Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը (IOTA) հրապարակել է հոդված Հայաստանում COVID-19-ի տնտեսական մարտահրավերների և հակազդման քայլերի վերաբերյալ: Կորոնավիրուսի համավարակը անսպասելի մարտահրավեր նետեց ինչպես աշխարհին, այնպես էլ Հայաստանին: Առողջապահական ահռելի խնդիրներից բացի ի հայտ եկան տնտեսական և սոցիալական խոչընդոտներ: Համավարակի պայմաններում հարկադիր անգործության մատնվեցին տնտեսության զգալի ճյուղեր` պետության համար ռիսկային դարձնելով հարկերի հավաքագրումը: Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն կարողացավ հարկային եկամուտների ապահովման դժվարին գործընթացում ճիշտ առաջնահերթություններ մշակել: Ձեռնարկված քայլերի արդյունքում կանխատեսվում է, որ պետական եկամուտների ծրագրային ցուցանիշները շուրջ 40 մլրդ դրամով կգերակատարվեն: COVID-19-ի «հարկային սպառնալիքների» կառավարում և չեզոքացում Արագ և արդյունավետ արձագանք` նոր մարտահրավերներին. Պետական եկամուտների կոմիտեն այսպես է հակազդել Հայաստանում COVID-19-ի «տնտեսական սպառնալիքներին»: Հարկային դաշտում իրավիճակից բխող հնարավոր զարգացումները ճկուն կառավարելու և բիզնեսի համար ստեղծված դժվարություններից ելքեր գտնելու նպատակով ձևավորվել է հարկային և մաքսային կարգապահական խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհուրդ: Արդյունքում միջազգային պրակտիկայում հաջողված մոտեցումների հիման վրա գործնական քայլեր են կատարվել` ՊԵԿ-ի առջև դրված խնդիրները ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ լուծելու ուղղությամբ: COVID-19-ը բիզնես դաշտում մի կողմից` բազմաթիվ դժվարությունների առաջացման պատճառ է դարձել, մյուս կողմից` հարկային պարտավորությունները շրջանցելու առիթ ստեղծել: Ուստի ձևավորված խորհրդի նպատակն է բացահայտել հարկային և մաքսային կարգապահության նմանատիպ ռիսկերը, ճիշտ գնահատել և կառավարել: Առանձնացված ուղղություններով մշակվել և իրականացվել են միջոցառումներ` խորհրդի անմիջական հսկողությամբ: Ծառայությունների փոխակերպում` թղթայինից էլեկտրոնայինի «Կորոնավիրուսային իրականությունը» թելադրում է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների նոր ձևաչափ: Լավագույն լուծումը թղթային գործարքներն էլեկտրոնային հարթակ տեղափոխելն է, ինչն անմիջապես կազմակերպել է ՊԵԿ-ը: Կորոնավիրուսի տարածումից հետո կոմիտեն կրճատել է հարկ վճարողների կողմից ՊԵԿ ներկայացվող թղթային փաստաթղթաշրջանառությունը: Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ավտոմատացման աշխատանքները շարունակվում են: ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունն այլ ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում են հավաքագրել հարկ վճարողների կարիքների վերաբերյալ տվյալներ: Յուրաքանչյուրին տեղեկատվական աջակցություն է ցուցաբերվում, և համապատասխան ծառայություն մատուցվում: Հարկային բեռի թեթևացում` օրենսդրական լուծումներով Պետական եկամուտների կոմիտեն տարվա ընթացքում աջակցել է նաև հարկերի վճարումն ուշացնողներին: Օրենքով ամրագրվել է, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075%-ի փոխարեն հաշվարկվում է 0.04%-ի չափով: Իսկ արգելադրման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ: Բացի այդ, երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` անորոշ ժամկետով որոշվել է ընդառաջել հարկ վճարողներին. եթե հարկ վճարողի չկատարված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 1,5 միլիոն դրամը, ապա նրա նկատմամբ չեն իրականացվում հարկադիր գանձման գործողություններ, մասնավորապես՝ հարկային մարմնում հարուցված վարչական վարույթների շրջանակներում չեն կայացվում գանձման որոշումներ, չեն իրականացվում արգելադրման գործողություններ։ Ընդ որում, մինչև 1.500.000 ՀՀ դրամ նոր առաջացած պարտավորությունների՝ սահմանված ժամկետում չվճարելու փաստի հիման վրա վարչական վարույթներ չեն հարուցվում: ՊԵԿ-բիզնես հաղորդակցություն Պետական եկամուտների կոմիտեն համավարակի պայմաններում ինտենսիվ է դարձրել բիզնեսի հետ հաղորդակցությունը` ստեղծելով նոր հարթակ և կատարելագործելով մշակված PR գործիքները: Պաշտոնական կայքի գլխամասում առանձնացվել է COVID-19 խորագրով բաժին, որտեղ զետեղվում է համավարակի պայմաններում հարկ վճարողների աջակցման միջոցառումների, հարկային և մաքսային մարմինների գործունեության առանձնահատկությունների մասին օպերատիվ և բացատրական տեղեկատվություն` անիմացիոն տեսանյութերի, լուրերի և հոդվածների ձևաչափերով: Առանձնացվում են նաև բիզնեսին հետաքրքրող հաճախ տրվող հարցերը և պատասխանները: Առանձնահատուկ ուշադրության արժանի տվյալները ներկայացվում են ինֆոգրաֆիկաներով: Հաղորդակցման ժամանակակից գործիքների, այդ թվում` սոցիալական մեդիայում ՊԵԿ պաշտոնական հարթակների միջոցով հետադարձ կապ է ապահովվում բիզնեսի հետ: Հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում բիզնեսի հետ վստահության վրա հիմնված հաղորդակցության կառուցումը մեծ կարևորություն է ստանում: Հոդվածը` https://www.iota-tax.org/news/rapid-response-covid-19-economic-challenges-armenia