07 հունվարի 2008
ՀՀ ԿԱ ՄՊԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հարցազրույցը կառավարութան տեղեկատվության ԵՎ հասարակայնության հետ կապերի վարչության «Ձեռագիր» հաղորդաշարին
-Հայաստանի մաքսային ծառայությունն առաջիկա հինգ տարիներին առաջնորդվելու է նորերս մշակված մաքսային վարչարարության ռազմավարության նախանշումներով: Նախ, պարոն Խաչատրյան, խնդրեմ ներկայացնեք ռազմավարության առանցքային սկզբունքները:
-Հայաստանի մաքսային ծառայությունն առաջիկա հինգ տարիներին առաջնորդվելու է նորերս մշակված մաքսային վարչարարության ռազմավարության նախանշումներով: Նախ, պարոն Խաչատրյան, խնդրեմ ներկայացնեք ռազմավարության առանցքային սկզբունքները:

-Ինչպես գիտեք, մաքսային և հարկային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ ՀՀ նախագահի կողմից տրված են խիստ հանձնարարականներ և սահմանված են կոնկրետ ժամկետներ, որի համատեքստում էլ մաքսային մարմինները` գնահատելով իրենց հնարավորություններն ու առկա իրողությունները, նախանշել են համակարգի 2008-2012 թթ գործունեության թվով յոթ հիմնական սկզբունքները: Առաջինը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների միջև մաքսային բեռի առավել հավասարաչափ բաշխման ապահովումն է, երկրորդը` կադրերի արդյունավետ կառավարման ապահովումը, երրորդը` համակարգում կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, չորրորդը` ինքնահայտարարագրման գործընթացի ընդլայնումը, որին սերտորեն առնչվում է նաև հաջորդ գերակայությունը` մաքսային ընթացակարգերի պարզեցումը, վեցերորդը` սերտ համագործակցության ապահովումն է բոլոր այն մարմինների հետ, որոնց գործունեությունն առնչվում է մաքսային մարմինների գործառույթներին, և ի վերջո յոթերորդ գերակայությունը` համակարգի տեխնիկական հագեցածության բարձրացումն ու վերազինման ապահովումն է լինելու: Ի դեպ, այս սկզբունքների հիման վրա, կոմիտեն արդեն իսկ նախանշել է այս տարվա համար երեք հիմնական գերակայությունները` ինքնահայտարարագրման և ներքին տարանցիկ բեռնափոխադրումների շղթայի ամբողջական կանոնակարգումը, մաքսային գործի ընթացակարգերի և փաստաթղթաշրջանառության նվազեցումը, ինչպես նաև կառուցվածքային փոփոխությունները: 

-Փորձենք առավել հանգամանալից անդրադառնալ ներկայացված գերակայություններին ու, թերևս առաջինը խոսենք ոլորտին առնչվող տնտեսվարողների միջև մաքսային բեռի հավասարաչափ բաշխման մասին: Ինչպիսի՞ մոտեցումներով է ապահովվելու դա: 

-Նախ և առաջ խիստ հետևողական ենք լինելու ձեռնարկատիրական գործառույթներում պետական ծառայողների հովանավորչությունը բացառելու և մեկընդմիշտ արմատախիլ անելու հարցում: Բացի այդ, անհրաժեշտ է ձևավորել հստակ և պարզ օրենսդրական դաշտ, ինչը կբացառի դրանց երկակի մեկնաբանումները: Հաջորդը քայլը, որ նախատեսվում է այս համատեքստում, տարիներ շարունակ օրինակելի վարկ ունեցող հարկատուների պետական պաշտպանվածությունն ապահովելու մասով է, որի նպատակով արդեն իսկ սկսվել են որոշակի քայլերի իրականացում, այդ թվում նաև մաքսային պետական կոմիտեի ինտերնետային կայքում տեղադրելով այն բոլոր գործառույթների և դրանց շրջանակում իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը, որը թույլ է տալիս թե’ գործարարներին և թե’ հասարակությանը վերահսկելու մեր աշխատանքը: Առանձնակի կարևորում ենք նաև մաքսային արժեքների մեծությունների որոշման խնդիրը, քանի որ հիմնականում հենց դրանով է պայմանավորվում տնտեսավարողների համար հավասար դաշտի ապահովումը: Ըստ այդմ, կայքում հրապարակել ենք կողմնորոշիչ չափանիշները, ինչը լավ հնարավորություն է ընձեռում գործարարների հետ շատ որոշակի հարցերի շուրջ տանելու քննարկումները: Պետք է նաև նկատեմ, որ որոշ չափորոշիչների դեպքում դժվար է որոշակի մեծություն սահմանելը, քանի որ միջազգային շուկայում դրանց մաքսային արժեքները շատ արագ են փոփոխվում, ուստի քննարկում ենք, թե ինչպես դրանք կանոնակարգենք: Ըստ այդմ, արդեն մեկ ամիս է աշխատանքներ ենք տանում գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքը որոշելու չափանիշ սահմանելու ուղղությամբ, ինչը հենց տնտեսավարողների համար լավագույն ձևը կլինի օրինական դաշտում` իրական հաշիվ-ապրանքագրերով աշխատելու համար: Մեր հիմնական նպատակը մաքսային վարչարարությունն ուժեղացնելով, այնուամենայնիվ, գործարար շրջանակի համար աննկատ մնալն է: Ասել կուզի, թե տնտեսավարողին անընդհատ կասկածելով ու այդ կասկածի մթնոլորտը խորացնելով հնարավոր չի լինի որևէ շոշափելի արդյունքի հասնել, ուստի պետք է խթանենք փոխադարձ վստահությունը և թույլ տանք, որ յուրաքանչյուր տնտեսավարող կազմակերպություն` առանց որևէ խոչընդոտի և իր անբասիր աշխատանքով, կարողանա ստեղծել իր համբավը, իմիջը:   

-Պարոն Խաչատրյան, հետաքրքիր է, թե ի՞նչ սկզբունքով են սահմանվելու մաքսային արժեքների մեծությունները և որքանով դրանք կնպաստեն գործարար միջավայրի բարելավմանը:  

-Ինչ վերաբերում է մաքսային արժեքների մեծությունների որոշմանը, այդ մասով շատ է խոսվում բացարձակ հավասարություն ապահովելու մասին, սակայն դա, եթե մաքսային գնահատման լեզվով դիտարկելու լինենք, ապա կհասնենք նրան, որ բացարձակ անհավասարության հավասարություն կստեղծենք, ինչը միանշանակ անընդունելի է: Մաքսային արժեքի գնահատման վեց մեթոդ գոյություն ունի, որոնցում առանձնակի կարևորվում է մատակարարման պայմանները: Այսինքն, եթե մեծ խմբաքանակով է ներկրվում ապրանքը, ապա բնական է, որ ներկրողն այն անհամեմատ ցածր գնով ձեռքբերած կլինի, քան այն ներկրողը, որը միևնույն ապրանքը ներկրում է փոքր քանակությամբ: Ընդ որում, ոչ երկրորդական նշանակություն ունի նաև ներկրվող ապրանքի գնման վայրը, քանի որ նույն ապրանքը ասենք Չինաստանում այլ արժեք ունի, իսկ Գերմանիայում կամ ԱՄՆ-ում լրիվ այլ: Ու եթե տվյալ ապրանքն ունի մատակարարման տարբեր պայմաններ, ասենք տրանսպորտային բեռնափոխադրման, բեռնման ու բեռնաթափման կամ ապահովագրման, այստեղ այն չի կարող ունենալ մաքսազերծման նույն արժեքը: Սակայն սա չի նշանակում, թե մենք հակասում ենք մեր հայտարարած հավասար պայմաններ ապահովելու նախանշումից: Հնարավորին հավասարությունն անպայման ապահովելլու է և հենց դրան էլ միտված է անխտիր բոլոր ձևակերպումները մեր ինտերնետային կայքում հրապարակելու նախաձեռնությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա անձամբ տեսնել ու համադրել տվյալները: Ի դեպ, տեղադրել ենք նաև 2008-ի առաջին չորս ամիսների բոլոր գործարքների ձևակերպումները, ինչը, նկատենք, աշխարհի շատ երկրներում չի արվում, սակայն մենք մեր ռիսկով սա արել ենք, որպեսզի հասարակությունն ամբողջությամբ տիրապետի իրականացվող գործարքների մանրամասներին: Դեռ ավելին, նախորդ շաբաթ հրապարակել ենք նաև ընթացիկ բեռնափոխադրումների ցանկը, այսինքն ՀՀ սահմանը հատող բոլոր տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը: Ընդ որում, այն յուրաքանչյուր նմանատիպ մուտքի ժամանակ թարմացվում է ու կայքում հստակ երևում է, թե որ կազմակերպության մեքենան, որ ժամին հատեց ՀՀ սահմանը: Կարծում եմ կհամաձայնեք, որ սա նաև մաքսանենգության դեպ պայքարի արդյունավետ միջոց է, քանի որ ապահովվում է ինչպես հարկային մարմինների հետ կապը, այնպես էլ անհրաժեշտ հրապարակայնությունը: Վերջին հաշվով, սա նաև լավ եղանակ է, որպեսզի տնտեսավարողը հստակ իմանա, թե իր տրանսպորտային միջոցը որ մաքսակետից և որ ժամին է հատել սահմանը և որ մաքսային պահեստ է ուղևորվում բեռը: 

-Պարոն Խաչատրյան, շատ է չարչրկվում նաև ներմուծվող ապրանքների հաշիվ-ապրանքագրերի հավաստիության խնդիրը, ուստի պիտի խնդրեմ նաև այս մասով որոշակի պարզաբանումներ տաք: 

-Եթե ներկրողը ներկայացնում է հաշիվ-ապրանքագիր, որի վրա առկա է արտահանող երկրի մաքսային ծառայության հավաստակնիքը, բնական է, մենք այն հիմք ենք ընդունում: Սակայն ունենք ռիսկային երկրներ և ռիսկային ապրանքախմբեր, որից ելնելով էլ կայացվում են համապատասխան վճիռները: Բերեմ կոնկրետ օրինակ` Արաբական Միացյալ Էմիրություններից ներկրվող հաշիվ-ապրանքագրերի մասով: Այդ երկրում գործում են 16 ազատ տնտեսական գոտիներ, որոնցում կատարվող առք ու վաճառքի գործարքների տվյալները անգամ իրենց երկրի մաքսային ծառայություններին հավատ չեն ընծայում, շատ դեպքերում նրանք նույնիսկ չեն էլ տիրապետում այդ տվյալներին: Ու եթե հաշիվ-ապրանքագրերը այդ սահմանը չեն հատում, բնական է, որ մեզ մոտ էլ պետք է համարժեք կասկածի տեղիք տան: Սակայն այսպիսի դեպքերի համար էլ կա շուկայական մեթոդաբանությունը, որով էլ առաջնորդվում է մաքսայինը, այսինքն, օգտվում ենք միջազգային հատուկ մասնագիտացված ինտերնետային կայքերից, որոնցում ֆիքսված են շատ ապրանքների միջազգային շուկայական արժեքները: Լինում են նաև բազմաթիվ առարկելի հարցեր, որոնց դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում պետական կոմիտեին, որտեղ արդեն ստեղծված են համապատասխան խմբեր, որոնք ըստ էության վերլուծում են առարկությունները, ընդ որում նկատենք, որ այդ խմբերը ստեղծվել են տարբեր վարչությունների կազմերում ու հենց այն նպատակով, որպեսզի բացառվի որևէ սուբյեկտիվ մոտեցում կամ հովանավորչության դրսևորում: Ինչևէ, ներկայացված դիմումները մանրակրկիտ քննարկվում են այդ բոլոր խմբերում և հնարավորին կարճ ժամկետում կայացվում են համապատասխան որոշումները: Եվ ի վերջո, ամենակարևորը, մեր ինտերնետային կայքում տեղադրված են մոտ 30 հազար ապրանքների կողմնորոշիչ չափանիշները, որոնց տնտեսավարողը հնարավորություն ունի ծանոթանալ մինչև ապրանքի ներկրումը: Ընդ որում, շատ ապրանքների կողմնորոշիչ չափանիշները ներկայացված են ըստ ծագման երկրի, որոշ ապրանքախմբեր նույնիսկ մոդելներով: Այս գործընթացը շարունակելու ենք ու շուտով կայքում կտեղադրենք նաև ռիսկային երկրների մասով կատարած վերլուծության արդյունքները: 

-Չշրջանցենք նաև մաքսային ընթացակարգերի պարզեցման կարևորումը: Կոնկրետ ի՞նչ քայլեր են արվելու: 

-Տարբեր գործառույթներում դրանք տարբեր են: Արդեն իսկ կրճատել ենք երեք փաստաթուղթ, որի արդյունավետությունը նախ և առաջ զգալու են հանրապետություն մուտք գործող քաղաքացիները: Ըստ այդմ, կրճատել ենք մաքսավճարի գանձման հանձնարարագիրը, որն այժմ կատարվում է բանկերում` գանձապետական մուծումների տեսքով, իսկ առաջիկայում էլ կառավարություն կներկայացնենք կառավարության որոշման փոփոխության նախագիծ, որով ևս երկու պարտադիր փաստաթղթեր կկրճատվեն, այդպիսով ապահովելով մաքսային ձևակերպումների վրա ծախսվող շատ որոշակի ժամանակի խնայողություն, ինչն անչափ կարևոր է թե’ սահմանը հատող քաղաքացիների, և թե’ մաքսային մարմինների համար: Հաջորդ քայլը կլինի մաքսակետերում «կանաչ» և «կարմիր» գոտիների ներդրումը, որը թույլ կտա, մասնավորապես, հանրապետություն մուտք գործող բոլոր այն քաղաքացիներին, որոնք ոչինչ չունեն հայտարարագրելու, առանց այլևայլությունների սահմանը հատել կանաչ ուղիով: Ընթացակարգերի պարզեցման առումով մյուս քայլը վերաբերում է միջազգային բեռնափոխադրումների գործընթացին: Գիտեք, որ Հայաստան ներմուծվող ապրանքների համար մաքսային կետում լրացվում են փոխադրման ամփոփագրեր, սակայն շուտով այլևս կհանվի այդ պահանջը, ինչը կթեթևացնի մաքսային կետերի ծանրաբեռնվածությունն ու կկրճատի հերթերը: Հաջորդ կարևոր քայլն արդեն իսկ կատարել ենք, խոսքը կենտրոնական գանձապետարանի ծրագրին մաքսային և հարկային մուտքերի ստացման գործառույթի միացման մասին է, որի շնորհիվ մաքսային մարմինները վճարված հանձնարարագրերն անմիջապես տեսնելու հնարավորություն են ստացել, ինչի արդյունքում էլ արվում են համապատասխան ձևակերպումները: Սա ևս ժամանակի խնայման բավականին արդյունավետ միջոց է: Մեզ համար այսօր խիստ կարևոր է զննման ընթացակարգերի հստակեցումը և երբ մենք կատարենք կառուցվածքային փոփոխություններ ու ձևակերպումների գործառույթը գնահատենք ռիսկերի ամբողջական հենքով, այդժամ հանրությունը շատ արագ կզգա բարեփոխումների դրական արդյունքը: Նախատեսում ենք կառուցվածքային փոփոխություն, որը կբերի գործառույթների փոփոխության, որով կկանոնակարգենք նաև ՀՀ-ի ներսում ներքին տարանցիկ բեռնափոխադրումները: Սա շատ կարևոր է, քանի որ այսօր Հայաստան մուտք գործող տրանսպորտային փոխադրամիջոցը, որի վրա առկա է բեռնարկղ, օրենսդրական բացի պատճառով առանց դրա ՀՀ տարածքում տեղաշարժվելու իրավունք չունի, ինչն իր հերթին կոպտորեն խախտում է տրանսպորտային լիցենզիա տրամադրելու ՀՀ կարգը: Նախատեսված փոփոխությունը կատարելով այդպիսի տրանսպորտային փոխադրամիջոցներին առանձին մուտք ու ելքի հնարավորություն կտանք` նույն սկզբունքը տարածելով նաև բեռնարկղերի վրա: Այդ նպատակով Մեղրիի մաքսակետում շուտով կշահագործենք բեռնային համալիրը, որտեղ և կտեղավորեն բեռնարկղը: Այս քայլի հիմքում նաև բիզնեսի ավելորդ թանկացումը կանխելու նպատակ է դրված, որը վերը նշված մնացած բոլոր քայլերի համալիր ներդրման արդյունքում առավել տեսանելի ու շոշափելի կդառնա հասարակության համար: Ի դեպ, խնդիր է դրված հնարավորին կարճ ժամկետում նմանատիպ բեռնային համալիրներ կառուցել նաև մյուս մաքսակետերում: Ոչ երկրորդական է այստեղ նաև ռիսկայնության ճիշտ գնահատումը, քանզի երբ ամբողջությամբ, այդ թվում նաև հարկային մարմինների կամ, ինչու չէ, այլ կազմակերպությունների ունեցած տեղեկությունների հիման վրա վերլուծենք ամբողջ դաշտը, ապա բոլոր այն տնտեսավարող կազմակերպությունները, որոնք կառանձնանան իրենց տարիների օրինակելի վարկով, անպայման հաշվի կառնվի այդ հանգամանքն ու նրանց կողմից ներկրած ապրանքները կանցնեն «կանաչ» գոտիով, ինչն իր հերթին կթեթևացնի զննման երկարուձիգ գործընթացը:

