17 փետրվարի 2020
Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների այցը՝ Պետական եկամուտների կոմիտե
Քննարկվել են ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում իրականացված դիագնոստիկ առաքելության աշխատանքները

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներ Ջոնաթան Ֆելոուզը և Սիվ Ռինգստրոմը փետրվարի 10-ից 14-ն այցելել են Պետական եկամուտների կոմիտե՝ մասնակցելու Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 2019թ. մայիսին իրականացված դիագնոստիկ առաքելության արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին։ 

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը փորձագետների հետ հանդիպմանը կարևորել է ծրագրի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունը։ Միքայել Փաշայանը հյուրերին ներկայացրել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների կատարման ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին ուղղված կոմիտեի իրականացրած և նախատեսվող քայլերը: Մասնավորապես՝ մաքսային ձևակերպումների պարզեցման, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և ՊԵԿ-ի միջև արդյունավետ համագործակցության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային ծառայությունների ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած առաջընթացը։

Այցի շրջանակում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել և լրամշակվել է նաև 2019 թվականի մայիսին իրականացված առաքելության արդյունքում ՀՄԿ փորձագետների առաջարկների հիման վրա մշակված ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի նախագիծը:

Այցի արդյունքում ամբողջացվել է Առևտրի դյուրացման մասին համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված առաջարկների և դրանցով նախատեսված գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ուղենշվել են համաձայնագրի շրջանակում առևտրի դյուրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և համագործակցության ուղղությունները: