22 ապրիլի 2010
Պետական Եկամուտների Կոմիտեն պարզաբանում է
"Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամի" կողմից /տնօրեն Բաբկեն Վարդանյան/ 2009թ.-ի հունվարի 16-ի թիվ 760 ԲՀԿ-ով ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով 365-օրյա ժամկետով հատարարագրվել է հումանիտար բեռ` 2մլն 48 8602 դրամ մաքսային արժեքով:
Ի պատասխան "Առավոտ" օրաթերթի` ապրիլի 21-ի "Մաքսայինը` բարեգործականի դեմ" հրապարակման, հարկ ենք համարում տեղեկացնել, որ "Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամի" կողմից /տնօրեն Բաբկեն Վարդանյան/ 2009թ.-ի հունվարի 16-ի թիվ 760 ԲՀԿ-ով ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով 365-օրյա ժամկետով հատարարագրվել է հումանիտար բեռ` 2մլն 48 8602 դրամ մաքսային արժեքով: Նշենք, որ "Մաքսային օրենսգրքի" 37-րդ հոդվածի համաձայն, ժամանակավոր ներմուծում ռեժիմը կարգավորում է ապրանքի հետագա արտահանման պայմանով ապրանքների ներմուծումը ՀՀ մաքսային տարածք: Սակայն, սահմանված ժամկետում Բ. Վարդանյանն օրենքով նախատեսված պարտավորությունը չի կատարել եվ բեռն այլ ռեժիմով չի վերահայտարարագրել, ավելին, մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքն առանց մաքսային մարմնի թույլտվության օտարել է: Այդ իսկ պատճառով Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի` 16.02.2010թ. թիվ 132 որոշմամբ Բ. Վարդանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանվելով ապրանքի մաքսային արժեքի չափով` 2 մլն 488 602 դրամով: Նշենք նաև, որ այդ բեռը ՀՀ կառավարության կողմից բարեգործական չի ճանաչվել:

Ինչ վերաբերում է հրապարակման հեղինակի այն դիտարկմանը, որ ֆիզիկական անձի գույքի վրա արգելանք դնելն անօրինական է, հարկ ենք համարում իրազեկել, որ ՄՕ 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ֆիզիկական կամ պաշտոնատար անձինք են ենթարկվում վարչական պատասխանատվության, հետևաբար, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք է դրվում նշված անձանց գույքի վրա:

Տեղեկացնենք նաև, որ այս փաստի առնչությամբ ներկայում նյութեր են նախապատրաստվում ՊԵԿ քննչական վարչությունում: