23 նոյեմբերի 2022
ՊԵԿ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է ՀՄԿ կեղծարարության ԵՎ հեղինակային իրավունքի խախտման հարցերով խմբի 19-րդ հանդիպմանը
Ներկայացվել է ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվող մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների պաշտպանության հսկողությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության կեղծարարության և հեղինակային իրավունքի խախտման հարցերով աշխատանքային խմբի 19-րդ հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՄԿ անդամ մաքսային ծառայությունների, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների և իրավատերերի ներկայացուցիչներ։

ՊԵԿ ներկայացուցիչը, մասնավորապես, մասնակցել է «Ինչպես կառուցել տվյալների էկոհամակարգ՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ուժեղացման նպատակով» թեմայով պանելային քննարկմանը: Ներկայացվել է  ՀՀ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործընթացը, այդ թվում՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող ռիսկերի կառավարման համակարգում տեղայնացված ռիսկի ինքնաշխատ պրոֆիլների հիման վրա իրականացվող հսկողությունը: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռուզաննա Կուսիկյանը տեղեկացրել է, որ 2018 թվականին ներդրված էլեկտրոնային գործիքակազմի շնորհիվ բազմակի անգամ ավելացել է ՀՀ մաքսային մարմինների կողմից հսկողության արդյունավետությունը: Բացի այդ, ՀՀ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում հաշվառված ապրանքային նշանների քանակը, 2018 թ. համեմատ՝ 2022 թվականի ընթացքում, գրեթե կրկնապատկվել է: Ներկայացվել են նաև ռիսկերի կառավարման համակարգի միջոցով մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության գործիքակազմի կիրառման ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Պանելային քննարկման շրջանակում, ՊԵԿ ներկայացուցիչը մասնակցել է նաև տվյալների հավաքագրման, փոխանակման, վերլուծության և ռիսկերի կառավարման թեմաներով քննարկումներին, պատասխանել մասնակիցների հարցերին։

Միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների պաշտպանության նպատակով կիրառվող ռիսկերի կառավարման գործիքակազմի նկատմամբ։ Համաշխարհային մաքսային կազմակերպության, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների և մաքսային ծառայությունների ներկայացուցչներից ստացվել են բազմաթիվ դրական արձագանքներ և համագործակցության առաջարկներ՝ ռիսկերի կառավարման ոլորտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փորձի փոխանակման մասով։ Մասնավորապես, Համաշխարհային մաքսային կազմակերպությունից ստացվել է առաջարկություն` ՀՄԿ ամսագրում ՀՀ ՊԵԿ ռիսկերի կառավարման փորձի մասին հոդված հրապաարկելու վերաբերյալ: ՊԵԿ-ի ռիսկերի կառավարման գործիքակազմը հետաքրքրել է նաև   Ապօրինի առևտրի դեմ պայքարի անդրազգային միությանը (TRACIT) և Թայլանդի մաքսային ծառայությանը։