12 նոյեմբերի 2008
Ինչպիսի՞ պահվածք պետք է ակնկալել մաքսային ծառայողից
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի` նոյեմբերի 7-ի հրամանով հաստատվել են ՀՀ մաքսային ծառայողի էթիկայի կանոնները:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի` նոյեմբերի   7-ի հրամանով հաստատվել են ՀՀ մաքսային ծառայողի էթիկայի կանոնները: Դրանք հիմնվում են այնպիսի հատկանիշների վրա, որոնք են` ազնվությունը, անկողմնապահությունը, օրինապահությունը, կարգապահությունը, ճշտապահությունը, կազմակերպվածությունն ու պատասխանատվության զգացումը:

Մասնավորապես, մաքսային ծառայողը պետք է հրաժարվի կատարել օրենքին հակասող հանձնարարություններ` պահպանելով և բարձրացնելով մաքսային ծառայողի հեղինակությունը, ունենա մասնագիտական բարձր պատրաստվածություն, իր պարտականությունները կատարելիս` չոտնահարի մարդկանց իրավունքները, խուսափի մաքսային ծառայողի վարքագիծը վարկաբեկող հարաբերություններից, չչարաշահի հաստատված գործնական կապերը անձնական նպատակների համար:

Մաքսային ծառայողի Էթիկայի կանոնները ներառում են նաև ծառայողական էթիկայի նորմեր, որոնք  են մաքսային ծառայության ամբողջականության գիտակցումը և սեփական շահերը կազմակերպության շահերին համապատասխանեցնելու պատրաստակամությունը: Մասնավորապես, ծառայողական էթիկայի շրջանակներում, մաքսային ծառայողը պետք է պատասխանատվություն ցուցաբերի կատարված աշխատանքի հանդեպ, չկատարի անօրինական քայլեր, չընդունի անպատասխանատու որոշումներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մաքսային ծառայությունում աշխատանքի վերաբերյալ պատկերացումների վրա, աշխատավայրում թույլ չտա անձնական ընդհարումներ և վեճեր:

Ինչ վերաբերում է գործնական վարվելակերպի կանոններին, ապա  մաքսային ծառայողը պետք է հետևի քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված վարվելակարգի կանոններին և հիշի, որ իր արտաքին տեսքից ու վարվելաձևից հասարակությունը դատում է ոչ միայն իր, այլև մաքսային ծառայության մասին: Մասնավորապես, մասնագիտական պարտականությունները կատարելիս, մաքսային ծառայողը պետք է դրսևորի շրջահայացություն և արհեստավարժություն, պահպանի գործնական ոճ և բարեհամբույր վերաբերմունք:

Մաքսային ծառայողը պատասխանատվություն է կրում էթիկայի կանոնների չպահպանման համար: Էթիկայի կանոնները խախտելու դեպքում մաքսային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ միջոցները`խորհուրդ, բարոյական քննադատություն, ինչպես նաև «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժեր:

Հարկ Է նշել նաև, որ էթիկայի կանոնների պահպանումը հաշվի է առնվում մաքսային ծառայողի գործնական հեղինակությունը գնահատելու ժամանակ:

Մաքսային ծառայողի էթիկայի կանոններին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով կարող եք այցելել www.customs.am կայքը: