21 հունվարի 2012
ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումները խորացնում են համագործակցությունը` մաքսանենգության դեմ պայքարի գործում
ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտե ստեղծելու գաղափարը ծագել էր ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների 46-րդ նստաշրջանի ընթացքում:
ԱՊՀ  մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտե ստեղծելու գաղափարը ծագել էր ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների 46-րդ նստաշրջանի ընթացքում: Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած 47-րդ նստաշրջանի ընթացքում հաստատվել են Կոմիտեի կառուցվածքն ու նպատակները, որոնք հիմնականում ուղղված են լինելու տարածաշրջանում մաքսանենգության դեմ պայքարի նոր մեթոդների մշակմանը:

Նորաստեղծ Կոմիտեի առաջին նիստը գումարվել է Մոսկվայում:

Նիստի մասնակիցները բոլորն էլ միակարծիք էին, որ ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների գործունեությունն այժմ առաջնային դիրքերում է հայտնվել: Այդ տեսանկյունից առավել կարևորվում են նորաստեղծ կոմիտեի առջև դրված խնդիրները, որոնք են` ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների գործառույթների համակարգումը, բազմակողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելը, կոնկրետ մեխանիզմների մշակումն ու նոր հնարավորությունների դիտարկումը տարածաշրջանում տարվող մաքսանենգության դեմ պայքարում:

Մայիսին Բաքվում կայացած երկրորդ նստաշրջանի ժամանակ քննարկվել են իրավապահպան աշխատանքների ուղղությամբ տեղեկատվության փոխանակումը, նարկոթրաֆիքինգի դեմ պայքարի համատեղ գործողությունների մշակումն ու պլանավորումը: ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կոնկրետ իրենց երկրների մաքսային սահմաններին հանդիպող մաքսանենգության առավել տարածված տեսակները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ` հայտնաբերված իրավախախտումների քանակի և արժեքի վերաբերյալ:

Բաքվում տեղի ունեցած  հանդիպմանը հայկական կողմը չի մասնակցել, սակայն նիստի վերջում ընդունված արձանագրությունը հունիսին ստորագրել է Մոսկվայում: Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների միջև երկկողմանի պայմանագիր է ստորագրվել  իրավախախտումների դեմ պայքարում  համատեղ միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Կոմիտեի հաջորդ` երրորդ նիստը նախանշված է այս տարի աշնանը` Յալթայում: