Օգոստոսի 19-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում: Վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը, տարանջատել բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ուղեհոսքերը՝ ներկայում գործող մուտքի և ելքի միասնական գոտու փոխարեն: Արդիականացումը կնպաստի արտահանման և ներմուծման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հսկողության թիրախավորմանը և գործառույթների կրկնության բացառմանը, ինչպես նաև զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ու քաղաքացիների պատշաճ սպասարկմանը: Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացումն իրականացվում է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում: