30 մարտի 2022
ՊԵԿ-ում մեկնարկել է հնգօրյա աշխատաժողով
Մաքսային ծառայողները ՀՄԿ փորձագետի հետ քննարկել են ապրանքների բացթողնման գործընթացին առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մարտի 28-ից ապրիլի 1-ը մեկնարկել է «Բացթողնման ժամանակի ուսումնասիրում» խորագրով աշխատաժողով՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից հավատարմագրված փորձագետի և մաքսային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ: ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետի այցը Հայաստան կազմակերպվել է ՀՄԿ-ում և ԵՄ-ում ՀՀ մաքսային կցորդի աջակցությամբ:

Աշխատաժողովի նպատակն է համատեղ քննարկել մաքսային ձևակերպումների գործընթացում ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման ընթացքում ի հայտ եկած խնդիրների  բացահայտման և դրանց վերացման քայլերը: ՀՄԿ փորձագետը կներկայացնի առևտրի դյուրացման, ապրանքների տեղափոխման և բացթողնման գործընթացում կիրառվող ժամանակակից գործիքակազմը և քարտեզագրման մեխանիզմները՝ մաքսային ծառայողներին փոխանցելով միջազգային լավագույն փորձը: Քննարկումներին հայ մասնագետները կներկայացնեն մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները և արդիականացման ծրագրերը, օրենսդրական կարգավորումները: 

Հնգօրյա աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է նաև գործնական պարապմունքներ կազմակերպել մաքսային ձևակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանումներում: Մասնակիցներն արդեն եղել են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, որտեղ հնարավորություն են ստացել հետևել ապրանքների բացթողնման գործընթացին և գործնականում կիրառել ձեռքբերված հմտությունները: