10 նոյեմբերի 2008
Պայքար ստվերի ԵՎ մենաշնորհների դեմ, մեկ պատուհանի ներդրում, հարկային-մաքսային վարչարարության նոր մեխանիզմներ
Հասարակական խորհրդի առաջին նիստի օրակարգը հագեցած էր
Կայացել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հասարակական խորհրդի առաջին նիստը:    
Խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու տնտեսվարող սուբյեկտները նախ ողջունել են Կոմիտեի ղեկավարության այս նախաձեռնությունը: Բոլորն էլ միակարծիք են`   նորաստեղծ  այս խորհրդի միջոցով հնարավոր կլինի էլ ավելի կատարելագործել մաքսային ու հարկային համակարգերի և տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցությունը: Նիստի մասնակիցները ընդգծել են հատկապես այն հանգամանքը, որ այսպիսի խորհուրդ ստեղծվում  է` հաշվի առնելով նաև հարկային ու մաքսային գործունեության հետ առնչվող հասարակական կազմակերպությունների մոտեցումներն ու առաջարկները:

Եթե պետական կառույցում այսպիսի հասարակական մարմին է ստեղծվում, ապա դա միայն ողջունելի է. այս քայլը, միանշանակ, կարող է էապես նպաստել երկրում իրականացվող պետական քաղաքականությանը»,-նշել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը ղեկավարող Աբգար Եղոյանը: Առաջին հերթին նա կարևորել է այն փաստը, որ նաև հասարակական կազմակերպություններն են ներգրավված հարկային-մաքսային ոլորտների բարեփոխումների քննարկմանը` հնարավորություն ունենալով հնչեցնել իրենց դիտարկումները ևս:

«Միշտ չէ, որ նամակը կամ առանձին խոսակցությունը ցանկալի արդյունք է տալիս: Այդ առումով հասարակական խորհրդի ստեղծումը նկատելի արդյունք կապահովի: Իմ համոզմամբ, հենց այստեղ է, որ տարբեր ոլորտների մասնագետների հետ կքննարկենք հրատապ հարցերը և ընդհանուր հայտարարի կգանք: Մտահոգությունները շատ են, և այս խորհուրդը դրանք բարձրաձայնելու եզակի միջոց է: Մեզ համար չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ համակարգի բարեփոխումների ընթացքի մասին տեղեկանում ենք անմիջապես մասնագետներից»,-այս վստահությունը հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ով ևս ընդգրկված է խորհրդի կազմում:

Հասարակական խորհրդի առաջին նիստում քննարկվել են մի շարք հարցեր: Մասնավորապես, տեղեկացվել է, որ քայլեր են կատարվում`  հարկային-մաքսային վարչարարության նոր մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:  Վճռականություն կա  ավելի ակտիվացնել պայքարը ստվերի և մենաշնորհների դեմ:

«Այսօր, օրինակ, ինձ մտահոգում է ապօրինի տնտեսական գործունեություն իրականացնելու  հանգամանքը, և ես հարց բարձրացրեցի` այս ուղղությամբ պայքար տարվելո՞ւ է, թե ոչ: Ուրախալի է, որ ստացա սպառիչ պատասխան»,- շեշտել է Աշոտ Շահնազարյանը` հիշեցնելով, որ ազատ, անկաշկանդ քննարկումը, որպես կանոն, արդյունավետ է լինում:

Իսկ Աբգար Եղոյանը, խոսելով սպառողների իրավունքների պաշտպանության մասին, նշել է, որ նիստում ծանոթացել է  համապատասխան փոփոխություններին, ինչի արդյունքում շահերի պաշտպանությունն այսուհետ կիրականացվի դասական եղանակով, և իրենք այլևս ստիպված չեն լինի անդրադառնալ միայն հետևանքներին:

«Հրատապ այլ հարց, որը ևս քննարկումների առանցքում էր` արդար տնտեսական մրցակցության ապահովում: Այսօր արձանագրվող իրավիճակը` կապված առաջին անհրաժեշտության  ապրանքների գների հետ, հենց մենաշնորհների դեմ պայքարում կիրառվող թույլ մեխանիզմների հետևանք է»,- նկատում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, ով  այս խորհրդի քննարկումների արդյունքում ակնկալում է նաև այդ հարցի լուծումը:

Նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ ընթացքի մեջ է նաև համակարգում մեկ պատուհանի ներդրման գործընթացը, ինչի արդյունքում ավելի արագ կիրականացվի հարկատուների գրանցումը, այսինքն` ընթացակարգն էլ ավելի է պարզեցվում:

Բացի այդ, նախատեսվում է հրապարակել ոչ միայն 300 խոշոր հարկատուների ցանկը, այլ նաև` ըստ ոլորտների: Այդպիսով, հանրությանը տեսանելի է լինելու, թե յուրաքանչյուր ոլորտ ինչպես է կատարում հարկային պարտավորությունները: