13 փետրվարի 2020
ՊԵԿ-ում անցկացվել է միջազգային հարկային իրավունքի վերջին զարգացումների վերաբերյալ սեմինար
Քննարկվել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի մոդելային տարբերակի փոփոխմանն ուղղված հարցեր

ՊԵԿ ուսումնական կենտրոնը կազմակերպել է սեմինար-հանդիպում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի մոդելային տարբերակի փոփոխման, ինչպես նաև միջազգային հարկային իրավունքի վերջին զարգացումների վերաբերյալ: Այն վարել են Ասիական զարգացման բանկի փորձագետ, Լեյդենի (Նիդերլանդներ) համալսարանի դասախոս Բրունո Դա Սիլվան և ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հակոբյանը: 

Հանդիպմանը ներկա են գտնվել ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, նաև Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ: Քննարկվել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժը կանխարգելող (BEPS) ծրագիրը, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի մոդելային տարբերակների փոփոխմանն ուղղված ՏՀԶԿ բազմակողմ կոնվենցիան: Ներկայացվել են նաև տնտեսության թվայնացման հարկային մարտահրավերներին ուղղված BEPS ծրագրի 1-ին գործողությանն առնչվող հարցեր:

ՊԵԿ ներկայացուցիչն անդրադարձել  է տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ ընդհանուր տեղեկություններին, ՏՀԶԿ BEPS ծրագրին ՀՀ անդամակցությունից բխող ՀՀ պարտավորություններին և առաջիկայում նախատեսվող գործողություններին` կապված BEPS նվազագույն ստանդարտների կիրառման հետ: 

Ներկայացվել են նաև ՏՀԶԿ բազմակողմ կոնվենցիայի կիրառման հետ կապված ՀՀ պաշտոնական դիրքորոշման և ՀՀ տրանսֆերտային գնագոյացման կարգավորումների որոշ առանձնահատկություններ, ինչպես նաև պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կարգը: