11 հունվարի 2022
Մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի ԵՎ Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը
Ծրագրի արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների բարելավմանը

Տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:  

Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ՏՏ համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացին, առավել արդյունավետ դարձնել մաքսային վարչարարության գործընթացները, ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացնել հարցումներ` պարզելու վերաբերմունքը մաքսային վարչարարության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև անցկացնել մաքսային մարմնի աշխատակիցների համար ուսումնական դասընթացներ: 

«Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը, ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը, ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը: 
 

 Վեցամսյա այս ծրագիրն  ավարտվելու  է 2022 թվականի ապրիլի սկզբին: