- Ինչ է փոխադրամիջոցների գույքահարկը
Փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
- Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները
Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Եթե հարկման օբյեկտը լիզինգի առարկա է, ապա փոխադրամիջոցների գույքահարկ վճարող է համարվում լիզինգառուն:
- Փոխադրամիջոցների գույքահարկով հարման օբյեկտը
Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, ջրային փոխադրամիջոցը (շարժիչով աշխատող), մոտոցիկլետը, ձյունագնացը, մոտոամենագնացը (քվադրոցիկլը):
- Փոխադրամիջոցների գույքահարկով հարման բազան
Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
- Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորության առաջացումը և դադարումը
Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցի նկատմամբ լիզինգի իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է լիզինգի (տարատեսակների) առարկա հանդիսացող փոխադրամիջոցի նկատմամբ լիզինգի իրավունքի դադարման ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
- Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները
Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններ են համարվում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք իրականացնում են հարկ վճարողների և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառումը, փոխադրամիջոցների գույքահարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:
- Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգը
Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկի գումարները հաշվարկում են հաշվառող մարմինները՝ հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից սահմանված կարգով ստացված տեղեկությունները, և մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին ներկայացնում են փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկում են փոստով կամ հանձնում են առձեռն):
Փոխադրամիջոցի գույքահարկը հաշվարկվում է հարկման բազայի և ՀՀ հարկային օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի բազմապատկումով` հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված արտոնությունները:
- Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվետու ժամանակաշրջանը
Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
- Փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ժամկետները
Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Փոխադրամիջոցի օտարման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:
Փոխադրամիջոցի օտարման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:
Բացառությամբ հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից կատարված օտարման դեպքերի, շարժական գույքի կադաստր վարող մարմինը փոխադրամիջոցի պետական գրանցումն իրականացնում է հաշվառող մարմինների կողմից տրված` փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված փոխադրամիջոցների գույքահարկի) պարտավորությունները:
|