17 մայիսի 2021
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
Հարկային վարչարարության նոր գործիքը կնպաստի փոխկապակցված անձանց միջԵՎ շահույթի տեղաշարժի կանխմանը

Աշխարհում լայն տարածում ունեցող հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը, 2020 թվականից կիրառվում է նաև Հայաստանում։

Տրանսֆերային գնագոյացման գլխավոր նպատակներից է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումը և հարկային կարգապահության բարելավումը։ Հարկային վարչարարության այս նոր գործիքի կիրառման տեսանկյունից՝ առաջին քայլը այդ անձանց շրջանակը պարզելն է:  

Կազմակերպության փոխկապակցված անձանց շրջանակի նույնականացումն անհրաժեշտ է իրականացնել հաշվետու տարվա սկզբին՝ գնահատելով ՀՀ հարկային օրենսգրքի 362-րդ հոդվածով սահմանված փոխկապակցվածության չափանիշները: Մասնավորապես, անուղղակի և ուղղակի կերպով մասնակցությունը և գործարար որոշումների վրա ազդեցությունը։

Փոխկապակցված անձանց շրջանակը պարզելուց հետո, անհրաժեշտ է պարզել այդ անձանց միջև գործարքների վերահսկվող լինելը, ինչը կարգավորվում է Հարկային օրենսգրքի 363-րդ հոդվածով։ Փոխկապակցված անձանց շրջանակի փոփոխությունները հանգեցնում են վերահսկվող գործարքների քանակի փոփոխության:

Բացառություն են կազմում ռեզիդենտ փոխկապակցված անձանց միջև իրականացված գործարքները։ Այդպիսի գործարքները համարվում են վերահսկվող, եթե կողմերից մեկը ռոյալթի վճարող է, կամ օրենսգրքով սահմանված կարգով օգտվում է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և ռոյալթիի գծով հարկային արտոնություններից։
Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների դեպքում գործարքները համարվում են վերահսկվող՝ անկախ գործարքի կողմերի փոխկապակցված համարվելու հանգամանքից: Այդ երկրների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկը սահմանելու մասին» թիվ 595-Ն որոշմամբ։
Եթե կազմակերպության վերահսկվող գործարքները տվյալ տարին գերազանցում են 200 մլն դրամը, ապա տնտեսավարողն այդ մասին պետք է ծանուցի հարկային մարմնին` մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։
Ծանուցման ձևը և վերջինիս լրացման կարգը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի «Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 671-Ն հրամանով։ 
Հարկային մարմինն  ուսումնասիրում է վերահսկվող գործարքների մասին ծանուցումները։ Եթե լինում են ռիսկային գործարքներ, այդ դեպքում՝ հարկ վճարողից պահանջում է փաստաթղթավորում: Հարկային մարմնի ծանուցելուց հետո տնտեսվարողը փաստաթղթերը ներկայացնում է 30 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Հարկ վճարողը կարող է մինչև հարկային մարմնի կողմից փաստաթղթավորման պահանջի մասին ծանուցում ստանալը, ինքնուրույն ճշգրտել իր համապատասխան հարկվող բազան: Այն դեպքում, երբ հարկ վճարողի կողմից ինքնուրույն ճշգրտումներ չեն իրականացվում, և հարկային մարմնի կողմից հայտնաբերվում են դեպքեր, որ տվյալ գործարքը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորություն սկզբունքին, ապա կարող է սկսվել տրանսֆերային գնագոյացման ստուգման գործընթաց։

Փաստաթղթավորման մեջ ներառվող տեղեկությունների վերաբերյալ պահանջներն ամրագրված են Հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածով:

Տեսանյութ