Այսօր աշխարհում էլեկտրոնային ծառայությունները լայն կիրառություն են ստանում գործարար ոլորտում և ավելի ու ավելի մեծ թվով ընկերություններ են օգտագործում էլեկտրոնային ծառայություններ իրենց գործունեության մեջ, որոնց միջոցով ստանում, ուղարկում, մշակում և օգտագործում են մեծ ծավալով բազմաբնույթ տվյալներ՝ էլեկտրոնային եղանակով, որպեսզի առավել դյուրին և արդյունավետ դարձնեն իրենց գործունեության ընթացքը: 
 
ՀՀ Հարկային ծառյության վեբկայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինը կոչված է աջակցելու հարկ վճարողների գործունեության կազմակերպմանը, նպաստելու նրանց աշխատանքային արդյունավետության բարձրացմանը, հարմարավետության ավելացմանն ու ժամանակի խնայողությանը: ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից ստեղծվել և մշակվել են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, որոնք հնարավորություն են ընձեռում հարկ վճարողին արագորեն կազմակերպելու իր ընկերության հարկային գործունեությանն առնչվող գործառույթներն էլեկտրոնային եղանակով: 
ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայություններն են՝
«Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» ենթաբաժինը պարունակում է համառոտ տեղեկատվություն հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման և նրանց ձևաչափերի վերաբերյալ: Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը, բարելավելու հարկային հաշվետվությունների տվյալների ճշգրտությունը, ավտոմատացնելու դրանց մուտքագրումը «Հարկատու 3» համակարգ։ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» ենթաբաժնում զետեղված ձևաչափերը և համապատասխան օրինակները՝ կազմված XML ֆորմատով, հարկ վճարողներին հնարավորություն են տալիս ճշգրիտ ձևով կազմել էլեկտրոնային հաշվետվություններ և վստահ լինել իրենց ներկայացրած հաշվետվությունների  անսխալության մեջ։ Այս ենթաբաժինը հանդիսանում է հաշվետվությունների հետ աշխատելու հարմարավետ գործիք՝ արտացոլելով օրենսդրական և նորմատիվ բոլոր փոփոխությունները, որոնք առնչվում են հաշվետվությունների ներկայացմանն ու հարկային պարտավորությունների կատարմանը:


«Առցանց նամակագրության համակարգ» ենթաբաժինը հնարավորություն է տալիս հետևել Ձեր նամակի ընթացքին: Մուտքագրելով հարկային ծառայությունից  ստացած, առցանց նամակագրության համար նախատեսված 12 նիշ պարունակող համարը համապատասխան դաշտում՝ հարկ վճարողը հնարավորություն է ստանում էլեկտրոնային եղանակով հետևել փաստաթղթի կարգավիճակի փոփոխությանը և առցանց ստանալ պատասխան, ինչն ապահովում է աշխատանքային հարմարավետություն և օպերատիվություն:


«Հարկային հաշիվների դուրսգրման համակարգ» ենթաբաժնում  ներկայացված են օրենսդրական փոփոխությունները հստակեցնող հրամաններ, պաշտոնական պարզաբանումներ և որոշումներ հարկային հաշիվների, դրանց  ձևերի ձեռք բերման և էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրման վերաբերյալ: Ենթաբաժնում հնարավոր է բեռնել «էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրը», որը հնարավորություն է տալիս իրական ժամանակի ռեժիմում դուրս գրել հարկային հաշիվներ, դիտել հարկ վճարողի կողմից դուրս գրված և այլ անձանցից ստացված հարկային հաշիվները:


«ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ» ենթաբաժինը հանդիսանում է հարմար գործիք ստանալու հենքային տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ՝ մուտքագրելով ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվեհամարը):


«Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» ենթաբաժնում տեղակայված է հստակ դասակարգված տեղեկատվություն տնտեսական գործունեության ոլորտների վերաբերյալ՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդի և անվանման՝ փնտրման, տեսակավորման և զտման հնարավորություններով:


«Հարկային օրացույց» էլեկտրոնային ծառայությունը հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռում ստանալ տեղեկատվություն հարկային պարտավորությունների՝ հարկերի, տուրքերի, վճարների վճարման և հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետների վերաբերյալ: «Հարկային օրացույց» ծառայության  հնարավորությունները ավելի են ընդլայնվում  « Հարկային օրացույցի ծանուցման ծառայության» միջոցով, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով գրանցվել և պարբերաբար ստանալ ծանուցումներ «Հարկային օրացույցում» ամփոփված տեղեկատվության վերաբերյալ: