Իրավունքներ և պարտականություններ

Հարկ վճարողի իրավունքները և պարտականությունները

Հարկ վճարողն իրավունք ունի՝
  1. ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին.
  2. հարկային տեսչություն ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման եւ ստուգումների արդյունքների վերաբերյալ.
  3. օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները.
  4. առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար:
Հարկ վճարողը պարտավոր է՝
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ հաշվառում եւ (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ՝ իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.
  2. հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները եւ իրականացնել դրանց վճարումը բյուջե.
  3. սահմանված ժամկետներում հարկային տեսչություն ներկայացնել հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր եւ տեղեկություններ.
  4. ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաեւ դրանց կանխավճարային մուծումները.
  5. անհրաժեշտ պայմաններ ապահովել հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) համար.
  6. ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.
  7. հարկային տեսչության ստուգումների (ուսումնասիրությունների) հետեւանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի գումարի չափով ուղղումներ (ճշգրտումներ) կատարել հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ հաշվառմանը եւ (կամ) գրանցումներին վերաբերող) փաստաթղթերում.
  8. հարկային տեսչության կազմած ստուգման ակտի փաստերի հետ չհամաձայնելու դեպքում ներկայացնել ակտը չստորագրելու պատճառների վերաբերյալ գրավոր բացատրություն, որը կազմում է ակտի անբաժանելի մասը: Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում (լիցենզիա) ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են հաշվառման կանգնել հարկային տեսչությունում եւ ստանալ հարկ վճարողների հաշվառման համարներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հարկային ծառայողի իրավունքները եվ պարտականությունները

Հարկային ծառայողի իրավունքներն են`
  1. զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
  2. իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.
  3. ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.
  4. սահմանված կարգով որոշումներ ընդունելը, հարցերի քննարկումներին մասնակցելը.
  5. ծառայողական քննություն անցկացնել պահանջելը՝ իր կարծիքով իր նկատմամբ անհիմն մեղադրանքները եւ կասկածները վերացնելու նպատակով կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
  6. անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.
  7. սոցիալական եւ իրավական պաշտպանությունը.
  8. սոցիալական ապահովությունը.
  9. սահմանված կարգով հարկային ծառայության կոչման բարձրացումը.
  10. ատեստավորման արդյունքները բողոքարկելը.
  11. հարկային ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
  12. օրենքով նախատեսված այլ իրավունքներ:
Հարկային ծառայողի պարտականություններն են`
  1. իր իրավասությունների սահմաններում հարկային մարմնի լիազորությունների իրականացումը.
  2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկումը, ինչպես նաեւ սահմանված կարգով հաշվարկված գումարների վճարման առաջադրումը.
  3. ղեկավար մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձնարարականների եւ ընդունած որոշումների կատարումը.
  4. օրենքով սահմանված դեպքերում հետաքննության գործերի սկսումը.
  5. պետական, ծառայողական եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.
  6. հարկ վճարողների, նրանց ներկայացուցիչների եւ հարկային հարաբերությունների այլ մասնակիցների նկատմամբ պատասխանատու եւ ուշադիր վերաբերմունքի ցուցաբերումը.
  7. օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված հարկերի եւ պարտադիր այլ վճարների հաշվանցման (կամ վերադարձման համար անհրաժեշտ՝ օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը) աշխատանքների պատշաճ կատարումը.
  8. հարկային ծառայության ընթացակարգերի եւ հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահանջներով խստագույնս առաջնորդվելը.
  9. օրենքով սահմանված կարգով եկամուտները հայտարարագրելը: