 2007թ. հունվարի 1-ին ուժի մեջ է մտել Ներդաշնակ համակարգի 2007թ. տարբերակը:
ՀՀ մաքսային պետական կոմիտեն միջազգային մաքսային կազմակերպությունների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության դիրքորոշում ունի իր կազմակերպումից ի վեր` 2001-ից: Մասնավորապես` Կոմիտեն անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը: 2003թ. ՀՄԿ գլխավոր քարտուղարի ընտրության նիստում Հայաստանի Մաքսային պետական կոմիտեն դարձել է կազմակերպության կարեւոր մարմիններից մեկի` Մաքսային քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ` Եվրոպայի տարածաշրջանից: Դա մեր երկրին ընձեռում է համաշխարհային մաքսային քաղաքականության ձեւավորման գործընթացներին ակտիվ մասնակցության հնարավորություն: Հայաստանից բացի, այդ հեղինակավոր հանձնաժողովի կազմում ԱՊՀ տարածաշրջանից ընդգրկվել է միայն Ռուսաստանի Դաշնությունը:
2009թ. հունվարի 1-ից լիազորությունները կստանձնի Համաշխարհային մաքսային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան (նշանակվել է հունիսի 28-ին): Իր ծրագրում կառույցի նոր ղեկավարը առաջնային է համարել անդամ պետությունների հետ ակտիվ համագործակցությունը: Կունիո Միկուրիայի համոզմամբ` ՀՄԿ կառավարման մարմիններում անդամ երկրների մասնակցությունը բավարար մակարդակի չէ, եւ կազմակերպության ներուժը հնարավորինս հզորացնելու համար գլխավոր քարտուղարը անհրաժեշտ է համարում անդամ պետություններին ավելի ակտիվորեն ներգրավել որոշումներ կայացնելու գործում: Այդ դեպքում, Միկուրիայի դիտարկմամբ, Մաքսային կոմիտեներին միավորող համաշխարհային այս կառույցի գործունեության արդյունավետությունն առավել ակնհայտ կլինի:
Անդամակցություն ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդին
ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 23-ին` «Տնտեսական միություն ստեղծելու մասին» պայմանագրի դրույթների իրագործման նպատակով: Հետագայում, ԱՊՀ շրջանակներում ընդունվել են մի շարք միջպետական և միջկառավարական համաձայնագրեր, մասնավորապես` 1994 թ. ապրիլի 15-ին ստորագրվել է «Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին» համաձայնագիրը, որի համաձայն, ԱՊՀ որևէ երկրի ծագման ապրանքը ԱՊՀ մեկ այլ երկիր տեղափոխելիս, այն օգտվում է մաքսատուրքի արտոնությունից:
ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդում ընդգրկված են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները:
Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեության սկզբից մինչ օրս Հայաստանի Հանրապետության անունից «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» բազմակողմանի համաձայնագիր է ստորագրվել Խորհրդի անդամ բոլոր երկրների հետ: Բացի այդ կնքվել են երկկողմանի միջկառավարական համաձայնագրեր Վրաստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի հետ: Իսկ նախորդ տարի Բելոռուսի հետ միջգերատեսչական արձանագրություն է ստորագրվել մաքսային վիճակագրության տվյալների փոխանակման վերաբերյալ: Նման երկու արձանագրություն առաջիկայում կստորագրվի նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ:
Ստորագրված միջազգային պայմանագրերի դրույթների իրականացման, ինչպես նաև Խորհրդի առջև դրվող նոր խնդիրների լուծման համար ընդունվել է Խորհրդի նոր, արդիական կանոնակարգ:
Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հիմնական նպատակներն են.
- տնտեսական ինտեգրման խորացումը
- մաքսային ոլորտում ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային ծառայությունների գործողությունների համակարգումը
- ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցումը և մաքսային արարողակարգերի միասնականացումը:
Հարկ է նշել, որ Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստ գումարվում է տարին երկու անգամ` յուրաքանչյուր կիսամյակի վերջում:
Տեղեկացնենք, որ 2005թ. ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների հետ մեր հանրապետությունից արտահանման տեսակարար կշիռը կազմել է շուրջ 18 %, իսկ ներմուծմանը` 28%: Նախորդ տարվա ընթացքում այդ ցուցանիշներն աճել են: Արտահանման տեսակարար կշիռը կազմել է 21%, իսկ ներմուծմանը` 31%: Այս տարի ևս արձանագրվել է որոշակի աճ. ընթացիկ տարվա կիսամյակի ընթացքում արտահանման տեսակարար կշիռը կազմել է 30%, իսկ ներմուծմանը` 33.%:
ԱՊՀ-ից որպես արտաքին առևտրի գործընկերներ առավել բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Վրաստանի հետ ապրանքաշրջանառության ոլորտում:
Անդամակցություն «Ռիլո-Մոսկվա» տարածաշրջանային հանգույցին