-Կարծում եմ ընթացակարգերի պարզեցման համատեքստում է նաև ռազմավարական մյուս գերակայությունը` ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնումը: Նկատենք, պարոն Խաչատրյան, որ այս գործառույթի մասով, որն արդեն իսկ սկսել է կիրառվել, որոշ ասեկոսեներ են պտտվում, թե իբր ըստ այդմ նախատեսվող մաքսային միջնորդների, այսինքն բրոքերների, ինստիտուտի ներդրումը կոռուպցիայի քողարկման նպատակ է հետապնդում: Խնդրեմ Ձեր հիմնավոր հակադարձը:

-Տարիներ շարունակ հայտարարագրման պրոցեսը մաքսային մարմիններն են կատարել, ինչը մաքսային օրենսգրքի համաձայն մեր գործառույթը չէ: Այժմ հնարավորություն ենք ընձեռել, որպեսզի տնտեսավարողներն իրենց գրասենյակներից հայտարարագրեն ներկրված ապրանքները: Սա աշխարհում ընդունված կարգ է: Ի դեպ, գիտենք նաև, որ այս գործառույթի ներդրումը ցավոտ կընդունվի, թեկուզև այն պարզ պատճառով, որ շատ տնտեսավարողներ չեն տիրապետում կոմպյուտերային տեխնիկային և մշտապես ձևակերպումներն իրականացրել են միջնորդավորված: Հիմա մենք այլևս գործընթացից հանում ենք այդ առանձին միջնորդներին և ներդնում ենք միջնորդ կազմակերպությունների, այսինքն բրոքերների ինստիտուտը: Մեկ բան հստակ է, այս գործընթացն այլևս անդառնալի է և հարկ է, որ բոլորը ընդունեն խաղի այս կանոնները: Ընդ որում, նկատենք, որ այս փուլում մեր աշխատակիցներն անտրտունջ օգնում են հայտարարագրողներին, որպեսզի նրանք սովորեն ճիշտ լրացնել հայտերը: Անկեղծ ասած, տարօրինակ է նման ասեկոսեների տարածումը, հատկապես հաշվի առնելով, որ հստակ սահմանվում է, եթե չես ուզում օգտվել բրոքերների ծառայությունից, ապա ինքդ լրացրու քո հայտարարագիրը, ոչ ոք դա չի արգելել ու երբեք էլ չի արգելի: Գիտեք, ավելի շատ հակված եմ մտածել, որ նմանատիպ հերյուրանքներ տարածողները բացարձակապես չեն տիրապետում այս գործառույթի իրականացման մանրամասներին, այլապես տարօրինակ է, թե ինչու պետք է ինքնահայտարարագրման իրավունք ունեցողը մտածի, թե իրեն պարտադրում են բրոքերի ծառայություն, որպեսզի քողարկեն կոռուպցիան, ուղղակի անհեթեթություն է: Այս քայլով, ընդհակառակը, կնվազի կոռուպցիոն ռիսկը: Ինչևէ, մեկ բան հստակ է, մաքսային մարմինն այլևս չի իրականացնելու այդ գործառույթը:

-Պարոն Խաչատրյան, քանի որ սկզբում նաև նշեցիք, որ նախատեսվում է համակարգի արդիականացում և տեխնիկական վերազինում, կխնդրեմ առավել հանգամանալից ներկայացնել, թե հատկապես ի՞նչ է սա ենթադրում:

-Առաջին հերթին ցանկանում ենք ունենալ կառավարման կենտրոնական համակարգ, որը մեկ կետից թույլ կտա վերահսկել հանրապետություն մտնող կամ ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների և բեռնափոխադրումների շարժը: Սա, ի դեպ, հարկային մարմինների հետ համագործակցության եզրերից մեկն է նաև: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են և հուսով եմ, որ ոչ ուշ ապագայում այն կդառնա իրականություն: Վերը նշեցի, որ արդեն աշխատանքներ ենք սկսել նաև մաքսակետերում բեռնային համալիրներ կառուցելու ուղղությամբ և ըստ այդմ մեզ անհրաժեշտ են լինելու նաև սկաներներ, որպեսզի արագացվի նաև զննման գործընթացները, ու հատկապես տուրիստական բեռների պարագայում, քանի որ, գիտեք, այդ բեռների փաթեթավորումն այնպիսին է, որ դրանց զննման ամենաարդյունավետ եղանակը հենց սկաներով կատարված զննումն է: Գիտեք նաև, որ Մեղրիի և Բագրատաշենի մաքսակետերում արդեն իսկ տեղադրված են ռենտգեն սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամանակում ամբողջությամբ զննել բեռնարկղի պարունակությունը: Բայց այստեղ ունենք կադրային լուրջ խնդիրներ, որոնք լուծելու նպատակով բանակցություններ ենք վարում այն երկրների հետ, որտեղ տեղադրված են այդպիսի սարքավորումներ, որպեսզի մեր աշխատակիցներին գործուղենք համապատասխան ուսուցում ստանալու: Եվ վերջինն ու ամենակարևորը, որ նպատակադրվել ենք անցում կատարել էլեկտրոնային հայտարարագրման սկզբունքին, որն այլևս միջազգային սկզբունք է: Այս առումով խնդիր ունենք էլեկտրոնային ստորագրության շրջանառության մեջ դնելու հետ կապված, ուստի մի փոքր զգուշավոր ենք որոշակի ժամկետ նախանշելու հարցում: Ինչ կտա սա: Ենթադրենք ՌԴ-ում ձևակերպվում է դեպի ՀՀ արտահանվող բեռ, դրա մասին ամբողջ տեղեկությունն անմիջապես, ինտերնետային կապի միջոցով, կարտացոլվի ՀՀ մաքսային պետական կոմիտեում: Սա այլևս կվերացնի ներկրողից որևէ փաստաթուղթ պահանջելու պրակտիկան, ինչը և’ ժամանակի արդյունավետ տնօրինման, և’ բիզնեսն ավելի արդյունավետ կառավարելուն կբերի: Նախնական փուլում այս գործընթացը կսկսենք ԱՊՀ մեկ կամ երկու երկրների հետ համագործակցությունով, այնուհետ կընդլայնենք և կավելացնենք գործընկերային հարաբերությունների աշխարհագրությունը: Անշուշտ, այս ամենի համատեքստում խիստ կարևոր է կադրերի արդյունավետ կառավարման ապահովումը, որի նպատակով կնախաձեռնենք դասընթացներ ինչպես մեր ուսումնական կենտրոնում, այնպես էլ միջազգային մասնագիտացված լավագույն ուսումնական հաստատություններում: Հաջորդը, կանցկացնենք ատեստացիաներ, որի արդյունքում բոլոր այն կադրերը, որոնք չեն համապատասխանի այսօրվա առաջադրած պահանջներին, համակարգից կհեռացվեն: Որոշ դեպքերում, երբ կլինի համապատասխան ցանկություն և կամք, հնարավորություն կընձեռենք, որպեսզի այդ կադրերը վերապատրաստվեն ու վերաորակավորվեն, հատկապես հաշվի առնելով, որ մաքսային ծառայությունն իր որոշակի յուրահատկություններն ունի և մաքսավոր դառնում են նաև աշխատանքային պրակտիկայի արդյունքում, ուստի այդ գործընթացները պետք է հնարավորին այնպես կազմակերպենք, որպեսզի համակարգն ավելորդ ցնցումներից զերծ պահենք: Բայցև սա չի նշանակում, որ միայն առկա կադրերի վերապատրաստմամբ ենք զբաղվելու, ասեմ, որ նախատեսում ենք նաև լուրջ կադրային համալրումներ կատարել համակարգում: Այս ամենին զուգահեռ շատ կարևոր է նաև վերահսկողության մեխանիզմների ձևավորումը, որի համատեքստում նախ բոլոր մաքսակետերում տեղադրելու ենք տեսանկարահանող սարքեր, որոնք թույլ կտան օն-լայն ռեժիմով պետական կոմիտեից վերահսկել մաքսակետերում կատարվող անցուդարձը: Եվ ամենակարևորը, մենք ունենք ներքին աուդիտի վերահսկողության վարչություն, որի աշխատանքները` կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, նախատեսում ենք դարձնել առավել հեշտ կառավարելի և վերահսկելի: Եվ ի վերջո, հաշվի առնելով, որ այժմ կոմիտեի կայքում տեղադրված է համակարգին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, այլևս գործընթացները վերահսկելի է նաև հանրության կողմից, ինչը, թերևս, ամենակարևոր գրավականն է, որ հետևողականորեն կյանքի կոչվեն բոլոր նախանշումները: