05 ապրիլի 2008
«Թեժ գիծ» մաքսային պետական կոմիտեում
Վերջերս ՀՀ մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոնկրետ հանձնարարականներ էր տվել` ոլորտում արագ տեմպերով բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:
Վերջերս ՀՀ մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոնկրետ հանձնարարականներ էր տվել` ոլորտում արագ տեմպերով բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ հանձնարարականների կատարման նպատակով, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրում տեղ գտած` ոլորտի բարեփոխումներին ուղղված այլ առաջնային խնդիրների լուծման համատեքստում մաքսային կոմիտեն նախաձեռնել է միջոցառումների շարք. Նախ. Ինչպես տեղեկացրեց ՀՀ ՄՊԿ մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանը, կոմիտեում արդեն գործեում է թեժ հեռախոսագիծ` 53-55-73 հեռախոսահամարով, որի միջոցով հնչեցվող բողոքների և առաջարկությունների վերաբերյալ զեկուցվելու է անմիջապես ՄՊԿ նախագահի պաշտոնակատարին: Ապահովելով անձի գաղտնիությունը` հնարավորություն կստեղծվի այդ բողոքների և առաջարկությունների հետագա ընթացքի և արդյունքների վերաբերյալ հետադարձ կապի միջովով տեղյակ պահել քաղաքացիներին և ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեություն) իրականացնողներին: Մաքսային պետական կոմիտեի ինտերնետային կայքում պարբերաբար կտեղադրվեն ՀՀ ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա որոշվող մաքսային արժեքների մեծությունները, բացի այդ կայքում հնարավորություն կընձեռնվի, որպեսզի քաղաքացիները և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները էլեկտրոնային փոստով գրություններ հղեն ՀՀ ՄՊԿ նախագահի պաշտոնակատարին: Փոստն անձամբ է ընթերցվում հասցեատիրոջ կողմից և ընթացքի վերաբերյալ անմիջապես տրվում են հանձնարարականներ. «Ապահովելով անձի գաղտնիությունը, հետադարձ կապով իրազեկվում է ահազանգի հիման վրա իրականացված միջոցառումների մասին: Բացի այդ կամ քաղաքացիները և ԱՏԳ(արտաքին տնտեսական գործունեություն) իրականացնողները անհանգստացնող դեպքի մասին կարող են գրություն հղել ՄՊԿ նախագահի պաշտոնակատարին և նամակը գցել մաքսատներում տեղադրված դիմում-բողոքների և առաջարկությունների արկղը, որը նույնպես անձամբ է ընթերցվում հասցեատիրոջ կողմից»,- հավաստիացրեց Կ.Բեգլարյանը: Այս ամենից բացի, ըստ Կարեն Բեգլարյանի, ՄՊԿ-ի նախագահի պաշտոնակատարի կողմից արդեն իսկ որդերվել է այն քաղաքականությունը, որ շաբաթվա ընթացքում աշխատանքային քննարկումներ են կազմակերպվում ԱՏԳ իրականացնողների հետ, և վերջիններիս կողմից առաջ քաշված հարցերին տրվում է օպերատիվ լուծում կամ դրանք ամփոփվում են` հետագայում ՄՊԿ գործունեության ծրագրերում ներառվելու համար. «ԱՏԳ(արտաքին տնտեսական գործունեություն) իրականացնողները մաքսային օրենսդրության պարզաբանումների համար կարող են ամեն օր դիմել իրենց հաշվառման վայրի մաքսատուն կամ մաքսային կետ: Եթե տրված պարզաբանումը չի բավարարի ԱՏԳ իրականացնողին կամ թերի կլինի, նրանք կարող են դիմել վերադաս մաքսային մարմին: Իսկ յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11-ից մինչև 13-ը, ՄՊԿ-ում հայտարարվել են խորհրդատվության ժամեր»,- նշեց Կ. Բեգլարյանը: Հնարավորինս պարզեցվում և հստակեցվում են նաև մաքսային ընթացակարգերը, իսկ փաստաթղթաշրջանառության ժամանակահատվածը նվազագույնի հասցնելու համար ՄՊԿ նախագահի պաշտոնակատարի կողմից սահմանվել է դիմումների ընթացքն ապահովելու արագացված ընթացակարգ: Կ. Բեգլարյանի խոսքով` քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մաքսային հսկողության մեթոդիկան կազմակերպվի այն սկզբունքով, որ այն լինի աննկատ, բարեխիղճ ԱՏԳ(արտաքին տնտեսական գործունեություն) իրականացնողների համար և բավականին խիստ` մաքսանենգության փորձ կատարողների նկատմամբ: