Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1950 թվականի դեկտեմբերի 15-ի Մաքսային համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին կոնվենցիայով ստեղծվել է Մաքսային համագործակցության խորհուրդը։ 1994 թվականին նշված խորհուրդը վերանվանվել է Համաշխարհային մաքսային կազմակերպություն:
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային մաքսային կազմակերպությանն (այսուհետ՝ ՀՄԿ) անդամակցում է 1992 թվականից, որին անդամակցում են աշխարհի 180-ից ավել պետություններ։ Հայաստանի Հանրապետությունն ունի ԵՄ-ում և ՀՄԿ-ում մաքսային կցորդ, որն ապահովում է ՀՀ մաքսային ծառայության և ՀՄԿ միջև ամենօրյա աշխատանքների կազմակերպումը և համակարգումը։ Հայաստանի Հանրապետությունը պարբերաբար ստանում է խորհրդատվական բնույթի աջակցություն՝ ՀՄԿ Մերկատոր ծրագրի շրջանակներում։ Նշված ծրագրից առաջ խորհրդատվական բնույթի աջակցություն էր իրականացվում ՀՄԿ Կոլումբոս ծրագրի շրջանակներում։ Մերկատոր ծրագրի շրջանակներում ՀՄԿ փորձագետների մասնակցությամբ Երևանում 2019 թվականին անցկացվել է դիագնոստիկ առաքելություն՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի դրույթների իրականացմանը նպաստելու նպատակով, որի արդյունքում ուղենշվել են համաձայնագրի շրջանակներում առևտրի դյուրացման ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը։ ՀՄԿ փորձագետների մասնակցությամբ Երևանում պարբերաբար կազմակերպվում են տարբեր աշխատաժողովներ։ ՀՄԿ հետ ակտիվ համագործակցության արդյունքում ՀՀ-ն 2018 թվականին դարձել է ՀՄԿ Աուդիտի կոմիտեի անդամ։ Եվրոպական տարածաշրջանը Աուդիտի կոմիտեում ներկայացված է երկու երկրների միջոցով՝ Հայաստանի և Նորվեգիայի։
2008 թվականից մինչ օրս ՀՄԿ գլխավոր քարտուղարն է Կունիո Միկուրիան։