28 նոյեմբերի 2008
Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործում` նշանակում է մաքսային գործունեության արդյունավետության շեշտակի բարձրացում
Ռիսկերի վրա հիմնված մաքսային հսկողության համակարգը Հայաստանում պետք է բարելավվի, ավելին` համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին:
Ռիսկերի վրա հիմնված մաքսային հսկողության համակարգը Հայաստանում պետք է բարելավվի, ավելին` համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին:
Այս խնդիրը ներառված է ոչ միայն մաքսային բարեփոխումների մեծ փաթեթում, այլ նաև տեղ է գտել ՀՀ կառավարության գործունեության 2009թ.-ի ծրագրում: Եվ ոչ պատահաբար. ռիսկի կառավարման համակարգի ներդրմանն ու զարգացմանն էական տեղ է տրվում ամբողջ աշխարհում, և հենց այդ ուղղությունն են ընտրել զարգացած բոլոր երկրները:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն այս ուղղությամբ ևս ձեռնարկում է կոնկրետ քայլեր: Հայկական կողմի հրավերով և Եվրահանձնաժողովի աջակցությամբ Հայաստանում են ԵՄ փորձագետները` Նիդերլանդներից` Շակ Բլաաքը և Սլովակիայից` Յարոսլավ Ռեմզան: Նրանք այդ երկրների մաքսային ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր ռիսկերի կառավարման բնագավառում բավականին մեծ փորձ ունեն: Նրանց մասին խոսելով, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը ընդգծել է այն հանգամանքը, որ տվյալ համակարգը կայացնելու ուղղությամբ նրանք էապես աջակցել են մի շարք զարգացած երկրների, որտեղ այն հաջողությամբ գործարկվում է:

«Եթե զարգացած է ռիսկերի վրա հիմնված մաքսային հսկողության համակարգը, ապա այն, միանշանակ, կապահովի մաքսային ոլորտի գործունեության արդյունավետությունը: Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հայտնի փորձագետների աջակցությունը, որպեսզի հայաստանյան մաքսային ծառայությունում ևս այդ համակարգը կատարելագործվի: Ռիսկերի կառավարման համակարգի զարգացումը լուրջ ներդրումներ է պահանջում, և մենք նախատեսում ենք ավելի ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները»,-հայտնել է Ա. Շաբոյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Կոմիտեի նախագահի տեղակալը նաև մատնանշել է այդ համակարգի առավելությունները. «Ռիսկերի կառավարման համակարգ` նշանակում է մաքսային հսկողություն` տարբերակված  մոտեցմամբ. բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար` ավելի մեղմ մաքսային հսկողություն, արագ և պարզեցված մաքսային ձևակերպումներ ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` խիստ հսկողություն, մաքսային իրավախախտումների արագ հայտնաբերում»:

Հայ և օտարերկրյա  գործընկերները մեկ շաբաթ բազմաբովանդակ քննարկումներ են ունեցել. միջազգային փորձագետները նախ ներկայացրել են  ԵՄ երկրների փորձը` ռիսկերի կառավարման համակարգերի վերաբերյալ, ապա լսել հայ մասնագետներին ու տեղեկացել այս ոլորտում հայաստանյան  մաքսային ծառայության առջև ծառացած խնդիրներին:

Մասնավորապես` ռիսկերի կառավարման համակարգի հետ ծանոթանալու նպատակով միջազգային փորձագետները այցելել են «Զվարթնոց» և Արարատյան տարածաշրջանային մաքսատներ, եղել են մի շարք մաքսային պահեստներում:

Շրջելով մաքսատների տարբեր հատվածներում, հոլանդացի փորձագետ Շակ Բլաաքը զարմանքը չի կարողացել զսպել. ընտրողականության համակարգով ձևակերպումներն այստեղ իրականացվում են բրոքերների միջոցով, մինչդեռ իրենց մոտ` Հոլանդիայում, դրանով դեռ տեսուչներն են զբաղվում:  «Հայաստանյան մաքսատներում տեսածս ինձ մտորելու նյութ տվեց. իմ երկիր վերադառնալուն պես անհապաղ քննարկում եմ կազմակերպելու: Կցանկանայի, որպեսզի մեզ մոտ ևս այդ մոտեցումը կիրառվեր: Այն ուղին, որ ընտրել են հայ մասնագետները, բավականին արդյունավետ է»,- իր տպավորություններով հայ լրագրողների հետ կիսվեց հոլանդացի փորձագետը, ով խոստովանել է, որ մաքսատներ այցելելուց առաջ այլ կերպ էր դրանք պատկերացնում:

«Չէի սպասում, որ Հայաստանում մաքսատներն այսքան լավ կազմակերպված են: Այստեղ ես տեսա ավելին, քան պատկերացնում էի: Ակնհայտ է, որ վերջին տարիներին համակարգում լուրջ առաջընթաց է գրանցվել»:

Փորձագետները նկատել են, որ ռիսկի կառավարման համակարգի գործարկումը Հայաստանում բավականին բարձր մակարդակի վրա է. «Տեսնում ենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մասնավոր հատվածը պետք է իմանա, որ դա առաջին հերթին իրենց շահերից է բխում»:

Իր գործընկերոջ հետ համակարծիք է Սլովակիայի փորձագետ Յարոսլավ Ռեմզան: Նրա դիտարկումները ևս մեկ եզրահանգման են բերել` «Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը Հայաստանում սարերի հետևում չէ»:

Այցի արդյունքում ներկայացվել են կոնկրետ առաջարկներ` ռիսկերի կառավարման ոլորտը կատարելագործելու վերաբերյալ: Այդ ուղղությամբ հայ մասնագետները կկազմակերպեն առանձին քննարկումներ: