27 փետրվարի 2021
Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր»-ի հարցազրույցը ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ, ԵՄ-ում ԵՎ ՀՄԿ-ում Հայաստանի նորանշանակ մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանի հետ
Տեսանյութ

Մարտի 17-ից Հայաստանը Բրյուսելում կունենա մաքսային նոր կցորդ, որը Եվրամիությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի Հայաստանի մաքսային շահերը։

Մարտի 1-ից  ուժի մեջ կմտնի Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 2017–ի նոյեմբերին Բրյուսելում  ստորագրված փաստաթուղթը Հայաստան–Եվրամիություն երկխոսության իրավական հիմքն է։ Այն, ըստ մասնագետների,  գործընկերային նոր մակարդակի կբարձրացնի Երևանի ու Բրյուսելի քաղաքական և տնտեսական հարաբերությունները։

ԵՄ-ում Հայաստանի  նորանշանակ մաքսային կցորդը՝ Սուրեն Մելիք-Իսրայելյանը, «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում ընդգծում է՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը  համագործակցության լայն դաշտ է բացում։ Այն կանոնակարգելու համար ստեղծվել է Հայաստան-ԵՄ մաքսային հարցերի ենթակոմիտե, որի առաջին նիստը  կկայնա մարտի 17-ին։ Սուրեն Մելիք-Իսրայելյանը մանրամասնում է․ «Եվրոպական փորձագետներին կներկայացնենք Հայաստանի մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, ձեռքբերումները, պարզեցված մաքսային ընթացակարգերը, որոնք հետագայում կներառվեն իրենց զեկույցներում»։

Հայաստանը ԵՄ անդամ երկրներում՝ որպես առևտրային գործընկեր,  ձեռք կբերի վստահելի կարգավիճակ։ Համագործակցության ոլորտները կընդլայնվեն։ Մաքսային կցորդն ընդգծում է՝ հայ տնտեսվարողները խնդիրներ ունեն որակի հավաստման փաստաթղթերը ներկայացնելու հարցում։ SEPA-ի ուժի մեջ մտնելուց հետո ազգային հավատարմագրման  մարմինը  եվրոպացի գործընկերների հետ  համապատասխան փաստաթուղթ կստորագրի, ինչը  կհեշտացնի տնտեսվարողների գործը։ Սուրեն Մելիք-Իսրայելյանի խոսքով՝ դա բարդ գործընթաց է, քանի որ հաճախ անհրաժեշտ է լինում որակի հավաստագրեր ստանալ երրորդ երկրներում,  ինչը ժամանակատար ու ծախսատար է, իսկ համաձայնագիրը կդյուրացնի գործընթացը։

Համաձայնագրի փաթեթի հետ ստորագրվել է նաև Հայաստանի և  ԵՄ միջև մաքսային ոլորտում համագործակցության և փոխադարձ օգնության արձանագրությունը։ Սա էլ, ըստ կցորդի,  կկրճատի մաքսային ձևակերպումներ ու հավաստումներ ստանալու ժամկետները։ Սուրեն Մելիք-Իսրայելյանն ասում է, որ  ՀՀ օրենսդրության  և ԵՄ կանոնակարգերի մոտարկումից հետո տնտեսվարողների համար առևտրային ընթացակարգերն ավելի կպարզեցվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: