25 նոյեմբերի 2008
Գ. Խաչատրյան. «Համակարգը պետք է համալրվի գրագետ ԵՎ բանիմաց մասնագետներով: Հավաստիացնում եմ, բոլոր մրցույթները թափանցիկ են լինելու»
Այս տարի առաջին անգամ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի հետ համատեղ անցկացրեց «ՀՀ մաքսային գործ» ԵՎ «ՀՀ հարկային համակարգ» ուսումնական ծրագրեր: Դասընթացը կայացել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որին մասնակցել են պետական ԵՎ պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտներ:
Այս տարի առաջին անգամ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի հետ համատեղ անցկացրեց «ՀՀ մաքսային գործ» և «ՀՀ հարկային համակարգ» ուսումնական ծրագրեր: Դասընթացը կայացել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որին մասնակցել են պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտներ:

Այսպիսի դասընթացներ անցկացնելով, Կոմիտեն նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ տալ ԲՈՒՀ-ն ավարտած երիտասարդներին: Արդյուքնում` համակարգի համալրման մրցույթներին մասնակցելիս, նրանք կլինեն ավելի պատրաստված, գրագետ ու բանիմաց:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր ընդունել է ծրագրի այն մասնակիցներին, ովքեր և’ դասընթացի, և’ թեստավորման ընթացքում ունեցել են գերազանց արդյունք: Դիմելով նրանց, Կոմիտեի ղեկավարը, մասնավորապես, նշել է.  

«Կադրային հարցում Պետական եկամուտների կոմիտեն որդեգրել է այլ քաղաքականություն: Համակարգը պատրաստված մասնագետներով համալրելու համար ընտրվել է նոր մոտեցում: Այն է` մինչ մրցույթը կազմակերպվում են դասընթացներ` «Մաքսային գործ», «Հարկային համակարգ» ուսումնական ծրագրերով, որոնց միջոցով երիտասարդները տեղեկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում համակարգը, հնարավորություն են ունենում հենց տեղում ծանոթանալ այս կամ այն գործընթացին: Եվ միայն դրանից հետո են մասնակցում համակարգ ընդունվելու համար հայտարարվող մրցույթին»:

Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հիշեցրել է, որ բարդ ու յուրահատուկ այս մասնագիտությունների վերաբերյալ պահանջվող թեմատիկ դասագրքեր ձեռք բերելն, առհասարակ,  բարդ է, և ոչ միայն. պետք է նաև տեղյակ լինել կառավարության համապատասխան որոշումներին, գերատեսչական ներքին իրավական ակտերին, միջազգային պայմանագրերին ու համաձայնագրերին: Այդ ամենը, Ա. Ալավերդյանի խոսքերով, երիտասարդներին հասանելի է  դառնում  այս ծրագրի միջոցով: Ավելին, դասընթացի ավարտին մասնակիցներն իրենց ձեռքի տակ են ունենում անհրաժեշտ բոլոր նյութերը, որոնք կազմակերպիչները տրամադրում են ինչպես գրքային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով:

Ընտրված թեմաների շրջանակը բավականին լայն է. արվել է առավելագույնը, որպեսզի կարևոր ոչ մի թեմա ծրագրից դուրս չմնա: Այս առումով Կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը ընդգծել է, որ ծրագիրը միայն տեսական դասընթացով չի սահմանափակվել: Երիտասարդները նաև գործնական գիտելիքներ են ստացել` ուսումնական այց կատարելով, օրինակ, մաքսատներ: Նրանք տեղում ծանոթացել են մաքսային հայտարարագրի լրացման կարգին,  մաքսային  սահմանով տեղափոխվող  ապրանքների մաքսային արժեքի և դրա որոշման կանոններին, ձևակերպումների գործընթացին  և այլն:

Ոչ պակաս կարևոր այլ հանգամանք. դասընթացի բոլոր  ժամերին դասախոսել են բացառապես Պետական եկամուտների կոմիտեի մասնագետ-աշխատակիցները: Դասախոսական կազմը համալրված էր աշխատանքի երկարամյա փորձ ունեցող, արհեստավարժ մասնագետներով, ովքեր նաև մանկավարժական աշխատանքի փորձ ունեն:

Կոմիտեի ղեկավարը ցանկություն հայտնեց նաև լսել մասնակիցների կարծիքները. «Ինչ դիտարկումներ, դիտողություններ ունեք: Եթե երկրորդ անգամ մասնակցելու լինեիք ծրագրին, ինչը կցանկանայիք փոխել»,- հետաքրքրվեց Գագիկ Խաչատրյանը: Բացասական կարծիքներ չեղան:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվել են վկայականներ` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի անունից:

Դասընթացն ավարտած լավագույն շրջանավարտների հաջորդ քայլը, բնականաբար, համակարգի մրցույթներին մասնակցելն է: Ցանկացողները շատ են, և Կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ թափուր տեղեր առաջանալու դեպքում մրցույթներ անցկացվելու են անընդմեջ, համակարգը մշտապես թարմացվելու է:

«Կադրային ներուժի ձևավորումը մեր ուշադրության կենտրոնում է, հետևաբար դասընթացի լավագույն շրջանավարտների հետ մենք  մեծ հույսեր ենք կապում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ բոլոր մրցույթները թափանցիկ են լինելու և գտնվելու են իմ անմիջական վերահսկողության ներքո: Այլապես այս դասընթացների անցկացումը անիմաստ կլիներ: Յուրաքանչյուր պատրաստված մասնագետի նկատմամբ ցուցաբերվելու է սրտացավ վերաբերմունք: Վստահեցնում եմ, որ նաև մրցույթից հետո եմ անձամբ զրուցելու ձեզանից յուրաքանչյուրի հետ, ով կմասնակցի դրան: Այսինքն` գործընթացը սկզբից մինչև վերջ լինելու է իմ տեսադաշտում»: 

Կոմիտեի ղեկավարությունը լավագույն շրջանավարտներին վստահեցրեց, որ նրանց անուն-ազգանունները մշտապես ձեռքի տակ է պահելու: Լավագույններն են, ուրեմն պետք է մասնակցեն բոլոր մրցույթներին, պահանջները բավարարելու դեպքում էլ ընդգրկվեն համակարգում:  Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ նշեց, որ մրցույթում հաղթելու դեպքում, աշխատանքի ընդունելիս, հաշվի է առնվելու նաև դիմորդների բնակության վայրը:

Հաշվի առնելով այն համագմանքը, որ դիմորդները շատ են, կազմակերպիչները որոշել են ուսումնական այսպիսի ծրագրերը շարունակական դարձնել: Հաջորդ դասընթացների ժամանակ հաշվի են առնվելու նաև ծրագրին արդեն մասնակցած երիտասարդների կարծիքներն ու դիտարկումները, որոնք վերջիններս հայտնել են իրենց գնահատման թերթիկներում: