25 հոկտեմբերի 2021
ՀՀ ՊԵԿ-ը ԵՎ Իտալիայի հարկային ծառայությունն աշխատանքային քննարկումներ են անցկացրել «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում
Ամփոփվել են տրանսֆերային գնագոյացման ԵՎ քրեական հետաքննության ոլորտներում իրականացված ծրագրերը

Պետական եկամուտների կոմիտեում «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկօրյա հանդիպում Իտալիայի հարկային ծառայության ներկայացուցչի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետի և ՊԵԿ աշխատանքային խմբի միջև՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման և քրեական հետաքննության ոլորտներում իրականացված ծրագրերը։

Ներկայացվել են քրեական ոլորտում հարկային խարդախությունների դեմ պայքարի բարելավման հետ կապված Իտալիայում գործող ռազմավարությունը և Իտալիայի հարկային ծառայության կողմից ՊԵԿ համար մշակված տրանսֆերային գնագոյացման ստուգումների իրականացման ձեռնարկը:

Ամփոփվել են Հայաստանի և Իտալիայի միջև երկու ոլորտներում իրականացված աշխատանքներն, ու քննարկվել է նոր ուղղություններով գործակցելու հեռանկարը:

Քրեորեն պատժելի հարկային խարդախությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՏՀԶԿ փորձագետն առաջարկել է ընդլայնել «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակները և ոլորտային դասընթացներ կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների համար: Նախատեսվում է դասընթացները կազմակերպել ՏՀԶԿ-ի և Գերմանիայում ԱՄՆ կցորդի աջակցությամբ: 

Իտալիայի հարկային ծառայության հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցությունը մեկնարկել է 2019թ. մայիսի 21-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Երկու կառույցներում ձևավորված ոլորտային աշխատանքային խմբերը համատեղ աշխատել են՝ քրեական հետաքննության, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հարկային հսկողական գործընթացների ֆունկցիոնալ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագիրը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ նախաձեռնությունն է։