«Ռիլո-Մոսկվան»` իրավապահպան աշխատանքների գծով կապի տարածաշրջանային հանգույցներից է, և ստեղծվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության նախաձեռնությամբ: ՀՀ Մաքսային պետական կոմիտեն կարևորում է միջազգային մաքսային կազմակերպությունների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը և անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը:
Հաշվի առնելով ՀՀ ՄՊԿ-ի ակտիվ մասնակցությունը միջազգային մաքսային գլխավոր կառույցի քաղաքականության մշակման գործընթացներին, նաև այն հանգամանքը, որ, ելնելով մեր երկրի աշխարհագրական դիրքից, Հայաստանը Ասիա-Եվրոպա մայրցամաքները կապող տարանցիկ երկիր է, կարևորվում է մեր երկրով երկու մայրցամաքների միջև ապրանքաշրջանառության մաքսային արդյունավետ հսկողության կազմակերպումը: Դրանով է նաև պայմանավորված, որ Երևանում անցկացվեց «Ռիլո-Մոսկվա» մասնակից պետությունների մաքսային գերատեսչությունների կապի ազգային հանգույցների ղեկավարների 6-րդ նստաշրջանը:
Ներկայում գործում է 10 Ռիլո հանգույց, որոնք տեղակայված են Գերմանիայում, Լեհաստանում, Չինաստանում, Սաուդյան Արաբիայում, Քենիայում, Կամերունում, Սենեգալում, Մարոկկոյում, Չիլիում և Ռուսաստանում: Ի դեպ, կապի տարածաշրջանային հանգույցներից ամենաերիտասարդը հենց «Ռիլո-Մոսկվա»-ն է, որը ստեղծվել է Ռուսաստանում` 2001թ. սեպտեմբերին: Հանգույցի գրասենյակը տեղակայված է Մոսկվայում և գործում է Ռուսաստանի Դաշնային մաքսային կազմակերպության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության համակարգում:
Իրավապահպան աշխատանքների գծով կապի տարածաշրջանային հանգույցի ստեղծման առանցքային նպատակը եղել է Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործումը, քանի որ օպերատիվ տվյալների փոխանակման արդյունավետությունից է կախված մաքսային հսկողության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև ներպետական ու միջազգային մակարդակներում մաքսային մարմինների կողմից հետաքննություն վարելու հաջող ընթացքը: «Ռիլո-Մոսկվայի» գործունեության նպատակներից է նաև տարածաշրջանի երկրների իրավապահ մարմինների միջև երկկողմ և բազմակողմանի համագործակցության արդյունավետության բարձրացումը:
Ներկայում «Ռիլո-Մոսկվա» տարածաշրջանային ցանցին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Տարածաշրջանային հանգույցի գործունեության համար ապահովված է անհրաժեշտ նյութատեխնիկական բազան. աշխատակիցները Համաշխարհային մաքսային կազմակերպության` «CEN» միջազգային իրավապահպան ցանցի շրջանակներում անցել են ուսուցման ամբողջական կուրսեր Հաստատվել են գործնական կապեր այլ տարածաշրջանային հանգույցների, առաջին հերթին` «Ռիլո-Քյոլնի»(Արևմտյան Եվրոպայի մասով), «Ռիլո-Վարշավայի»(Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մասով) և «Ռիլո-AP»- ի(Խաղաղօվկիանոսյան և Ասիական տարածաշրջանի երկրների մասով) հետ:
Ներկայում «CEN» միջազգային իրավապահպան ցանցի շնորհիվ իրականացվում է մաքսանենգության հիմնական տեսակների հայտնաբերման վերաբերյալ օպերատիվ տվյալների փոխանակման գործընթաց: Բացի այդ, Համաշխարհային մաքսային կազմակերպությունը և ԱՊՀ անդամ երկրների մաքսային գերատեսչությունները միմյանց հետ փոխանակվում են մաքսային իրավախախտումների նոր հնարքների, մաքսանենգ ապրանքների տեղափոխման նոր ուղիների, դրանց հայտնաբերման միջոցների վերաբերյալ կարևոր տեղեկատվությամբ. այսպես` 2001-2007 թթ. ընթացքում ԱՊՀ տարածքում մաքսային իրավախախտումների կանխման արդեն 12 196 դեպքի վերաբերյալ իրականացվել է մանրամասն տեղեկատվության փոխանակում:
ԱՊՀ անդամ պետությունները «Ռիլո-Մոսկվա»-ի միջոցով պարբերաբար կապ են պաշտպանում Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ` հատկապես խոշոր մաքսանենգության դեպքերի և դրանց հայտնաբերման միջոցների վերաբերյալ տվյալների փոխանակմամբ: Այսպես` 2001-2007 թթ. ընթացքում ՀՄԿ –ն ստացել է այդպիսի 18 ուղղորդող տեղեկություն, իսկ ՀՄԿ-ից ստացվել է 178 տվյալ: Ի դեպ «Ռիլո-Մոսկվա»-ն պարբերաբար մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից կազմակերպվող և անցկացվող հատուկ միջոցառումներին, որոնք միտված են մաքսանենգության հատկապես վտանգավոր տեսակները կանխելուն:
«Ռիլո-Մոսկվա» կապի տարածաշրջանային հանգույցի կողմից այս ընթացքում արդեն հրապարակվել է 14 տեղեկատվական-վերլուծական գրքույկ և 5 «տեղեկատու- «Ռիլո-Մոսկվա», որոնք անհրաժեշտ տեղեկատվություն են ներառում տարածաշրջանի երկրների սահմաններով թմրամիջոցների, հոգեմետ դեղորայքի, սիգարետի, մշակութային արժեքների, զենք-զինամթերքի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի անօրինական տեղափոխման և նման դեպքերը բացահայտող միջոցառումների մասին: